Հոգևոր պատերազմի ավար. Դեյվիդ Ուիլկերսոն
«Որ նուիրել էին պատերազմներիցը եւ աւարիցը Տիրոջ տունը հաստատելու համար» (1 Մնացորդաց 26.27): Այս հատվածը մեզ բացում է խորը, կյանքի փոփոխություն բերող ճշմարտություն: Այն խոսում է այն ավարների մասին, որոնք առգրավվում էին միայն մարտերում, և այդ ավարները հափշտակելուց հետո ուղղվում էին Աստծո տան կառուցմանը:
Այս հատվածի հիմքում ընկած հզոր ճշմարտությունը մեզ հնարավորություն կտա հասկանալու, թե ինչու է Տերը թույլ տալիս շարունակական հոգևոր պատերազմներ մեր կյանքի ընթացքում: Աստված ոչ միայն թույլ է տալիս այդ մարտերը, այլև հրաշալի նպատակ ունի դրանց միջոցով իրականացնելու:
Այսպիսով, ո՞րն է «ճակատամարտում շահած ավարը»: Աստվածաշնչում ավարների մասին առաջին հիշատակումը նկարագրված է Ծննդոց գրքում, երբ թագավորները դավադրաբար ներխուժում են Սոդոմ և Գոմոր: Այս զավթիչները գերի վերցրեցին բնակիչներին և տիրեցին նրանց ունեցվածքին. «Եւ նորանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին։ Եւ Աբրամի եղբօր որդին Ղովտը եւ սորա բոլոր ստացուածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա Սոդոմումն էր բնակվում» (Ծննդոց 14.11-12):
Երբ Աբրամն իմացավ, որ իր եղբորորդին գերի է վերցվել, նա հավաքեց իր զորքը և հանկարծակիի բերեց զավթիչներին՝ ազատելով Ղովտին ու վերդարձնելով նրա իրերը (տե՛ս Ծննդոց 14.15-16): Երբ Աբրամն առաջնորդում էր ուրախ մարդկանց հաղթանակած թափորը, նա հանդիպեց Սաղեմի թագավոր Մելքիսեդեկին եւ նրան հանձնեց կողոպուտի տասանորդը (տե՛ս Ծննդոց 14.20): Ինչո՞ւ պետք է Աբրամը տասանորդ վճարեր այս թագավորին: Քանի որ Մելքիսեդեկը «Բարձրյալ Աստծո քահանա» էր, և Աբրամը ցանկանում էր օգնել՝ պահպանելու Աստծո տան ծառայության իրականացումը:
Պատկերացրեք տեսարանը. մի քանի ժամ առաջ էր, ինչ Աբրամը տապալել էր այդ զավթիչներին: Սատանան պետք է որ ուրախացած լիներ տեղի ունեցած դժբախտությունից. նրա բանակները նոր էին գերի վերցրել երկու քաղաքների ողջ բնակչությանը, այդ թվում ՝ միակ աստվածապաշտ մարդուն, ով ապրում էր այնտեղ: Սատանան Ղովտին վերցրեց որպես «ավար»՝ անասունների հսկայական նախիրներով, սնունդով լի սայլակներով և հագուստով, ոսկով, արծաթով և թանկարժեք քարերով լի գանձարկղերով: Աբրամի փոքր բանակը, ըստ երևույթին, ջախջախեց թշնամու բանակը, ազատեց ժողովրդին և դիզեց ավարի հսկայական քարավան: Սոդոմ և Գոմորին պատկանող ավարը վերադարձվեց դրանց տերերին, բայց զավթիչների ավարը մնաց Աբրամին: Եվ նա անմիջապես դրանից մի հատված նվիրաբերեց Տիրոջ գործին։
Ահա այն սկզբունքը, որն Աստված ցանկանում է, որ մենք հանձն առնենք. մեր Տերը հետաքրքրված է ավելիով, քան մեզ՝ պատերազմներում ուղղակի հաղթողներ դարձնելը: Նա ուզում է մեզ տալ ավար, բարիքներ, հոգևոր հարստություն մեզ բաժին հասած պատերազմներից: Սա այն է, ինչ Պողոսը նկատի ունի, երբ ասում է. «Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց» (Հռոմեացիներ 8.37): Մենք պետք է հաղթանակած դուրս գանք մեր պայքարից այն պաշարով, որը կարող ենք օգտագործել՝ Աստծո տունը օրհնելու և պահպանելու համար:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը