Հնազանդությունը խաղաղություն է տալիս
Եթե զգում ես, որ քեզ ճնշում կամ շփոթություն է պատճառում այն որոշումը, որը փորձում ես կայացնել կամ արդեն իսկ կայացրել ես, հավանաբար քո որոշումը հիմնված չէ Աստծո ձայնի վրա: Աստվածաշունչն ասում է. «Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը» (Ա Կորնթացիներ 14.33): Աստված երբեք շփոթություն չի ստեղծում: Եվ եթե շփոթված ես, ապա Աստծո ձայնը չէ, որ հնչում է քո կյանքում:
Եթե ծնող եք, ապա կհասկանաք. ցանկանո՞ւմ եք, որ ձեր երեխաները ճնշված կամ շփոթված զգան, երբ նրանց ինչ-որ բան հանձնարարեք կամ խնդրեք անել: Ո՛չ: Ձեր ցանկությունը բնականաբար այն է, որ նրանք հասկանան, թե ինչ է պետք անել և դրան պատասխանեն հնազանդությամբ: Հայր Աստված նույնն է ցանկանում նաև ձեզնից:
Միակ դեպքը, երբ աստվածային ճնշումը կարող է պարտադրված լինել, երբ Աստված ձեզ ինչ–որ բան է ասել, իսկ դուք համառորեն շարունակում եք Նրան պատասխանել «ո՛չ»: Հետագայում այդ ճնշումը մեծանալու է: Բայց մշտապես խաղաղություն է գալիս այն ժամանակ, երբ «այո՛» ես ասում այն ամենին, ինչ Աստված քեզնից պահանջում է անել:
Աստված ցանկանում է ձեր հոժարությունն ու կամեցողությունը: Սատանայի բերած պարտադրանքն ու հարկադրանքը քո կյանքը բարդացնելու է՝ հեռացնելով քեզ Աստծուց։ Բայց Աստված քո Բարի Հովիվն է: Նա ցանկանում է քեզ ձգել դեպի Իրեն և դեպի խաղաղություն:
Հանգուցյալ Պիտեր Լորդը, մի հովիվ, ում ես խորապես հարգում էի, մի անգամ ասել է. «Այն, ինչ Աստված է ուզում ասել քեզ, իննսուն տոկոսով քաջալերանք է պարունակում»:
Աստվածաշունչն ասում է. «Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»(Փիլիպպեցիս 4.6-7):
Թարգմանեց Անի Նիկողոսյան
Աղբյուրը՝ pastorrick.com