Ինչպե՞ս է Աստված քեզ դարձնում Իր գլուխգործոցը
Շատ հավատացյալներ իրենք իրենց պակաս են տեսնում, բայց Աստված ձևավորում, կերտում և դարձնում է մեզ Իր գլուխգործոցը՝ յուրահատուկ ու տարբերվող:
Իմ սեփական աչքերով եմ տեսել՝ ինչպես է Աստված կործանում պատնեշները, որ մենք չենք կարողանում քանդել և հողին հավասարեցնում առանձնացնող պատերը, որ մեր մեղքերն են կառուցել մեր և Իր միջև:
Ես փառք եմ տալիս Աստծուն, որ կարողացավ կենդանացնել իմ հոգին, որ կենդանի լինեմ թե՛ Իր, թե՛ մյուսների համար: Նա ամեն օր նորացնում է իմ միտքը աղոթքների ու Իր Խոսքի միջոցով, որ ավելի քիչ նմանվեմ աշխարհին: Ես կարիք ունեի, որ Աստված փոխպատվաստեր իմ սիրտը, քանի որ այն շատ չար էր:
Եվ եկե՛ք տեսնենք Եզեկիելն ինչ է ասում. «Եվ ձեզ նոր սիրտ եմ տալու ու ձեր ներսում նոր հոգի եմ դնելու և ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտն ու ձեզ մարմնեղեն սիրտ եմ տալու» (Եզեկիել 36.26): Ծայրահեղ խնդիրները ծայրահեղ լուծումներ են պահանջում, բայց Աստված կարող է դա անել:
Այսքանից հետո կարո՞ղ եմ ես ինձ պատիվ վերագրել այն ամենի համար, ինչ Աստված է արել իմ մեջ: Իհարկե', ո'չ: Կարո՞ղ է գլուխգործոցը պարծենալ իր գեղեցկությամբ: Ո'չ, քանի որ ամբողջ պատիվը, փառքը պատկանում է Ստեղծողին, այլ՝ ոչ թե ստեղծվածին: Սուրբ Գիրքն ասում է. «Մենք Նրա ձեռքի գործն ենք, Քրիստոս Հիսուսով բարի գործերի համար ստեղծված, որոնց Աստված նախապես պատրաստեց, որ նրանց մեջ քայլենք» (Եփեսացիս 2.10): Այսպիսով՝«Եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նա նոր արարած է: Հներն անցան, և ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17):
Ինչպես ցանկացած գլուխգործոց, այնպես էլ մենք, պահանջում է շատ ժամանակ ու ջանք, բայց մեր Վարպետը երբեք չի հանձնվում մեր մեջ գլուխգործոց ստեղծելու գործում: Նա գործը չի կանգնեցնի մինչև մեր վերջին շունչը կամ Քրիստոսի վերադարձը: Մինչ այդ օրը Աստված կձևավորի, կկերտի ու մեզ կդարձնի Քրիստոսի նման, որը յուրաքանչյուր հավատացյալի բարձր վարկանիշն է: Մեր Վարպետը ծայրահեղ փոփոխություններ է կատարելու մեր մեջ, բայց եթե չվստահենք Քրիստոսին, մեր անունը չի գրվի Կյանքի գրքում և մեզ համար ամեն բան շատ վատ կվերջանա.
«Եվ ահա փոքր և մեծ մեռելներ, որ կանգնած էին Աստծո առջև, և բացվեցին գրքերը, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, այսինքն՝ Կենաց գիրքը, և այդ գրքերում գրվածներով մեռելները դատվեցին՝ իրենց գործերի համեմատ… և ով Կենաց գրքում գրված չէր, կրակի լիճը գցվեց» (Հայտնություն 20.12-15):
Եթե դեռ չես ապաշխարել, ապա այսօր հավատքդ դիր Հիսուս Քրիստոսի վրա: Բարեկա՛մս, հենց հիմա է փրկության ամենաճիշտ ժամանակը: Ո՞վ գիտի, թե վաղվա օրը կգա՞ իր համար: Առանց Քրիստոսի մահանալը նշանակում է հավիտյան դատապարտված լինել: Իմ խորհուրդն է, որ վստահես Քրիստոսին այսօր, երբ դեռ «այսօր» է:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ whatchristianswanttoknow.com