Համացանցում արագորեն տարածվող հերթական ապատեղեկատվությունը․ «Միսիոներներ տեղափոխող» ինքնաթիռը
Արդեն երկու օր է, ինչ համացանցում և հատկապես՝ հայկական մեդիատիրույթում արագորեն տարածվում է ավիավթարի լուսանկար՝ հետևյալ վերնագրով ու տեքստով՝ «40 միսիոներ տեղափոխող ինքնաթիռը վթարվել է․ որևէ մեկը չի տուժել, բայց ԶԼՄ-ները լռում են»։
Իհարկե, այն, որ Աստված կարող է ցանկացած իրավիճակում պահել և փրկել յուրաքանչյուրին, դա քննարկման ենթակա չէ, սակայն՝ ի՞նչ ցույց տվեց christians.am-ի ամենապարզ դիտարկումներն ու փաստերի համադրումը։
Ավիավթարը եղել է 2018 թ․ մայիսի 22-ին, երբ Gulfstream G200 ինքնաթիռը մասնավոր թռիչք էր կատարում Տեխաս նահանգից Հոնդուրասի մայրաքաղաք։ Ըստ BBC-ի անդրադարձի՝ ինքնաթիռում վթարի պահին եղել է 6 հոգի։
Inside Edition-ը ևս, ի թիվս այլ հայտնի ԶԼՄ-ների, տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից՝ վկայակոչելով դարձյալ 6 ուղևորի՝
Ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, պատկանել է ոսկե իրերի վաճառքով և գրավադրմամբ զբաղվող մի ընկերության, իսկ թռիչքը եղել է մասնավոր և գործնական։
Եվ վերջում՝ ինչո՞ւ չէր կարող տվյալ ինքնաթիռում գտնվել 40 հոգի՝ այն պարզ պատճառով, որ ինքնաթիռը պատկանում է բիզնես դասին, արտադրվում է 2001 թ-ից և ունի ընդամենը 18 նստատեղ։
Լինենք տեղեկացված ու խուսափենք ապատեղեկատվություն տարածելուց։