• Ամեն մարդ հակված է ինքնախղճահարության: Մենք ծնվում ենք կենտրոնացած մեզ վրա՝ մեծ ցանկությամբ պաշտպանելու մեր եսը և «իրավունքները»: Երբ թվում է, թե կյանքը մեզ չի վերաբերվում այնպես, ինչպես մենք արժանի ենք դրան, այն վերածվում է ինքնախղճահարության: Դրա պատճառով ընկղմվում ենք մթության մեջ և կառչում մեր ցավից՝ իսկական կամ երևակայելի: Ինքնախղճահարության արմատը պահված է Աստծո հետ անհամաձայնության մեջ, թե կյանքն ու Աստված մեր հանդեպ անարդարացի են:
  • Կարևոր հուշումը, որ ինքնախղճահարությունն Աստծուց չէ, ծածկված է «ինքը» նախածանցի մեջ: Ամեն անգամ, երբ կենտրոնանում ենք մեզ վրա, բացառությամբ ապաշխարության դեպքերի (1 Կորն. 11.28; 2 Կորն. 13.5), մենք ոտք ենք դնում մարմնի տարածք, որը թշնամության մեջ է Հոգու հետ (Հռոմ. 8.7): Երբ մեր կյանքը տալիս ենք Քրիստոսին, մեր հին բնությունը խաչվում է Նրա հետ (Գաղ. 2.20; Հռոմ. 6.6): Մեր կյանքի մեղավոր, եսասիրական մասը այլևս չպիտի գերիշխի: Երբ մեր եսասիրությունը գերիշխում է, Աստված մի կողմ է քաշվում: Ըստ էության՝ մենք դառնում ենք աստված: Կլայվ Լուիսն այս մասին այսպես է ասում.«Այն ակնթարթին, երբ ձեր մեջ հայտնվում է ձեր «եսը», հավանականություն է  առաջանում, որ դուք կուզենաք այն դնել առաջին տեղում, կցանկանաք դառնալ կենտրոն, այսինքն՝ փաստացի աստված: Սրանում էր և կայանում սատանայի մեղքը, և այս մեղքով նա վարակեց մարդկության ցեղը»:
  • «Ինքնա» կատեգորիայից մեղքերը չեն հանձնվում այդքան հեշտ: Դրանք ավելի դժվար է հայտնաբերել, քան ակնառու այնպիսի մեղքեր, ինչպիսիք են անբարոյականությունն ու հարբեցողությունը (Գաղ. 5.19,20), քանի որ մենք հաճախ դրանք համարում ենք ընկերներ: Ինքնավստահությունը, ինքնաշահամոլությունը, ինքնասիրահարվածությունը, ինքնահիացումը, ինքնահետաքրքրվածությունը, ինքնահայեցումը մարմնավոր բնության նախանշաններն են, որոնք դեռ չեն հնազանդվել Քրիստոսին: Հենց այս կատեգորիայի մեղքը կործանեց Սամսոնին (Դատ. 16.20) և ստիպեց հարուստ պատանուն շրջվել Քրիստոսից (Մատթ. 19. 21, 22): «Ինքնա» կատեգորիայից մեղքերը, ներառյալ ինքնախղճահարությունը, վկայում են այն մասին, որ ինչ էլ ասենք շուրթերով, ամենահատընտիր երկրպագությունը մենք հաճախ պահում ենք մեզ (Ես. 29.13; Մատթ. 15.8):
  • Ինքնախղճահարության վառ օրինակ կարելի է տեսնել Աքաբ չար թագավորի կյանքի նկարագրությունում: Նա ցանկացավ տիրանալ Նաբովթի այգուն, ով մերժեց վաճառել այն նրան: Աքաբը իր տուն վերադարձավ  «տխուր եւ բարկացած Յեզրայէլացի Նաբովթի իրան ասած խօսքի համար, որ ասեց թէ Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տալ եւ պառկեց իր անկողնի վերայ եւ երեսը դարձրեց ու հաց չկերաւ» (3 Թագ. 21.4): Միայն պատկերացրեք՝ թագավորը խռովել էր իր պալատում: Նա այնքան էր իր վրա կենտրոնացել, որ աշխուժացավ միայն այն ժամանակ, երբ իր չար կին Հեզաբելն անցավ Նաբովթին սպանելու պլանի իրագործմանը (3 Թագ. 21.15,16): Ինքնախղճահարությունը երբեք լավ բանի չի բերի:
  • Երբ ներքաշվում ենք ինքնախղճահարության մեջ, բարձրացնում ենք սեփական արժեքը մեր աչքերում: Հռոմեցիներին 12.3-ում գրված է. «Մի՛ մտածեք ձեր մասին ավելի, քան պետք է մտածեք»: Մենք մեր մասին մտածում ենք չափազանց բարձր, երբ թույլ ենք տալիս կենսական տրագեդիաներին ու անարդարություններին որոշել մեր էմոցիոնալ վիճակը: Տառապանքը կարող է արագորեն ծածկել Հոգու պտուղները (Գաղ. 5.22), որոնք պետք է գերիշխեն յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: 1 Թես. 5.18,19-ում ասվում է, որ մենք «չհանգցնենք Հոգին»: Հակառակը՝ մենք պետք է ամեն բանի համար գոհանանք: Անհնար է գոհանալ՝ շարունակելով բռնվել ինքնախղճահարությունից, քանի որ ինքնակառչելու իրավիճակում, ըստ էության, անհնար է կենտրոնանալ ուրիշներից գոհանալու վրա: Ինքնախղճահարությունը չի կարող շնորհակալ լինել նրա համար, ինչ Աստված թույլ է տվել պատահելու:
  • Հրաժարվել քեզ խղճալու պոռթկումից հեշտ չէ: Կյանքն տալիս է մեզ բավականին հնարավորություններ զգալու մերժում, անարդարություն, մարդկանց դաժանությունը: Մեր բնական ռեակցիան ինքնապաշտպանումն է, որը հաճախ տանում է ինքնախղճահարման: Սակայն մենք կարող ենք ընտրել «վարվել  հոգով… և չկատարել մարմնի ցանկությունը» (Գաղ. 5.16): Մենք կարող ենք որոշում կայացնել չխորասուզվել մեր մեղավոր բնության մեջ, այլ՝ ընտրել ունենալու գոհունակ սիրտ և վստահել Աստծուն, Ով «ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս» (Փիլ. 2.13): Ամեն իրավիճակ, որտեղ հնարավոր է ընկղմվել ինքնախղճահարության մեջ, մենք կարող ենք դիտարկել որպես հնարավորություն հաղթահարելու մեր հին բնությունը: Մենք կարող ենք ընտրել հավատալը, որ «Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են» (Հռոմ.8.28):

Աղբյուրը՝ light-journal.info

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.