Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի:
Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես:
Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները:

Լսիր մեզ մեծ Պենտեկոստեի այս օրը, երբ Սուրբ Հոգիդ ուղարկեցիր ստորինների մեջ` Քո որդի Հիսուսի երկինք համբարձվելուց հետո, և երբ հավատով դիմում ենք Քեզ:

Հրեղեն լեզուներով սրբիր Քո ծառաների շուրթերն ու լեզուները, որպեսզի արժանի լինենք հոգևոր օրհնությամբ հոգեղենների հետ երգելու, սաղմոս ասելու և ամեն ժամ աղոթելու, սուրբ սրտով և խոնարհ հոգով բանավոր պաշտամունք մատուցելու Քեզ, և սրտի խորքից արտասվալից պաղատանքով Քեզանից քավություն խնդրելու:
Եվ մեր ողջ կյանքն ամրացրու ու Քո երկյուղով պարսպված պահիր չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից:

Եվ մեզ արժանացրու ի հաճույս Քեզ ապրելու, մեր ընթացքը Քո կամքի համաձայն ճշմարիտ խոստովանությամբ կատարելու, և ջերմեռանդ զղջումով, փրկական խորհրդի հաղորդությամբ, քահանայական մոտեցումով, նվերներով ու պատարագներով մշտապես Քո Սուրբ Սեղանի առջև հիշատակ կատարելու:

Ծնկի գալով Քո առջև, աղաչում ենք, մարդասեր Սուրբ Հոգի, որպեսզի նաև մեր հոգիների ընթացքը մարմնական կենցաղի մեջ պահես, որպեսզի աներկյուղ անցնենք և փրկվենք օդային ու պիղծ դևերից, և առաջնորդես դեպի ճշմարիտ երկիր` դեպի երանավետ կյանք ու արդարների օթևան, որտեղ սրբերի հոգիներն ուրախությամբ օրհնում են Քեզ, և հաջորդ նորոգման` Քո էակից Փրկչի գալստյան ժամանակ, արթնացնես բոլորին` հրեշտակապետի փողի ձայնով ու Աստծո խոսքով:

Իսկ Դու, մեր Տեր և Աստված, Սուրբ Հոգի, երբ հարությամբ ստանաս բոլոր մարդկանց և յուրաքանչյուրին հոգով նորոգես, փրկիր գեհենի սպառնալիքից ու աններելի տանջանքներից և Քո սրբերի բանակին խառնիր Քո անունը սիրողների հետ` որպեսզի երկնքի արքայության ժառանգորդներ լինենք:
Եվ մենք` Քո բանավոր հոտը և Քեզ հավատացողները, օրհնելու և փառավորելու ենք ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.