Հավատքի հերոսներ. Ինչպես Աստված այցելեց Բոնկեներին
Բոնկեների ընտանիքը, որը եկել է Գերմանիայի Արևելքից, Աստծուն չէր ճանաչում: Այդպիսին էր իմ ընտանիքը:
Իմ պապիկը՝ Ավգուստ Բոնկեն, հիվանդ մարդ էր: Մի առեղծվածային հիվանդություն, որը բժիշկներն անգամ չէին կարողանում ախտորոշել, տապալում էր նրան: Նա տանջալի ցավերի մեջ էր և գիշեր-ցերեկ ցավից աղաղակում էր: Բայց մեկ օր հրաշք կատարվեց:
1922թ-ին մի ամերիկացի միսիոներ՝ «Աստծո ժողովներ» եկեղեցուց, կորցնում է իր ճանապարհը գերմանական անծայրածիր մի անտառում՝ հենց այնտեղ, որտեղ իմ ընտանիքն էր ապրում: Նրա անունը Լուի Գրաֆ էր: Այս միսիոները լցված էր Սուրբ Հոգու զորությամբ: Որտեղ նա գնում էր, աղոթում էր հիվանդների համար և ականատեսը դառնում մեծ հրաշքների:
Երբ Լուի Գրաֆը կորչում է անտառում և արդյունքում գալիս մեր գյուղ, առաջին հարցը, որ նա տալիս է, սա է լինում՝ «Կա՞ արդյոք այստեղ հիվանդ մարդ»: Այո՛, և հիվանդը իմ հարազատ պապիկն էր:
Լուի Գրաֆը մտնում է Ավգուստ Բոնկեի տուն՝ ինչպես այրվող մի լապտեր մութ քարայրում: Կրոնավոր կասկածանքի և լճացման սարդոստայնը իսպառ վերանում է, մինչ նա առաջանում է այն անկողնուն, որտեղ Ավգուստը տենդի մեջ պառկած էր:
Նա հռչակում է կապյալներին ազատություն, բժշկություն ամեն մի հիվանդի և փրկություն ամեն աղքատ մեղավորի: Նա հռչակում է, որ Սուրբ Հոգին ուղարկվել է Աստծո զորությունը ցույց տալու, որը կարող է ամեն բան նորը դարձնել: Նա վերցնում է այդ հիվանդ մարդու ձեռքը և հռչակում, որ նա վեր կենա և վերականգնվի Հիսուսի անունով:
Ավգուստը իր ողջ մարմնով մեկ զգում է երկնքի զորության ալիքը: Նա ցատկում է իր անկողնուց և դողալով կանգնում ինչպես մի հանցագործ, ում շուրջը բանտի պատերը հենց նոր փլուզվել էին: Նա նայում է իր ձեռքերին ու ոտքերին այնպես, ասես հենց նոր դրանց շուրջը եղող երկաթե շղթաները կոտրվել էին:
Նա զգաց իր մի ժամանակ ուռած և բորբոքված մկանները վերականգնված, ասես դրանք երիտասարդության այն ճկուն վիճակում էին: Կինը՝ Մարին, ով նրա անկողնու կողքին էր եղել տարիներ շարունակ, սկսում է արտասվել: Պապիկս սկսում է քայլել, հետո վազել, հետո ցատկել, հետո աղաղակել: Նա ձեռքերի վրա է առնում կնոջը և արցունքներն աչքերին գրկում: Մեկ րոպե առաջ նա չէր կարողանում տանել անգամ թեթև հպումն իր մաշկին: Հիմա նա մարդ էր, ով ազատ էր ցավի կապանքներից: Նա ճշմարտապես ազատ էր:
Ես՝ Ռայնհարդ Բոնկեն, ծնվեմ եմ դրանից 18 տարի անց: Իմ հայրը՝ Հերման Բոնկեն, դարձել էր հովիվ: Սուրբ Հոգու կրակը փոխանցվել էր նրան և հետո էլ՝ ինձ: Աստված կանչեց ինձ լինելու Ավետարանիչ Աֆրիկայում: Ես հիմնեցի ծառայություն՝ «Քրիստոսը բոլոր ազգերի համար» և տեսա գրեթե 80 միլիոն հոգիների, ովքեր ընդունում էին Հիսուսին՝ որպես Փրկիչ:
Թող Սուրբ Հոգու այդ նույն կրակը լցնի ձեր սիրտը և ձեզ դրդի՝ գնալ Աստծո համար: