Ի՞նչ անել, երբ ձեզ դավաճանել են
Բոլորս դավաճանվել ենք: Դա կարող է լինել ամուսնու կողմից, ով խաբեց և հեռացավ, ծնողի կողմից, որ թողեց երեխային, երեխայի կողմից, ով ցավեցրեց ծնողին, հնարավոր է ձեր գործընկերոջ կամ եկեղեցու անդամի կողմից: Ի վերջո՝ բոլորիս դավաճանել են, և դա ցավեցրել է մեզ: Խնդիրը շատ պարզ է․ դավաճանում են միայն մտերիմ մարդիկ: Ամենացավալին այն է, որ դավաճանությունը երբեք չի գալիս թշնամիներից: Ծառայությունը մեծ դաշտ է դավաճանության համար, և երբ դա լինում է եկեղեցական միջավայրում, այն իսկապես մեծ ցավ է պատճառում:
Երբ ձեզ դավաճանված կզգաք, ուղղակի հիշե՛ք այս բաները
1. Հիսուսին դավաճանեցին։ Երբ դուք ձեզ դավաճանված զգաք, սա ձեզ հանգստությամբ կլցնի: Հիսուսը գիտեր, թե ինչ է դավաճանված լինելը, Նա գիտեր, թե ինչ է նշանակում, երբ ընկերներդ չեն արդարացնում քո հույսերը, քո դեմ դուրս գալիս, լքում և հեռանում քեզանից։ Սա օգնեց ինձ քայլել դավաճանության և սխալ հիմքով վստահության միջով:
2. Նրանց իրական բնույթը ի հայտ կգա: Երբ մեզ դավաճանել ու ցավեցրել են, առաջին բանը, որ ցանկանում ենք անել, ինչ-որ մեկին պատմել այդ մասին։ Մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան, որ նրանք մեզ ցավեցրել են, ստել են, և ուզում ենք ավերել նրանց կյանքը այնպես, ինչպես նրանք քանդեցին մեր կյանքը: Ի վերջո՝ ժամանակի ընթացքում բոլորի իրական բնույթը ի հայտ է գալիս։ Եթե ինչ-որ մեկը ծույլ է, ժամանակի ընթացքում բոլորը իմանում են այդ մասին: Գուցե դա շատ արագ ջրի երես դուրս չգա, ինչպես դու ես ցանկանում, բայց այնուամենայնիվ այն կլինի:
3. Դա քո բարիքի համար է։ Եթե Հռոմեացիս 8-րդ գլուխը ճշմարիտ է, իսկ ես հավատում եմ, որ այդպես է, ապա երբ մեզ դավաճանում են, Աստված Ինքն է թույլ տալիս և օգտագործում է այդ մեր բարիքի համար: Միշտ չէ, որ այդ պահին սա մեզ հանգստացնում է, բայց սա ճշմարիտ է և պետք է մխիթարություն լինի մեզ համար: Երբ դու դավաճանված ես, ապա դա հնարավորություն է քեզ համար աճելու։ Դու հնարավորություն ես ստանում տեսնել կույր կետերը կամ այն տեղերը, որոնց վրա սահմաններ չես դրել, կամ իրավիճակներ, որոնց վրա բավարար վերահսկողություն չես սահմանել: Այսպիսով՝ այն կարող է արթնացնող կոչ լինել շտկվելու և ինչ-որ բանի մեջ ավելի լավը դառնալու:
4. Մնացե՛ք բարձունքում։ Ձեր իրական գույները կերևան, ինչպես 2-րդ կետում նշեցինք, որ նրանց իրական բնույթը ի հայտ կգա, այդպես է նաև ձեր դեպքում, հատկապես եթե դուք ճիշտ եք։ Հնարավոր է ոչ շատ արագ, ինչպես ցանկանում եք: Եթե դուք ունեք բարոյական հատկանիշներ, ապա դա երևալու է, հակառակ դեպքում՝ ո՛չ:
5. Մի՛ լցվեք դառնությամբ։ Երբ դուք դավաճանված եք, ապա դառնությունը հյուր կգա ձեզ, դուռ մի՛ բացեք նրա առջև, մի՛ հանձնվեք։ Աղոթե՛ք, որ դառնությամբ չլցվեք, բա՛ց թողեք այդ մարդուն կամ իրավիճակը, որքան հնարավոր է, շուտ (գուցե այն տևի ամիսներ կամ տարիներ): Սկսե՛ք։ Խնդրե՛ք մարդկանց աղոթել ձեր կարծրացած սրտի համար: Աղոթե՛ք, որ Աստված փոխի ձեր սիրտը՝ քարեղեն սիրտը դարձնելով մարմնեղեն (Եզեկիել 36.26)։
Հեղինակ` Ջոշ Ռեիխ
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը