Իմ մեջ խաղաղություն կունենաք...
Այս բաները ձեզ հետ խոսեցի, որ Իմ մեջ խաղաղություն ունենաք:
Հովհ. 16.33
Մեծ տարբերություն կա երջանկության եւ օրհնության մեջ: Պողոս առաքյալը բանտի, ամենածանր զրկանքների, ցավերի եւ տառապանքների մեջ խաղաղ էր: Բոլոր երանելությունները իր սիրտն ու հոգին էին լցնում խիստ դժվար պարագաների մեջ:
Մեծ ջութակահար Պագանինին մեկ անգամ բեմ էր բարձրացել նվագելու համար: Հազիվ էին դադարել ժողովրդի ծափահարությունները, երբ նա մի հայացք նետեց իր ջութակի վրա եւ նկատեց, որ այն իր աժեքավոր եւ նշանավոր ջութակը չէր: Մի պահ ապշեց, բայց հետո իրականությունը հայտնեց ժողովրդին, ավելացնելով. «Տիկնայք եւ պարոնայք, հիմա պետք է ապացուցեմ, որ մեղեդին ոչ թե ջութակի մեջ է, այլ հոգու»: Եվ սկսեց նվագել, ու այդ հնամաշ ջութակի վրա այնպե՛ս նվագեց, որ բոլոր ունկնդիրների հոգիները ցնցվեցին խորունկ եւ մեծ հիացմունքով: Եվ սրահը միանգամից թնդաց որոտընդոստ ծափերով: Վարպետը կարողացել էր ցույց տալ, թե իրապես նվագը գործիքի մեջ չէ, այլ հոգու:
Դու էլ, ո՛վ դառնորեն փորձվող հոգի, երբ քայլում ես աշխարհի բեմի վրա, երկնքին եւ երկրին ցույց տուր, որ քո երգը ու ուրախությունը չեն գտնվում կյանքիդ պայմանների, շրջապատիդ, կամ տեսանելի բաների մեջ, այլ քո մեղեդին հոգուդ մեջ է, որ Տերդ՝ Ինքն է դրել այնտեղ:
Երբ հոգիդ լի է Տերոջ շնորհած խաղաղությամբ, դու պիտի շարունակես երգել անձրեւի եւ փոթորիկի, ցավի եւ տառապանքի մեջ ավելի անուշ ու քաղցր, քան երբեւէ: Չարլզ Ֆ. Ռիչըրդսըն
«Վտակներ անապատի մեջ» գրքից