Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան…

- Մա՜մ, ծարավ եմ: Խմել եմ ուզում: Սուսաննա Պետրոսյանը լսում էր աղջկա աղաչանքները, բայց ոչինչ չէր կարող անել: Նա չորս տարեկան Գայանեի հետ հայտնվել էր մի քանի տոննայանոց երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Նրանցից ոչ հեռու Կարինեի մարմինն էր՝ Սուսաննայի խնամու, ով սովետական Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժի 55000 զոհերից մեկն էր:

Դժբախտությունն իր գալուց առաջ երբեք չի թակում, իսկ այս անգամ այն ուղղակի հարվածեց դռանը: Սուսաննան եկել էր Կարինեի մոտ, որպեսզի փորձի զգեստը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր, ժամը՝ 11 անց 30 րոպե: 11 անց 41 րոպեին սկսվեց երկրաշարժը: Սուսաննան նոր էր հանել զգեստը՝ մնալով միայն ներքնաշորերով, երբ Կարինեի բանակարանը հինգերորդ հարկում ցնցվեց: Սուսաննան գրկեց աղջկան, բայց մի քայլից հետո հենք ոտքերի տակ այլևս չկար: Սուսաննան, Գայանեն ու Կարինեն ընկան նկուղ՝ թաղվելով ինը հարկանի շենքի փլատակների տակ:

- Մա՜մ, խմել եմ ուզում: Խնդրում եմ, տո՛ւր ինձ ինչ-որ բան: Սուսաննան ոչինչ չուներ նրան տալու: Սուսաննան պառկած էր մեջքի վրա ձգված: Վերևից կախված բետոնե վահանակը և ուսերը սեղմող ոլորված խողովակը չէին թողնում նրան վեր կենալ: Մթության մեջ խարխափելով՝ Սուսաննան հրաշքով գտավ 700 գրամանոց մոշի մուրաբայի մի բանկա: Նա ամբողջը տվեց աղջկան: Երկրորդ օրը մուրաբան վերջացավ:

- Մայրի՜կ, այնպես խմել եմ ուզում… Սուսաննան գիտեր, որ մահանում է, բայց ուզում էր, որ աղջիկը կենդանի մնա: Նա գտավ այն զգեստը, գուցե այն, որ փորձում էր, և դրանից պատրաստեց անկողին Գայանեի համար: Չնայած ցուրտ էր՝ նա հանեց իր վրայից կիսագուլպաները և ծածկեց երեխային, որ գոնե մի քիչ տաքացնի: Փլատակների տակ նրանք ապրեցին ութ օր: Մթության մեջ Սուսաննան կորցրել էր ժամանակի զգացողությունը: Ցրտից ոտնաթաթերն ու ձեռքերը թմրել էին: Շարժվելու անկարողությունից նա կորցրել էր հույսը. «Ես ուղղակի պառկել էի ու սպասում էի մահին»: Սկսվեցին հալյուցինացիաներ: Մտքերս խառնվել էին: Ողորմած քունը ժամանակ առ ժամանակ ազատում էր նրան կենդանի թաղված լինելու սարսափից, բայց այն երկար չէր տևում: Նրան միշտ ինչ-որ բան արթնացնում էր՝ սովը, ծարավը, հաճախ աղջկա ձայնը՝ մա՛մ, խմել եմ ուզում: Մի պահ այդ անվերջանալի գիշերում միտք ծագեց: Նա հիշեց Արկտիկան ուսումնասիրողի մասին մի հաղորդում, ով մահանում էր ծարավից:  Նրա ընկերը կտրում էր ձեռքը և տալիս նրան խմելու իր արյունը. «Մենք ո՛չ ջուր ունեինք, ո՛չ հյութ, ո՛չ մի խմելու բան: Այդ ժամանակ էլ հիշեցի, որ դեռ ունեմ արյունս»: Ցրտից քարացած մատերով Սուսաննան շոշափեց ապակու կտոր: Կտրելով իր ձախ ցուցամատը՝ նա տվեց այն ծծելու իր աղջկան: Մի քանի կաթիլը բավարար չէր:

- Մայրի՜կ, խնդրում եմ, էլի: Էլի մատ կտրի՛ր: Սուսաննան արդեն հաշիվը կորցրել էր, թե քանի անգամ էր ինքն իրեն կտրել: Նա միայն գիտեր, որ հակառակ դեպքում Գայանեն կմահանա: Իր արյունը վերջին հույսն էր աղջկա համար…

«Մայրի՜կ, այնքան խմել եմ ուզում»,-խնդրում էր Գայանեն: «Այդ ժամանակ էլ հիշեցի, որ դեռ ունեմ իմ արյունը»,- պատմում է Սուսաննան:

Եվ ձեռքը խոցված էր, և արյունը թափված էր, և երեխան փրկված էր:

«Տե՛ր, մենք այնքան ծարավ ենք»,-աղոթում ենք մենք: «... Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց»,- պատասխանում է Հիսուսը:

«Երկնային օվացիաներ» գրքից

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.