Հարթենք քարքարոտ և խորդուբորդ ճանապարհները
Արթու՛ն եղեք, հաստատու՛ն մնացեք հավատի մեջ, արիացե՛ք եւ զորացե՛ք: Ա.Կորնթացիս 16.13
Հեշտ կյանքի համար մի՛ աղոթեք, այլ աղոթեք, որ զորավոր անձնավորություններ լինեք: Մի՛ խնդրեք, որ ձեր փորձությունները ձեր ունեցած ուժի համեմատ լինեն, այլ ձեր փորձությունների ծանրության համեմատ ուժ խնդրեք: Այդ ժամանակ ոչ թե ձեր գործերը հրաշալիքներ պիտի լինեն, այլ դուք ինքներդ հրաշքներ պիտի լինեք:
Պետք է համոզվենք, որ Տեր Հիսուսը ո՛չ անձնասիրական գործերով, ո՛չ էլ շատ հեշտ կյանքով մեզ չպիտի տանի հոգեւոր բարձրության: Հեշտ կյանք սիրելը միշտ դեպի ներքեւ կիջեցնի մեզ: Երկիքը վերեւում է, մեզանից բարձր, եւ մենք ամեն ժամանակ դեպի վեր ենք նայելու: Կան շատ հավատացյալներ, ովքեր միշտ խուսափում են դժվարություններից կամ այն բաներից, որոնք շատ թանկ են արժենալու իրենց, այսինքն պահանջում են անձնուրացություն կամ զոհողություններ: Բայց դժվարություններն ու զոհողություններն են, որ մեզ ազնվացնում են: Մեծության հասնելու համար պետք է մեր իսկ ձեռքերով հարթենք քարքարոտ եւ խորդուբորդ ճանապարհները:
Եթե ձգտում ես հասնել լեռների բարձրունքներին եւ գեղեցկությանը, քաջ եղիր, զորացիր, դիմակայիր դժվարությունները, որոնք քեզ այդ տեղերը պիտի հասցնեն: Մենք չենք եկել աշխարհ խաղալու, երազելու կամ հոսանքով տարուբերվելու համար, այլ գործելու եւ ծանր բեռներ վերցնելու համար: Մի՛ տրտնջա, ուրիշին հանցավոր մի՛ ճանաչիր, մի՛ ամաչիր, կանգնի՛ր ու վկայի՛ր ճշմարտության համար: Քաջալերվի՛ր, հաղթանակի արշալույսը հորիզոնի վրա ծագելու մոտ է:
«Վտակներ անապատի մեջ» գրքից