Հայաստանի համար դեռ հույս կա՞
Շատերն են ասում՝ այո՛, Հայաստանի համար հույս կա, բայց ոչ մեզ համար… Դու ինչպե՞ս ես մտածում:
Ուզում եմ հիշեցնել Աստվածաշնչից մեկ համար.
«Եթե ես կապեմ երկինքը և անձրև չլինի, և եթե մարախին պատվիրեմ, որ երկիրն ուտի, և եթե ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ, և իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և իմ երեսը խնդրեն և իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մնացորդաց 7:13-14):
Հայաստանի համար հույս կա, եթե…
1. Եթե ապաշխարություն լինի.
Աստված Հովնանին պատվիրեց, որ գնա և քարոզի Նինվեի բնակչությանը: Անհնազանդությունից հետո, այնուամենայնիվ, նա գնում է, քարոզում և հետո հեռանում՝ սպասելով Նինվեի կործանմանը: Սակայն Աստված ողորմած էր. նա չկործանեց Նինվեն, որովհետև ժողովուրդն ապաշխարեց:
Ապաշխարել նշանակում է թողնել սեփական համոզմունքներն ու ապրել Աստծո Խոսքով և սկզբունքներով. այլևս ոչ միայն մենք ասում ենք, թե քրիստոնյա ենք, այլ սկսում ենք ապրել, և մեր կյանքն ու գործերն են ցույց տալիս, որ մենք քրիստոնյա ենք: Երբ որ մենք ապաշխարում ենք, սկսում ենք ապրել Աստծո չափանիշներով՝ զիջելով մեր տեղն Աստծուն:
Ես և դու ապաշխարելով ստանում ենք ներում. Աստված ուզում է ներել իր ժողովրդին: Աստված ուզում էր կործանել Նինվեն, սակայն նրանց տվեց ևս մեկ հնարավորություն… Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ունի՞ դեռևս հնարավորություն…
Եթե այսօր ժողովուրդն ապաշխարի, Աստված կայցելի… Եթե կան այսօր Հայաստանում անեծքներ՝ ատելության, սնոտիապաշտության, կեղծ հավատքների, մեր՝ ժողովրդի ապաշխարությամբ միայն Աստված այդ ամենը կվերցնի: Սակայն ինչպե՞ս կքանդվեն այդ անեծքները, ինչպե՞ս կապաշխարեն մարդիկ, եթե մենք դուրս չգանք և սկսենք քարոզել, ինչպե՞ս նրանք կընդունեն, եթե մենք չպատմենք:
Աստված ուզում է, որպեսզի մենք դուրս գանք և խոսենք մարդկանց հետ: Ոչ թե սպասենք հանգամանքներին և հարմար առիթի, այլ խոսենք, քարոզենք և վկայենք «ժամանակին և ժամանակից դուրս»:
Այսօր դու հնարավորություն ունես քո երկրի համար անփոխարինելի մի բան կատարել:
Երբ մարդիկ սկսում են ապրել Աստծո Արքայությունով, նրանց միջից վերանում է սուտը, չարությունը, հպարտությունը, նախանձը… Ինչո՞ւ է քրիստոնեական երկրում շատանում խաղատների թիվը, գիշերային ակումբները և շատ այլ անօրենություններ… Պատճառներից մեկն այն է, որ միգուցե ես ու դու քիչ ենք խոսում Քրիստոսի մասին: Աշխարհն ունի գովազդի, գայթակղելու հնարավորություն, իսկ մենք ունենք Քրիստոսի զորությունը:
2. Եթե արդարություն լինի.
Երբ որ Աստված ուզում էր կործանել Սոդոմն ու Գոմորը, նրան պետք էին արդարներ՝ չկործանելու համար, սակայն բավարար քանակով չգտնվեցին… Հայաստանում արդարներ կա՞ն: Հնարավո՞ր է Հայաստանում արդար ապրել… Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ հաճախ մենք ենք խախտում օրենքը, մենք ենք անարդարություն գործում: Աստված արդարացրել է մեզ, սրբել ու մաքրել է, և պետք է մենք գործենք Աստծո չափանիշներով ու Աստծո կամքով: Աստծո գերբնական զորությունը կգա մեր կյանքում, երբ մենք սկսենք ապրել արդարությամբ: Եթե ուզում ենք արդար երկրում ապրել, եկեք խոսենք և գործենք արդարությամբ:
«Մարդի որդի, երբ որ մի երկիր անհավատարմություն անելով մեղանչի ինձ դեմ, և ես մեկնեմ իմ ձեռքը նրա վրա և կոտրեմ նրա հացի ցուպը և նրա մեջը սով ուղարկեմ և բնաջինջ անեմ նրանցից մարդն ու անասունը. և լինի, որ այս երեք մարդիկ նրա մեջ լինեն՝ Նոյը, Դանիելը և Հոբը, սրանք իրենց արդարությունովը կազատեն միայն իրենց անձերը, ասում է Տեր Եհովան» (Եզեկիել 14:13-14):
Եթե մենք շարունակենք ապրել անարդարությամբ, գուցե մի օր տեսնենք, թե ինչպես Աստված վերցրեց իր ձեռքը մեր երկրի վրայից: Այս երկրի համար հույս կա, եթե արդար ապրենք և տարածենք արդարությունը:
3. Եթե եկեղեցին աղոթքով կանգնի այս երկրի և ժողովրդի համար.
Երբ որ հրեաները կանգնած էին կործանման եզրին, Եսթեր թագուհին համաձայնվեց գնալ թագավորի մոտ և բարեխոսել իր ժողովրդի համար: Բայց մինչ գնալը նա իր ազգականի միջոցով լուր ուղարկեց հրեաներին.
«Գնա ժողովիր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին, և ծոմ պահեցեք ինձ համար և երեք օր գիշեր և ցերեկ ոչ կերեք և ոչ խմեցեք: Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու և այնուհետև թագավորի մոտ պիտի գնամ, թեև օրէնք չէ, և եթէ կմեռնեմ՝ թող մեռնեմ։ Այն ժամանակ Մուրթքեն գնաց և այն ամենին համեմատ արավ, որ Եսթերն իրեն պատվիրել էր» (Եսթեր 4:14):
Եսթերը համաձայնվեց գնալ թագավորի մոտ միայն աղոթքից և ծոմապահությունից հետո: Աստված իր հրաշքն արեց, որովհետև իր ժողովուրդը կանգնեց աղոթքով:
Քանի՞սս ենք ծոմ պահել մեր երկրի համար, շաբաթվա կտրվածքով քանի՞ րոպե ես աղոթել քո երկրի ու քո ժողովրդի համար, որքա՞ն ենք այսօր աղոթում մեր երկրի խնդիրների ու դժվարությունների համար, մեր երկրի ղեկավարների և իշխանավորների համար… Եկեք աղոթենք, սիրելինե՛ր, աղոթենք մեր երկրի համար, հայաստանյան եկեղեցիների, միաբանության համար, Եղիայի պես հավատքով աղոթենք, Նէեմիայի պես սրտացավությամբ աղոթենք, Եսթերի պես պատասխանատվություն կրելով աղոթենք ու կանգնենք մեր երկրի համար:
Այս ամենը կլինի, եթե մենք հավատանք… Հավատա՛, որ Աստված վերահսկում է ամեն բան, և նա կարո՛ղ է փոխել…
Արտավազդ Թադևոսյան