Հնագետները հայտնաբերել են «աստվածաշնչյան հրաշքների քաղաքը»
Բեթսաիդան երեք առաքյալների ծննդավայրն է: Այստեղ է Քրիստոսը 2 ձկով ու 5 հացով կերակրել հինգ հազար մարդու, բուժել կույրին ու քայլել ջրի վրայով:
Գիտնականներից 32 տարվա հետևողական աշխատանք է պահանջվել Նոր Կտակարանում հիշատակվող հին հրեական Գալիլեյան Բեթսաիդա (Վիֆսաիդա) բնակավայրը հայտնաբերելու համար: Աստվածաշնչի համաձայն՝ հենց այստեղ է Հիսուս Քրիստոսը 2 ձկով ու 5 հացով կերակրել հինգ հազար մարդու, բուժել կույրին ու քայլել ջրի վրայով: Այն նաև Անդրեաս, Պետրոս և Փիլիպոս առաքյալների ծննդավայրն է:
Տարիներ առաջ ենթադրություն է առաջ քաշվել, թե Գոլանի բարձունքների Էթ-Թել հնագիտական հուշարձանը (Հորդանան գետի ակունքներում) այդ բնակավայրն է: Սակայն 2017թ. իսրայելցի հնագետների խումբը Մորդեհայ Ավիամայի գլխավորությամբ հայտարարել է, որ Բեթսաիդան գտնվել է Քիներեթ լճի հյուսիսային ափին (Աստվածաշնչում հիշատակվում է Գալիլեյան ծով), Էլ-Արաջ քաղաքի ավերակների մոտ:
Էթ-Թելի շրջանում արված նոր պեղումները ցույց են տվել, որ առաջին հիպոթեզն իրավացի էր: Հետազոտության հեղինակ, Նեբրասկայի համալսարանի պրոֆեսոր Ռամի Արավիի խոսքով՝ Էթ-Թելի գտածոները համոզիչ են: Նա նաև հղում է արել հռոմեացի պատմիչ Տիտոս Փլավիոս Հովսեփոսի աշխատությանը, ըստ որի՝ Բեթսաիդան գտնվել է Գոլանի բարձունքներում:
Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են տաճար, որը կարող էր նվիրված լինել Հուլիա Օգուստոսին՝ Օկտավիանոս Օգուստոսի և Տիբերիայի կայսեր կնոջը: Դա լիովին համադրվում է նրա հետ, որ մ.թ. շուրջ 30-33թթ. տեղի կառավարիչը՝ Հերոդոս Ֆիլիպոս 2-րդը, Բեթսաիդային շնորհել է պոլիսի կարգավիճակ և այն վերանվանել Հուլիա՝ կայսեր կնոջ պատվին:
Բացի այդ՝ հետազոտողները պարզել են, որ Էթ-Թելի ավերակները նակինում կոչվել են Ցեդ. այդ բառը Հին Իսրայելում նշանակել է որս, ձկնորսություն: Ավելի ուշ անվանումը ձևափոխվել է՝ դառնալով Բեյթ-Ցեդ, այնուհետև՝ Բեթսաիդա: Ձկնորսական պարագաներ այստեղ նույնպես գտնվել են:
Սուրբ Գրքում Բեթսաիդան նկարագրվում է որպես վայր, որին կարելի էր հասնել նավակով: Պրոֆեսոր Արավը դրանում արտառոց երևույթ չի նկատում: Նրա խոսքով՝ Գալիլեյան ծովը գտնվում է անմիջապես Սիրիաաֆրիկյան բեկվածքում, ենթարկվել է տեկտոնական տեղաշարժի: Գիտնականը նշել է, որ ափագիծը տեկտոնական գործընթացների ու ջրի տատանումների հետևանքով կարող էր փոփոխվել:
Հնագետների կարծիքով՝ Վիդսաիդայի պատմությունն աղետով չի ավարտվել. քաղաքն աստիճանաբար լքվել է մոտ 4-րդ դարում:
Ինչ վերաբերում է Էլ-Արաջի հնագիտական պեղումներին, Ռամի Արավը համարում է, որ գիտնականներն այնտեղ ոչ մշտական բնակավայր են գտել, այլ՝ ռազմական ժամանակով ճամբար: Պրոֆեսորի խոսքով՝ կարևոր ձեռքբերում է, սակայն դա հնագույն աղբյուրներում հիշատակվող Բեթսաիդան չէ, այն չի համապատասխանում նշված քաղաքի մի քանի բնութագրերի: