Քրիստոսն Ի՛նքն է հավիտենական կյանքը, Ի՛նքն է հավիտենական կյանքի հայտնությունը և Ի՛նքն է հայտնված հավիտենական կյանքը։ «Ով որ Որդուն ունի, կյանք ունի, իսկ ով Աստծո Որդուն չունի, կյանք չունի» (Ա Հովհ․ 5.12)։ Եվ հետևաբար, ժառանգել հավիտենական կյանքը նշանակում է ժառանգել Քրիստոսի անձը, լինել Նրա անձի հետ, հրապուրվել և ուրախանալ Նրա սիրալիր դեմքով, Նրա քաղցր ներկայությամբ և պաշտելի տեսքով։

Գրիգոր Նարեկացին իր «Մատյան»-ի տասներկուերորդ գլխում ասում է․ «Ո՛չ թե տուրքի, այլ Տվողի կարիքն ունեմ, փառք չէ՛, որ ցանկալի է ինձ, այլ Փառավորվածը՝ համբուրելի, ոչ թե կյանքի փափագով, այլ Կենարարի հիշատակով է, որ միշտ այրվում եմ, ո՛չ թե վայելքների փափագով եմ տառապում, այլ Պատրաստողի փափագով եմ երիկամներիս խորքից աղաղակում, հանգիստ չէ՛, որ փնտրում եմ, այլ հանգիստ Շնորհողի երեսն եմ խնդրում, ո՛չ թե հարսնատան խնջույքով, այլ Փեսայի կարոտով եմ մաշվում»։

Շատ մարդիկ այն տպավորությունն ունեն, որ հավիտենական կյանքը Քրիստոսի կողմից մեզ հանձնվելիք գանձ կամ պարգև պիտի լինի։ Սակայն, Իր գալստյան օրը Քրիստոսն ամենևին էլ ոչ մի «գանձ» չունի մեզ հանձնելու համար։ Հավատացյալ մարդու գանձը Քրիստոսն Ի՛նքը պիտի լինի։ Քրիստոսն Իրեն իբրև գանձ պիտի շնորհի բոլոր նրանց, ովքեր ծարավ են Իր ներկայությանը և Իր անձի հետ լինելու մեծ փափագ ունեն։

Ինչպես հաստատում է Պողոս առաքյալը․ «Քրիստո՛սն է անքննելի հարստությունը» (Եփ․ 3.8):

Վաղինակ ծ. վրդ. Մելոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.