Ինչպե՞ս առավելագույնն օգտագործել ունակությունները
Բոլորս ունենք «չօգտագործված» կարողություններ: Գուցե՞ դու դեռ չես հստակեցրել քո Աստվածատուր ունակությունները: Կամ գուցե՞ դու ունես ունակություններ, որոնք անտեսել ես կյանքի հանգամանքների բերումով:
Բայց Աստված հստակ նպատակով քեզ է տվել այդ ունակությունները. Նա ուզում է, որ դու դրանք օգտագործես Իրեն և ուրիշներին ծառայելու համար: Գոյություն ունի երեք եղանակ, որոնցով դու կարող ես սկսել գործածել քո ունակություններն Աստծո փառքի համար:
1. Ցուցակագրի՛ր քո ունակությունները
Կազմի՛ր ցուցակ, թե որ կարողություններումդ ես դու լավ ինքնադրսևորվում։ Այսօրվա երիտասարդներին ես ցանկանում եմ ասել, որպեսզի նախապատրաստվեն գալիք ապագային՝ իմանալով իրենց ուժեղ և թույլ կողմերը: Հաշվի առեք այն հնարավորությունները, որոնք Աստված է ձեզ տվել: Եթե խնդիրներ ունեք ձեր կարողությունները ճանաչելու հարցում, օգնություն խնդրեք ձեր մտերիմներից:
2. Նվիրաբերի՛ր քո ունակությունները
«Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը» (Հռոմեացիներ 12.1): Ասա՛ Աստծուն. «Դու ես ինձ շնորհել այս ունակությունները: Հիմա ես դրանք հանձնում եմ Քեզ: Ես ուզում եմ դրանք օգտագործել այն նպատակի համար, որի համար դրանք տրվել են ինձ»:
3. Զարգացրո՛ւ քո ունակությունները
Սա նշանակում է կատարելագործում և զարգացում: Ցանկացած ունակություն, որն Աստված է քեզ տվել, կարող է կատարելագործվել օգտագործման միջոցով: Ժողովող 10.10-ում ասվում է. «Եթէ կացինը բթացել է, եւ նա չ’սրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է»:
Աստված հսկայական ներդրումներ է կատարել քո մեջ: Նախ՝ Նա ստեղծել է քեզ: Երկրորդ՝ Նա քեզ կազմավորել է հոգևոր պարգևներով և եզակի անհատականությամբ: Եվ որ ամենակարևորն է՝ Նա ուղարկել է Հիսուսին քեզ համար խաչվելու:
Աստված անհավանական ներդրում է կատարել քո կյանքում: Եվ Նա ակնկալում է ներդրման վերադարձ: Նա մի օր հարցնելու է քեզ. «Ինչպե՞ս վարվեցիր քեզ տրված շնորհների հետ: Ինչպե՞ս օգտագործեցիր դրանք՝ Ինձ պատվելու, ուրիշներին ծառայելու, ապրուստ վաստակելու և օրինակ լինելու համար»:
Հիսուսն ասում է. «Երանի այն ծառային, որ իր տէրը՝ երբոր գայ, այնպէս անելիս գտնէ նորան» (Ղուկաս 12.43):
Աստված ուզում է օրհնել քո կյանքը: Երբ Աստված նայում է քեզ, ուզում է տեսնել, որ դու օգտագործում ես քո ունակություններն այնպես, ինչպես Նա է նախատեսել:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com