Սակայն ինչպե՞ս ես ասում դու, որ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդը չի կարող օրը երեք ժամ աղոթել և եկեղեցի այցելել: Հնարավո՛ր է, և շատ հեշտությամբ: Նույնիսկ եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք: Ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Սամվելի մորը՝ Աննային, Աստված լսեց ոչ թե բարձր ձայնով աղերսելու, այլ սրտում ունեցած աղաղակի շնորհիվ (Ա Թագավորաց 1.13): Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը: Դու էլ այդպես արա՛: Հառաչիր դառնորեն, հիշիր մեղքերդ և մտքումդ ասա. «Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ»: Ահա՛ և աղոթեցիր:

Նույնիսկ եթե ծունկի չես եկել, եթե կուրծքդ չես ծեծում, եթե ձեռքերդ չես պարզել դեպի երկինք, բայց սրտումդ ջերմեռանդ ես, աղոթքդ կարող է լսելի դառնալ: Կինը խոհանոցում կամ կար անելիս, տղամարդը արհեստանոցում կամ ճանապարհին, շուկայում թե ծառայության մեջ կարող է ջերմեռանդ աղոթել:

Հիշի՛ր՝ ինչպես բանտախցի հատակին պառկած աղոթեց Պողոսը, և սասանվեց բանտը, սարսափեց բանտապետը և ի վերջո մկրտվեց: Հիշի՛ր Եզեկիային, որ պառկած էր հիվանդ և այդ վիճակում ջերմորեն աղոթեց, ու Աստված փոխեց իր վճիռը և առողջացրեց նրան: Նույնիսկ մեծ մեղավորներն աղոթքով Աստծո ողորմությունը ստացան: Ավազակը եկեղեցում ծունկի եկած չէր, այլ գամված էր խաչին և Երկնքի արքայությանն արժանացավ: Մեկը՝ հոտի, մյուսը՝ գազանների մեջ, մյուսը՝ ձկան որովայնում Աստծուն կանչելով՝ ազատվեցին և Աստծո հաճությանն արժանացան:

Հաճախե՛ք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեք: Նաև տանը աղոթեք՝ առանձնության մեջ: Սակայն երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ կերպով աղոթեք և օգուտ կստանաք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի արքայությանը կարժանանաք:

Ո՛չ թե մարմնի կեցվածքով և մեծաձայն խոսքերով, այլ կամավոր հոժարությա՛մբ աղոթք մատուցենք: Ո՛չ թե հանդուգն աղաղակով և ի ցույց մարդկանց, այլ հեզությամբ ու հանդարտությամբ, մտքերի ստըրջանքով ու մեղմ արտասուքով պետք է սիրտն արթնացնել:

Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.