Հիշիր անհերքելին՝ կյանքը կարճ է, երբեք չես կարող իմանալ քեզ հետ վաղն ինչ կլինի
Այն, ինչ փնտրում ես, բնորոշում է ապագադ, ինչ գտնում ես՝ պատկերում ներկադ:
«Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մտ 6:34): Ներկայով ապրելու բերկրանքը, վաղվա մասին չմտահոգվելն իսկապես հրաշալի զգացողություն է, եթե, իհարկե, կարողանում ես այդպես առաջնորդվել: Կյանքի խելահեղ վազքուղու մեջ միշտ ստացվում է այնպես, որ պարբերաբար փնտրտուքների մեջ ես՝ ի՞նչ անել ավելի բարեկեցիկ ապագա ունենալու համար: Բոլոր մտքերդ, գործողություններդ միտված են ապագային: Տպավորություն է՝ ապրում ես ապագայի համար, իսկ ներկադ՝ չես կարևորում:
Հիշիր անհերքելին՝ կյանքը կարճ է, երբեք չես կարող իմանալ քեզ հետ վաղն ինչ կլինի: Երբ առավոտյան բացում ես աչքերդ, շնորհակալություն հայտնիր Տիրոջը և բոլոր պլաններդ կառուցիր այդ օրվա համար: Ինքդ քեզ խոստովանիր և անուն տուր բոլոր այն անհանգստություններիդ, որոնք քեզ խանգարում են գնահատել ներկան ու ձերբազատվիր դրանցից: Այն ամենն, ինչ քեզ տվյալ պահին բավականություն կպատճառի, արա՛, մի՛ երկմտիր, որովհետև վաղը դրա հնարավորությունը չես ունենա:
Աստված քեզ շնորհել է կյանք, որ ստեղծես բոլոր անհրաժեշտ պայմանները երջանիկ զգալու, իսկ կյանքի հաճելի, երջանկաբեր բոլոր ակնթարթները ներկայի մեջ, մի՛ զրկիր քեզ դրանցից՝ մտահոգվելով վաղվա մասին:
Չէ, սիրելի՛ ընթերցող, ամենևին հրամայականով շարադրված չէ տեքստը, պարզապես ցանկությունս մեծ է, որ գիտակցես ու գտնես քեզ երջանիկ զգալու կերպը: Կարևորես այն փաստը, որ միմիայն դու ես պատասխանատու քո կյանքի համար: Այն բոլոր արդարացումները, որոնք գտնում եք ներկայի մեջ չապրելու համար, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն, իսկ դրա մեջ մենք բոլորս կատարյալ ենք, ինչ խոսք:
Լիլիանա Օսիպյան, qahana.am