Ո՞րն է հավատքի էությունը: Արդյո՞ք հավատքն անթափանց ամրոցի նման ինչ-որ բան է: Արդյո՞ք դա բացարձակ ճշմարտություն է եւ ստացվում է մաթեմատիկական բանաձեւերից՝ տալով հաստատուն եւ երաշխավորված արդյունքներ: Թե՞ հավատքի բնույթը նման է այն զգացողությանը, որն ունենում ես, երբ ինչ-որ դժվարին իրավիճակում ես՝ մատներդ հոգնած են, քրտնած եւ դանդաղորեն սահում են այն հենակետից, ժայռից կամ սայրից, որը խանգարում է անհավատության անդունդ ընկնելուց:

Զարմանալի է հավատքի բնույթը, երբ բախվում ես տարբեր իրավիճակների եւ փորձառության: Օրինակ՝ ծանր կորուստից հետո շատ անհատներ տառապանքի միջով են անցնում, ինչը նկարագրվում է որպես «հավատքի ճգնաժամ»: Այդ ամենը կարծես հիմք են հանդիսանում կրծելու սիրտը ճգնաժամի բեռի ներքո: Մյուսների համար հավատքը, կարծես, թեթեւ «ճոճանակ» է, որը տատանվում է որոշակի հստակության եւ կասկածի միջեւ: Բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը գրել է, որ «Մենք հարյուրավոր անգամներ բախվում ենք եւ՛ հավատալու , եւ՛ անհավատության խնդրին մեկ ժամվա ընթացքում»: Մինչդեռ շատերի համար հավատքը մշտական հավաստիացում է, ուժի զգացում եւ հանգստություն՝ անկախ դրան ուղղված հարձակումներից:

Իրապես, հասկանալ հավատալու բնույթը նշանակում է փորձել պարզաբանել վստահության եւ հավատքի հիմքերը: Որպես այդպիսին՝ դա պարզապես խոսակցություն չէ կրոնադավանների միջեւ, այլ իրական հարց է, որի շուրջ մարդիկ մշտապես բանավիճում են՝ հստակորեն ընդունո՞ւմ են դա, թե՝ ոչ: Մենք ամեն օր որոշում ենք կայացնում՝ վստահելու ավտոբուսի վարորդին եւ ավտոբուսին՝ մեզ աշխատանքի տանելիս: Մենք որոշում ենք կայացնում վստահել մայրուղու մյուս վարորդներին, որ նրանք եւս իրենց մեքենաները վերահսկողության տակ կպահեն եւ վթարային իրավիճակ չեն ստեղծի երթեւեկելի գոտում: Մենք որոշում ենք կայացնում վստահելու անհատներին՝ ամուսիններին, երեխաներին, ընկերներին, գործատուներին: Վստահության կիրառումն ապրելու եւ հարաբերությունների հիմնական պահանջն է այս աշխարհում:

Ահա, թե ինչու է ինձ համար այդքան հետաքրքիր, թե ինչու են «հավատքի» մասին խոսակցությունները հաճախ դառնում կրոնական քննարկումների թեմա: Գիտական ուսումնասիրություններում հաճախակի է ներառվում «հավատք» կամ «վստահություն» ունենալու հարցը, քանի որ հենց գիտությունն է դարձել այն չափանիշը, որով «չափվում» է ճշմարտությունը: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ գիտնականներն են փորձարկում «հավատքը» ընդունված գիտական ավանդույթներում: Ենթադրությունները, անցյալի հավաստիացված հայտնագործությունները եւ գիտական մեթոդները դառնում են հավատքի եւ գիտելիքի փոխհարաբերության մի մասը : Երբեմն նույնիսկ այս փոխհարաբերություններն են ենթարկվում փորձարկման, երբ ժամանակին «ճշմարիտ» ճանաչված արդյունքները կասկածի տակ են դրվում նոր ենթադրությունների եւ տվյալների ներքո: Հարաբերությունները դինամիկ են՝ անցնում են բազում անկումների ու տատանումների, վերելքների ու վայրէջքների, փոփոխությունների եւ լճացման միջով: Որպես այդպիսին՝ թվում է՝ կատարյալ սխալ է խոսել հավատքի եւ որոշակի հստակության մասին միեւնույն հարթության մեջ՝ նույնիսկ գիտության ոլորտում: Ինչպես պնդում է հեղինակ Ֆիլիպ Յենսին հավատքի անհրաժեշտ անորոշության մասին , «Կասկածը միշտ ուղեկցվում է հավատքի հետ, որովհետեւ վստահության առկայության դեպքում էլ ո՞ւմ է պետք հավատքն ընդհանրապես»:

Ուստի, տրամաբանական է զարմանքը հավատքի բնույթից: Պետք է զգուշանալ պարզ սահմանում տալուց: Քրիստոնեության խոսնակներից մեկի՝ Ս.Ս. Լյուիսի համար հավատքի էությունը բարդ եւ հեշտությամբ չընկալվող մի բան է: «Նկատելի վիշտ» իր սրտաճմլիկ հուշագրության մեջ Լյուիսը գրում է. «Դու երբեք չես իմանա, թե որքանով ես իսկապես հավատում ինչ-որ բանի, մինչեւ դրա ճշմարտությունը կամ կեղծիքը քեզ համար կյանքի ու մահվան խնդիր չդառնա: Հեշտ է ասել , որ հավատում ես, թե պարանը ամուր է, քանի դեռ դու այն չես կիրառել բեռը տեղափոխելու համար»: Կարծում եմ, որ Լյուիսը հռչակում է հավատքի խորը տատանողականությունը. այնուամենայնիվ, փորձվելուց հետո է բացահայտվում հավատքի իրական էությունը, նույնիսկ երբ այն տալիս է ցանկալի արդյունքը: Հենց այդ ժամանակ մենք կարող ենք անկեղծորեն անդրադառնալ այն բանին, որը մենք դրել ենք մեր վստահության հիմքում՝ անկախ վստահության առարկայի երաշխավորված լինելուն կամ չլինելուն:

Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում, որտեղ տեսանելի է դառնում հավատքի հիմքը, միեւնույն է, զորանալու եւ հույսի անհրաժեշտութուն է առաջանում: Ֆիլիպ Յենսին մատնանշում է, որ

«Այն, ինչն ինձ հույս է տալիս, որ Հիսուսը շարունակում է գործել, անկախ նրանից՝ հավատքի ինչ սերմնահատիկներ է մարդը հավաքել: Նա, ի վերջո, պատիվ տվեց բոլոր նրանց, ովքեր խնդրում էին' համարձակ հարյուրապետից մինչեւ կասկածող Թովմասը, մինչ հուզված հայրը, ով աղաղակում էր. « Ես հավատում եմ, օգնի՛ր ինձ հաղթահարել իմ անհավատությունը»:

Հավատքի իրական բնույթը անքակտելիորեն կապված է հարաբերությունների հետ: Որպես այդպիսին, այն ենթակա է հարաբերությունների բոլոր խճճվածություններին եւ բարդություններին: Ժամանակի ընթացքում անսասան եւ ուժեղ, երբեմն էլ փխրուն եւ թույլ հավատքը տատանվում է: Բայց Նազովրեցի Հիսուսում հայտնված Աստծո հետ անսասան հարաբերությունների մեջ մտնելը վստահեցնում է ինձ, որ չնայած բարդություններին եւ չնայած հավատքի իմ փոքր պաշարին, միեւնույն է, ես մշտապես հրավիրված եմ Աստծո հետ հարաբերություն ստեղծելու: Եվ երբ իմ հավատքը փորձվում է, դրա իրական էությունը աստիճանաբար բացահայտվում է:

Հեղինակ՝ Թոմ Փրայս
Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը


Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.