Հիսուսն է ճանապարհը
Հիսուսն ասում է, որ քչերն են գտնում նեղ ճանապարհը։ Գիտե՞ս ինչպես գտնել այն և ինչպե՞ս քայլել դրանով։
«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ մեկը Հորը չի գա, բացի Ինձանով» (Հովհաննես 14.6):
Հիսուսը ճանապարհն է դեպի Հայրը, Նա է փրկության և կյանքի ուղին։ Նա աշխարհ եկավ, որպեսզի ցույց տա այդ ճանապարհը։ Հետևել Նրան նշանակում է գնալ այնտեղ, որտեղ Նա գնաց։ Մենք պետք է գնանք Նրա հետքերով, ապրենք Նրա նման։ Հետևելով Նրան՝ մենք կհասնենք այնտեղ, որտեղ հիմա Նա է գտնվում։ Հիսուսն այդ ճանապարհն անվանում է «Նեղ ճանապարհ»։
«Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը և ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, որ մտնում են դրանով, որովհետև նեղ է այն դուռը և նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում, և քչերն են, որ գտնում են այն» (Մատթեոս 7.13,14)։
Որտե՞ղ կարող ենք գտնել դարպասները, որոնք մեզ կտանեն դեպի նեղ ճանապարհը։ Որևէ արժանիքով կամ մեր՝ յուրահատուկ մարդ լինելով պայմանավորված չէ դարպասների գտնելը, այլ՝ նրանով, որ Աստված Իր սիրով և ողորմությամբ մեր սրտերում բարի ցանկություն է դրել և ուղղորդում է մեզ դեպի ճիշտ ճանապարհը։ Սակայն այդ դարպասները տեսնելուն պես, մինչև ներս մտնելն ու դեպի կյանք տանող նեղ ճանապարհով քայլելը, մենք պետք է ինչ-որ բան անենք։ Պողոսը հստակ ներկայացնում է դա Փիլիպպեցիներին 3.7, 8 համարներում. «Բայց այն, ինչ շահ էր ինձ համար, կորուստ համարեցի Քրիստոսի համար։ Արդարև, ես ամեն ինչ վնաս եմ համարում իմ Տեր Քրիստոս Հիսուսին ճանաչելու գերազանցության համար, որի համար ամեն բանից զրկվեցի և դրանք աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ…»։
Սա նշանակում է, որ պետք է հրաժարվենք և մի կողմ թողնենք այն ամենն, ինչ մատնանշում է Աստված, ամենն, ինչ մեզ համար խոչընդոտ է հանդիսանում՝ մեր սեփական մտքերն ու գաղափարները, մեր անձնական հնարավորությունները, կապերը, որոնց վրա հույս ենք դնում, կարգավիճակը, հպարտությունը։ Այդ ամենը մենք պետք է աղբ համարենք և թողնենք դարպասների մոտ, քանի որ նեղ ճանապարհին տեղ չկա դրանց համար։ Այդ ժամանակ մեր աչքերը կբացվեն և կտեսնենք ու կհասկանանք, թե ինչու Պողոսն ամեն ինչ թողեց Քրիստոսին շահելու համար։
Երբ հասնում ենք այդ ճանապարհին, հերթը հասնում է քայլելուն։ Մենք պետք է լինենք խոսքը կատարողներ, ոչ թե՝ միայն լսողներ (Հակոբոս 1.22)։
Նեղ ճանապարհը կենդանի ճանապարհ է, որ մեզ համար բացեց վարագույրի միջոցով, որ Իր մարմինն է (Եբրայեցիներին 10.20)։
Հիսուսը, երբ գտնվում էր երկրի վրա, Իր օրինակով ցույց տվեց մեզ, թե ինչպես պետք է անցնենք այդ ուղին։ Եվ մենք պետք է հետևենք Նրան՝ մեղքին հաղթելով, մեր սեփական կամքի փոխարեն Նրա կամքը կատարելով, ծուլությունից, եսասիրությունից, հպարտությունից ազատվելով։
Հիմա մենք տեսնում ենք, թե ինչու է այդ ճանապարհը նեղ և ինչու են այն գտնողներն այդքան քիչ, որովհետև դժվարությամբ է մարդը հրաժարվում սեփական ցանկություններից։ Չնայած դրան՝ այդ բարդ և ծանր ճանապարհով գնալիս մենք ազատագրվում ենք մեղքից։
«Քանի որ Քրիստոսը մեզ համար չարչարվեց մարմնով, դուք էլ նույն մտքով զինվեցե՛ք, որովհետև նա, ով չարչարվում է մարմնով, դադարում է մեղանչելուց, որպեսզի այսուհետև՝ մարմնի մեջ իր մնացած ժամանակում, ոչ թե մարդկային ցանկությունների համար ապրի, այլ՝ Աստծո կամքի» (1 Պետրոս 4.1,2)։
Նեղ ճանապարհով անցնելիս մենք ոչ միայն ճանաչում ենք Նրան, այլև վստահություն ունենում, որ երբ մեր ժամանակն այս երկրի վրա ավարտվի և մենք մտնենք հավիտենություն, Նա կճանաչի մեզ։
«Ոչ թե ամեն ոք, որ Ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, պիտի մտնի երկնքի թագավորությունն, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7.21)։
Այն ամենն, ինչ հանդիպում է մեր ճանապարհին, մեր օգտին է օգտագործվում։ Յուրաքանչյուր խնդիր և դժվարություն հնրավորություն է հանդիսանում հաղթելու և ազատություն գտնելու։
«Երանելի է այն մարդն, ով դիմանում է փորձություններին, քանի որ եթե փորձվելուց հետո ընտիր համարվի, ստանալու է կենաց պսակը, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին» (Հակոբոս 1.12)։
Աղբյուրը՝ aktivnoyekhristianstvo.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը