Հիշի՛ր իմ ազգը, Տե՛ր, երբ գաս արքայությունովդ,

Բայց թե կարող ես, հիշի՛ր և հիմա․․․

Հիմա՛, երբ դժվար է դարձել մի կում օդ շնչելը՝

Չնայած մեր սարերում մաքուր օդ շատ կա․․

Հիմա՛, երբ նորից չարը անթաքույց քմծիծաղով է նայում մեզ վրա։

Որ թույլ ես տվել հղփանալ այդքան,

Բայց մեզ պատվիրել ես չհանձնվել նրան։

Ինչպես Դավիթը, ես էլ հիշում եմ բոլոր բարիքները, որ արել ես մեզ,

Այնպես էլ Դու, Տե՛ր, հիշի՛ր այն պահերը,

Երբ Քո ժողովուրդը ազնիվ էր Քեզ պես,

Հիշի՛ր, Տեր Հիսո՛ւս, Քո ուխտի եղբայրն ենք,

Որ աշխարհը մերժելով Քո անունն առանք

Ու մեր արյունը Քոնին խառնեցինք

Դերձորի անջուր ճամփեքի վրա։

Հիշի՛ր պատերազմները, որ միասին ենք մղել,

Որ ասել ես՝ բարձրացեք լեռը ու Ես այնտեղ կլինեմ,

Ու եղել ես, Տե՛ր, ու հաղթել ենք մենք։

Հիշի՛ր, որ մեզ մոռացած ուրիշին ենք օգնել,

Մեր կյանքը թողած Սուրբ Գիրքն ենք փրկել,

Քեզ չուրանալու համար կյանք ենք վճարել։

Այդ անդրանիկ ազգն առաջին քրիստոնյա

Քո առաջ է նորից ու խնդրում է հիմա,

Որ թե կարելի է, բաժակն այս հեռացնես,

Իսկ եթե Քո կամքն է, ուրեմն՝ քաջացնես։

Ուրեմն՝ օգնի՛ր, ուրեմն՝ հասի՛ր,

Ուրեմն՝ հիշի՛ր, երբ գաս արքայությունովդ։

Բայց թե կարելի է, մեզ հիմա հիշիր։

Հիշի՛ր, Տե՛ր, խնդրում եմ։

Հիշի՛ր մեզ հիմա։

Շողեր Գրիգորյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.