Մայիսի 28. Առաջին Հանրապետության օրը
Մայիս ամիսը թերևս մեզ՝ հայերիս համար «ամենահաղթանակած» ամիսն է:
Հայ ժողովրդի մայիսյան հաղթական տոներն ամբողջացնում է մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օրը:
Այս օրն էր, որ կենաց ու մահի պայքարի արդյունքում, Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից ու Ղարաքիլիսայից հետո՝ 1918 թ-ի մայիսի 28-ին, ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Թեև առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ և գոյատևեց մինչ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը՝ Հայաստանի խորհրդայնացումը, այնուամենայնիվ, այն մի լուսավոր էջ է Հայ ժողովրդի պատմության մեջ, որ ցույց տվեց Հայի մարտական ոգին, չհանձնվելու, մինչև վերջ գնալու և իր երկրի ու ժողովրդի համար պայքարելու պատրաստակամությունը:
900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց:
Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին այս գեղեցիկ և կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ՝ թե՛ ազգային, թե՛ հոգևոր բնագավառներում:
Հ.Գ. Քրիստոնյա ազգում հաղթանակները պետք է ոչ միայն նյութական ու տեսանելի լինեն, այլ նաև բարոյական, այն է՝ հաղթանակ մեղքի նկատմամբ, վատ սովորությունների ու արատավոր երևույթների նկատմամբ:
Այնպես որ, սիրելի հա՛յ քրիստոնյա, մաղթում ենք քեզ հաղթանակներ նաև հոգևոր դաշտում, և մեր ցանկությունն ու փափագն է՝ տեսնել պետություն, որտեղ քրիստոնեական սկզբունքներն ու չափանիշները դրված կլինեն ամենաբարձր ու վեհ տեղում, որտեղ մարդիկ դեմ կլինեն հակաքրիստոնեական ցանկացած դրսևորման ու երևույթի, և ոչ միայն մեր անունը, այլ նաև կյանքն ու կենցաղը կլինի քրիստոնեական: