Յուրաքանչյուր մարդ զգացմունքներ (հույզեր) ունի: Դրանք կարող են հանգեցնել ինչպես ստեղծագործական, այնպես էլ կործանարար հետևանքների: Ավելին, նույնիսկ, եթե մենք մերժում ենք հույզերը, ճնշում ենք դրանք, դրանք վաղ, թե ուշ դրսևորվում են արտահայտված պոռթկման տեսքով: Մենք շատ ենք լսում, որ կարևոր որոշումները չպետք է կայացնել հուզված ժամանակ: Բայց չի կարելի անտեսել այն փաստը, որ այդ Աստված է մարդուն հույզեր տալիս: Այսպիսով, ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ: Եվ ամենակարևորը՝ ինչպես կառավարել դրանք: Մենք ձեզ համար պատրաստել ենք հուզական ինտելեկտի վերաբերյալ մի քանի մասնագիտական ​​ խորհուրդ:

Աստվածաշունչն ասում է. «Նա, ով տիրապետում է ինքն իրեն, ավելին է, քան քաղաքի նվաճողը» (Առակաց 16.32): Բայց որպեսզի հասկանաք, թե ինչպե՞ս վերահսկել հույզերը, նախ պետք է հասկանաք, թե ինչու են դրանք տրվում մարդուն:

Այսպիսով, հոգեկան ոլորտը մարդու ներաշխարհն է: Դա մեր հոգին է, որ մարդու ներսում իրական աշխարհի արտացոլման իր ձև է: Տարբեր մարդիկ տարբեր կերպ (լրիվ սուբյեկտիվ) են գնահատում միևնույն իրադարձությունները: Զգացմունքները նման են ալիքի, նրանք արագորեն ձևավորվում են և արագ էլ՝ հեռանում: Հույզերը թույլ են տալիս անհապաղ արձագանքել տեղի ունեցածին: Որպես կանոն՝ դա կարճաժամկետ երևույթ է:

Հույզերն ու զգացմունքները նույնը չեն: Եթե ​​մենք խոսում ենք զգացմունքների մասին, ապա դա նաև հուզական գործընթաց է: Բայց զգացմունքները, կրելով ավելի առարկայական բնույթ, բնութագրվում են տևողությամբ և կայունությամբ: Դրանք կապված են մարդու ամենավեհ կարիքների հետ, ինչպես օրինակ՝ ինչ-որ բանի մաս կազմելու ցանկությունը:

Հույզերը շատ կարևոր դեր են խաղում մեր կյանքում: Դրանք ազդում են մեր ինքնագնահատականի վրա: Այսինքն՝ դրանք ձևավորում են մեր ինքնաճանաչողությունը: Վերջինիցս է ձևավորում նաև աշխարհընկալումը: Եվ եթե ​​մարդու փորձառությունը բացասական է, ապա նրա աշխարհընկալումն, ընդհանուր առմամբ, ևս բացասական է:

Հույզերն ու վարքը ծայրաստիճան կապված են միմյանց հետ: Նման մի արտահայտություն կա. «Հույզերը հանդիսանում են մեր լավ ընկերները և վատ՝ տերերը»: Իրականում, երբ մենք կսովորենք վերահսկել այս ուժը, մենք կդառնանք առավել արդյունավետ:

Երբ ​​մենք չենք կարողանում հասկանալ մեր հույզերը, համապատասխանաբար գործում ենք քայլեր կամ որոշումներ, որոնց գուցե հետևեն կործանարար հետևանքները՝ թե՛ մեզ, թե՛ մեզ մոտ գտնվող մարդկանց համար:

Հույզերը ցանկացած մարդու յուրահատուկ մասն են: Ամեն մարդ արձագանքում է իրեն հատուկ ձևով: Եվ եթե մարդ կարողանում է կիսվել մեկ ուրիշի հետ հուզական տեղեկատվությամբ, ապա դա օգնում է խորացնել և բարելավել հարաբերությունները:

Գոյություն ունի հույզերի երեք հիմնական գործառույթ.

Գնահատող և կողմնորոշող: Դրանք օգնում են կողմնորոշվելու աշխարհում և գնահատել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում կյանքում: Կարևոր է հասկանալ, որ հույզերը չեն լինում լավը կամ վատը. իրականում, դրանք հայտնում են կատարվածի մասին ձեր գնահատականը և արտացոլում այն, ինչ այդ պահին կատարվում է ձեր հոգեկան աշխարհում։

Ազդարարող: Սա այն դեպքում է, երբ հույզերը խոսում են ձեր պահանջմունքների բավարարված կամ չբավարարված լինելու մասին: Օրինակ, եթե մենք ուզում ենք քնել, ապա զգում ենք հոգնածություն և նյարդայնություն: Հույզերը հուշում են, որ օրգանիզմը ճնշվել է, և մարդու որոշ կարիքներ չեն բավարարվել:

Կարգավորող կամ խթանող:Հույզերը մեզ դրդում են գործողությունների՝ կախված ներքին և արտաքին իրականության փոփոխության, ըստ անձնական հավատամքի, համոզմունքների և արժեքների համաձայն: Երբ մարդկային պահանջմունքները չեն բավարարվում, ներսում առաջանում է լարվածություն: Եվ այդ լարվածությունից մարդ փորձում է ազատվել: Այդ հույզերն են հուշում ազատվել այդ լարվածությունից՝ ձեռնարկելով որոշակի գործողություններ:

Հաղորդակցական: Առանց հույզերի հաղորդակցությունը՝ չոր տեղեկատվության փոխանակումն է: Հույզերն օգնում են արտահայտել վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ: Մարդկային ամենակարևոր պահանջմունքներից մեկը մտերմության կարիքն է: Դա կապված է հուզական կապի հետ. հաղորդակցման ընթացքում տեղեկատվության 65% -ը փոխանցվում է ոչ թե բառերով, այլ՝ ոչ խոսքային եղանակներով՝ ձայնի ինտոնացիա, կեցվածք, դեմքի միմիկա և ժեստեր:

Հետևաբար, հույզերն ունեն անփոխարինելի դեր մեր կյանքում: Առանց հույզերի մենք նման կլինեինք ռոբոտների, պարզապես կփոխանակվեինք որոշ հաղորդագրություններով և ոչ ավելի: Տարբերում են հիմքային հույզեր, որոնց մեծ մասն արտահայտում են զայրույթ, տխրություն, վախ, ուրախություն, ամոթ:

📍 Զայրույթը հուշում է, որ մեր սահմանները խախտում են կամ մեր պահանջմունքներն ու սպասումները չեն բավարարվում:

📍 Տխրությունն արտահայտում է ձեզ համար կարևոր կամ արժեքավոր որևէ բանի կորուստը: Անկախ նրանից, թե դա սիրելիի կորուստ է, աշխատանքի, թե երազանքի:

📍 Վախը վտանգ է ներկայացնում, այն էլ՝ իրական կամ երևակայական: Այն մղում է մեզ տեղայնացնել մեր ակտիվ գործունեությունը: Երևակայական վտանգը կարող է առաջանալ որոշ պարտադրված պատկերներից կամ բացասական կենսափորձից։ Օրինակ՝ մանկուց:

📍 Ուրախությունն ասում է, որ դուք ամեն բան ճիշտ եք անում և ձեր պահանջմունքները բավարարված են: Ձեր ռեսուրսները լավ վիճակում են և բավարար ուժ ունեք կուտակած:

📍 Ամոթը ցույց է տալիս, որ ինչ-որ սխալ բան եք գործել: Այն օգնում է կարգավորել ձեր փոխհարաբերությունները այլ մարդկանց հետ: Եթե ​​սխալ եք թույլ տվել, ապա ամոթն օգնում է ինչ-որ կերպ շտկել կատարվածը, որպեսզի հասարակության մեջ ձեզ ավելի հարմարավետ զգաք:

Հիմա եկեք խոսենք հույզերը մերժելու հետևանքների մասին: Իսկապես, շատերի համար բարկություն, զայրույթ, վրդովմունք զգալը վատ է ընկալվում: Բայց և այնպես հույզերի ճնշումը հանգեցնում է կամ պոռթկման կամ հոգեսոմատիկ հիվանդությունների:

Որոշ մարդիկ հրաշալի գիտեն, թե ինչ են իրենցից ներկայացնում հույզերն ու զգացմունքները, բայց նրանք չեն վարժվում և չեն զարգացնում իրենց այդ ուղղությամբ: Արդարացնելով իրենց այն փաստով, որ իրենք որոշում կայացնում են միայն գլխով և նրանց հույզեր ուղղակի պետք չեն:

Բայց իրականում դրանք այնքա՜ն անհրաժեշտ են: Հնարավոր չէ անտեսել հույզերը: Այն, ինչ ծագում է մարդու հոգեկանում, անմիջապես արտացոլվում է մեր մարմնում: Մարմինը երբեք չի ստում: Դուք կարող եք չճանաչել որևէ հույզ, բայց ձեր մարմինը սովորաբար հայտնում է, խոսում է այդ իրավիճակի վերաբերյալ՝ կապված նրա հետ, որ տեղեկատվության 65% -ը մենք ստանում ենք հաստատ ոչ բառերով:

Որո՞նք են հույզերը մերժելու հետևանքները.

Դուք չեք կարողանում հետևել ձեր հույզերին, համապատասխանաբար՝ տնօրինել դրանք, անել այն, ինչ ցանկանում եք, զայրանաք, երբ վիրավորված եք: Դուք չեք կարողանում ինքնուրույն կարգավորել ձեր հուզական լարվածությունը, հասկանալ վերջիններիս ուժգնությունը: Ինչի հետևանքով առաջանում է հույզն անկեղծորեն ապրելու վախ: Արդյունքում մարդ սկսում է կուտակել և ճնշել դրանք:

Հույզերի չդրսևորումը և դրանց ճնշումը հանգեցնում է ուժեղ պոռթկումի, որն էլ մարդկանց համար դիտվում է ոչ նորմալ (ոչ ադեկվատ):

Դուք չեք վստահում ձեր իսկ հույզերին, բայց ապավինում եք ձեր շրջապատի մարդկանց կարծիքներին և նրանց հուզական փորձին: Ահա թե ինչու կյանքը հաճախ է գնում այնտեղ, որտեղ չէիք ցանկանա:

Վերոնշյալ թվարկածների պատճառով է, որ ձևավորվում են երկրորդական հույզեր (անցյալից եկած, սովորեցրած): Օրինակ, եթե դուք բարկանում եք, և ձեր ծնողներն ավելի վաղ հասակում հանդիմանել են ձեզ դրա համար, ապա դուք ամաչում եք ձեր հույզերից:

Երևի արդեն հարցրել եք ձեզ. «Ուրեմն, ինչպե՞ս կառավարել հույզերը»: Գոյություն ունեն, այսպես կոչված, կառավարման հմտություններ.

Հույզերի ճանաչում և ձեր հույզին կամ զգացողությանը անուն տալու կարողություն: Այսինքն՝ անհրաժեշտ է ինքներդ ձեզ հարցնեք, թե այժմ ի՞նչ եք զգում: Այս եղանակով տեղի է ունենում հույզի ճանաչում, ավելի ուշ՝ ի՞նչն է առաջացրել այդ հույզը: Ինչպիսի՞ն է ձեր մարմնի արձագանքը: Այս քայլերը կօգնեն, որ անմիտ ու պահի ազդեցության տակ չգործեք: Երբ ​​սկսում եք կանգնեցնել ձեզ և մտածել, թե ինչու եք դա զգում, լարվածությունը հեռանում է:

Հույզերի արտահայտում: Դրանք կարող են արտահայտվել բանավոր, դեմքի միմիկայով, ձայնի տոնով: Համապատասխանաբար, եթե հասկանում և զանազանում եք ձեր հույզերը, ապա կարող եք նաև պատշաճ կերպով արտահայտել դրանք, և ձեզ շրջապատող մյուս անձանց արձագանքն էլ կլինի հավասարակշռված:

Ցանկացած լարվածություն դուք միշտ կարող եք հայտնել Աստծուն, գրել դրանք թղթի վրա կամ վարել հույզերի օրագիր, ինչն, ի դեպ, սեփական հույզերը վերլուծելու արդյունավետ միջոց է: Այնտեղ կարելի է գրել օրական մեկ անգամ: Ընտրել մեկ կամ երկու պայծառ հուզական իրադարձություն և փորձել նկարագրել դրանք հնարավորինս անտարբեր՝ հարցին նայելով ավելի չեզոք: Գրե՛ք, թե ի՞նչ եք զգացել:

Օրինակ՝ վաճառողը խանութում ձեզ հետ շատ քաղաքավարի չի խոսել: Գրեք դա, դրան գումարած ձեր արձագանքը և վարքագիծը: Նկարագրեք տվյալ իրավիճակի վերաբերյալ ձեր մտքերը: Օրինակ, որ այս տեսակ իրադարձություն ձեզ հետ հաճախ է պատահում: Անգամ մեկ ամսվա ընթացքում, վերլուծելով ինքներդ ձեզ, կհամոզվեք, թե կյանքում ձեր ո՞ր հույզերն են գերակշռում, կտեսնեք սեփական հույզերի և վարքի սերտ կապը՝ հասկանալով, որ հույզերն են ձեզ մղում որոշակի վարքի: Դուք կբացահայտեք, որ որոշ իրավիճակներ ձեզ հանգեցնում են միևնույն մտքերի. դրանք են նկարագրում ձեր համոզմունքները, հավատալիքները, ինչպես նաև տևական զգացմունքները: Երբ ձեր հույզերի ամբողջական պատկերը կլինի ձեր առջև, կտեսնեք, թե ինչպե՞ս և ի՞նչ կարող եք փոխել կամ բարելավել ձեր կյանքում:

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Աղբյուրը՝ bog.news

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.