Հավատալ՝ առանց տեսնելու
Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն վայրը, որ հետագայում որպես ժառանգություն պիտի ստանար, եւ դուրս գնաց, չիմանալով, թե ուր է գնում: Եբրայեցիս 11.8
Սա հավատալ է առանց տեսնելու: Երբ մենք տեսնում ենք, հետո հավատում, դա տրամաբանական ձեւն է: Երբ ճամփորդում էի Ատլանտյան օվկիանոսով, դա ավելի լավ հասկացա: Օվկիանոսի վրա ո՛չ գիծ կար, ո՛չ ցուցատախտակ, եւ ոչ էլ որեւէ ուղեցույց, սակայն նավը գիշեր ու ցերեկ առաջ գնալով անտեսանելի գծի վրայով, երբ մոտեցավ ծովափին, մենք այն ժամանակ միայն տեսանք, թե ուր ենք հասել երեք հազար մղոն ճանապարհ կտրելով:
Ո՞վ էր չափել մեր ընթացքը: Ամեն օր նավապետը գործիքը ձեռքին եւ աչքերը դեպի հորիզոնը նավը առաջնորդում էր այդ հսկա օվկիանոսով:
Այդպես է նաեւ հավատքը: Պետք է նայես դեպի երկինք եւ առաջ ընթանաս Աստծուց եկած երկնային լույսի շնորհիվ, առանց տեսնելու ծովափնյա որեւէ գիծ, առանց առաջնորդվելու որեւէ փարոսով, առանց ուղեցույցի եւ նշանատախտակի:
Հավատքի ճամփան հաճախ թվում է անորոշ եւ ամբողջությամբ մութ ու վտանգավոր, սակայն մեծ Առաջնորդը՝ մեր նավի մեծ Ղեկավարը գնում է մեզ հետ՝ բացելով մեր ճանապարհը, որպեսզի մենք անվախ ու անվարան քայլենք, մինչեւ որ մեզ հասցնի իր խոստացած նավահանգիստը՝ նպատակը: Ուստի քայլենք ոչ թե տեսնելով, այլ վստահելով:
Մենք բոլորս էլ նոր քայլ անելուց առաջ ուզում ենք տեսնել ամբողջ ճանապարհը՝ իր բոլոր մանրամասնություններով: Եթե մեզ համար այդպես անելը կարելի լիներ, էլ ինչպե՞ս պիտի աճեինք շնորհների մեջ: Հավատքը, հույսը եւ սերը հասուն խնձորի չեն նմանվում, որ կարողանանք դրանք քաղել ծառերի վրայից: Առաջին քայլը մենք անելու ենք դեպի Աստծո զորության աղբյուրը, թեեւ ճշմարիտ է, թե Նա օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց, Նա օգնում է նաեւ նրանց, ովքեր չեն կարողանում օգնել իրենք իրենց: Դու ամեն ժամանակ եւ ամեն բանի համար կարող ես Նրան վստահել բացարձակապես:
«Վտակներ անապատի մեջ» գրքից