Հաջողությունից դեպի ծառայություն. Դեյվիդ Ուիլքերսոն
Այն ժամանակ, երբ Պողոսը դեռ հայտնի էր որպես Սողոս, նա փոքր զորքով ճանապարհ էր ընկել Դամասկոս՝ քրիստոնյաներին գերեվարելու, Երուսաղեմ վերադարձնելու, բանտարկելու և խոշտանգելու համար: Բայց ճանապարհին Հիսուսը հայտնվեց նրան, և նա ընկավ գետնին (Գործք Առ. 9.3): Դողդողալով և զարմացած՝ այս հպարտ, մոլորված նախանձախնդիրը հարցրեց. «Տե՛ր, ի՞նչ ես ուզում, որ անեմ»: Հիսուսը նրան ուղղորդեց գնալ քաղաք, որտեղ «նա մնաց երեք օր ՝ առանց տեսողության. ոչ ուտում էր, ոչ էլ խմում» (Գործք Առ 9.9):
Այդ երեք օրերի ընթացքում Սողոսի միտքը փոխվեց, քանի որ նա անդադար բուռն աղոթքի մեջ էր՝ վերանայելով իր անցյալը և հրաժարվելով իր չար ճանապարհներից: Հենց այդ ժամանակ Սավուղը դարձավ Պողոս: Նա «մի քանի օր աշակերտների հետ անցկացրեց Դամասկոսում: Նա անմիջապես սկսեց ժողովարաններում քարոզել Քրիստոսին՝ որպես Աստծո Որդի» (Գործք Առ. 9.19-20):
Պողոսը մի մարդ էր, ով կարող էր ասել. «Ես ազդեցության տակ գտնվող մարդ էի. իմ բոլոր հասակակիցները՝ ներառյալ փարիսեցիները, լսում էին ինձ: Ես Օրենքի հզոր ուսուցիչ էի, համարվում էի սուրբ մարդ, քարոզում էի բարձրավանդակներում: Բայց երբ Քրիստոսը ծնկի բերեց ինձ, ամեն ինչ փոխվեց: Ձգտումը, մրցակցությունը, այն ամենը, ինչը, իմ կարծիքով, կյանքիս իմաստ էր տալիս, փոշիացան: Ես տեսա, որ լիովին կորցրած եմ եղել Տիրոջը»:
Պողոսը կարծում էր, որ իր կրոնական հավակնությունները, իր աշխատանքները, մրցունակությունը, զբաղվածությունն արդարության և Աստծո փառքի համար էին: Այժմ Քրիստոսը հայտնեց նրան, որ այդ ամենը մարմնական է՝ իր սեփական «ես»-ի համար: Ուստի, Պողոսն ասաց. «Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։ Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ»: Ա Կորնթացիս 9.19:
Նա, ըստ էության, ասում էր. «Ես մի կողմ դրեցի հաջողության և ճանաչման բոլոր իմ ցանկությունները և որոշեցի ծառայել»:
Պողոսը հավատում էր, որ Քրիստոսի միտքը ի զորու է փոխելու մարդու ձգտումները բոլոր ժամանակներում: Երբ Քրիստոսը դարձավ նրա լիակատար բավարարվածությունը, նա իր ձգտումներն ուղղեց երկնայինների վրա. «Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։ Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները. Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ»: Կողոսացիս 3.1-3:
Մեր աղոթքը պետք է լինի. «Տե՛ր, ես չեմ ուզում կենտրոնանալ միայն իմ անձի վրա մի աշխարհում, որ դուրս է եկել վերահսկողությունից: Գիտեմ, որ Դու իմ ճանապարհները պահում ես Քո ձեռքերում: Խնդրում եմ, Տե՛ր, տո՛ւր ինձ Քո միտքը, Քո մտածողությունը, Քո մտահոգությունները»:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը