Հայրենիքի սերը․․․
«Բայց ի՞նչ էր, որ կապում էր հայերին մի այնպիսի երկրի հետ, ուր նրա կյանքը հանապազօրյա վտանգի մեջ էր, ուր նրա կայքը ապահովված չէր, ուր նրա ապրուստը խառն էր արյան ու քրտինքի մեջ, ուր նրա ընտանեկան սրբությունը արատավորվում էր, ուր նրա կրոնքը և ամեն ինչ, որ նվիրական էր նրա համար, սրբապղծվում էր: Ի՞նչ էր, որ կապում էր հայերին այսպիսի երկրի հետ. — Հայրենիքի սերը:
Հայրենիքը լի էր անթիվ հիշատակարաններով, որոնք ասում էին հային` «դա քո երկիրն է, այստեղ էին ապրում քո նախնիքը, և այստեղ մեռան նրանք, դու էլ պետք է այստեղ մեռնես և քո ոսկերքը խառնես նրանց ոսկերքի հետ»:
Հայի որդին տեսնում էր, որ առաջին հոր և առաջին մոր ժամանակից, ինքն անբաժան է մնացել այն երկրից, ուր բնակվում էր մարդկության նախաստեղծ զույգը:
Ջրհեղեղը մինչև անգամ իր աշխարհավեր սասանմունքով չկարողացավ դուրս մղել հային հայրենի երկրից: Գրգուռ սարին նայելով, նա միշտ հիշում էր այն ավանդությունը, թե Նոյի տապանը այս սարին քսվելով, անցավ դեպի Սիփան լեռը, խնդրեց նրանից ընդունել իրան իր գագաթի վրա: Սիփանը համեստությամբ պատասխանեց, թե ինքը հայոց լեռների ամենակրտսերն է, և ցույց տվավ դեպի իր անդրանիկ եղբայրը — հսկա Արարատը, ասելով` «գնա՛ ի Մասիս, որ բարձր է քան զիս»:
Ահա` այսպիսի պատմական հիշատակներով էր կապված հայի սրտի հետ հայրենիքը, ուր սկսյալ ամենախորին հեթանոսական դարերից, ժողովրդի մեջ կենդանի մնացած ավանդությունները հիշեցնում էին նրան իր հին առասպելա-վիպական անցյալը:
Հայը չէր ուզում բաժանվել հայրենիքից: Հայրենիքը նրա սրբությունն էր: Այնտեղ ամեն մի քար, ամեն մի ավերակ հիշեցնում էին նրան իր վաղեմի մեծությունը»։
Րաֆֆի, հատված «Կայծեր» վեպից