Բրայան Ֆիլիպ Ուելչն, ով ավելի հայտնի է «Head» (գլուխ) մականվամբ, «Korn»ռոք խմբի կիթառահարն ու հիմնադիրներից մեկն էր։ Խումբն էականորեն ազդել է «Նյու մետալ» ժանրի զարգացման վրա։ Ուելչը հայտնի էր իր անսովոր, ագրեսիվ ու ծանր ռիֆֆերով, որոնք 90-ականների երկրորդ կեսին ազդել են այլընտրանքային երաժշտության զարգացման վրա։

2005 թվականի փետրվարի 22-ին «Korn»-ը հայտարարեց, որ 13 տարվա համատեղ գործունեությունից հետո, իրենց և Բրայանի ուղիները բաժանվել են, և որ նա ընդունել է Քրիստոսին՝ որպես իր Տեր ու Փրկիչ ու խմբից հեռանալու որոշում կայացրել։ 2005 թվականի մարտի 10-ին Բրայանը ջրով մկրտվել է Հորդանանում։

2007 թվականին լույս տեաավ Բրայան Ուելչի ինքնակենսագրական գիրքը՝ «Փրկիր ինձ ինքս ինձանից. Ինչպես գտա Աստծուն, հեռացա «Korn»-ից, ազատվեցի թմրանյութերից և ապրեցի, որպեսզի պատմեմ իմ պատմությունը»։ Դրանում հեղինակը պատմում է թմրանյութերից ու բացասական կյանքից ազատվելու մասին։

«Թվում էր, թե որքան ավելի հայտնի էր դառնում «Korn»-ը, այնքան ավելի շատ էր վնասվում իմ անձնական կյանքը։ Դա նույնն է, որ ինչքան մարդը հայտնի է դառնում, այնքան ավելանում են խնդիրները։ Դա իմ կյանքի ամենավատ ժամանակահատվածն էր, երբ ես ամբողջովին կախված էի թմրանյութերից։ Ես օգտագործում էի դրանք ամեն օր և առանց դրանց, նույնիսկ, չէի կարողանում անկողնուց վեր կենալ։ Ես և՛ դրանց կարիքն ունեի, և՛ ցանկանում էի ազատվել։ Շատ էի փորձում, գնում էի վերականգնողական կենտրոն, բայց ոչինչ չէր ստացվում։ Ես նույնիսկ չէի հասկանում, որ վերադառնում էի Քրիստոսին։ Նույնիսկ, չգիտեի, որ ճանաչում եմ Նրան։ Ես լսել էի, որ Նա իրական է, բայց երբեք ինքս չէի զգացել։ Երբ վերականգնողական կենտրոն բազմաթիվ այցելություններն ինձ չօգնեցին, ընկերս ինձ եկեղեցի հրավիրեց, որտեղ ինձ ընդունեցին։ Քարոզիչն ասում էր, որ մենք պետք է ուղղակի գանք և ամեն օր հաղորդակցվենք Աստծո հետ, և Նա կգործի մեր կյանքում։ Եթե մենք նրա հետ լինենք, վատ սովորությունները կհեռանան մեր կյանքից։ Երբ վերադարձա տուն, սկսեցի աղոթել. «Աստվա՛ծ, եթե դու իրական ես, ինչպես այդ մարդն ասում էր, խնդրում եմ, հեռացրու ինձանից թմրանյութերը։ Բացիր ինձ Քեզ»։ Մոտավորապես մեկ-երկու շաբաթ անց ես ընկերոջս օգնությամբ, կարողացա դեն նետել ամբողջ թմրանյութերն, որովհետև Նա ցույց տվեց, որ իրական է, և ես հարցրեցի Նրան. «Այո, դու ցույց տվեցիր, որ կաս իմ կյնաքում, իսկ հիմա ի՞նչ պետք է անեմ ես»։ Եվ այդ ժամանակ ես հեռացա «Korn»-ից»։

«Գրքիս նպատակը նույնն է, ինչ աղոթքս. ես աղոթում եմ, որ մարդիկ հասկանան Աստծո իրական լինելը և ցանկանան ճանաչել Նրան ավելի, քան աշխարհում եղած ցանկացած բանը։ Ես աղոթում եմ, որ մարդկանց աչքերը բացվեն, և տեսնեն՝ որքա՜ն մեծ է սիրող Հայրը։ Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհը փրկվի։ Ես աղոթում եմ, որ բոլորը, ներառյալ  քրիստոնյաները, մեծ ցանկություն ունենան ավելի սերտ մտերմանալ Աստծո հետ։ Եվ շատ լավ կլինի, որ այս գրքի միջոցով բոլոր թմրամոլներն ազատվեն կախվածությունից»։

Բրայան Ուելչը, «Радио М»-ին տված հարցազրույցում ասել է. «Երբ ես հարուստ ու հայտնի դարձա, մտածեցի, որ դա բավարար է ինձ, բայց հետո սկսեցի մեծ դատարկություն զգալ, ինձ ինչ-որ բան պակասում էր։ Իմ սիրտը կոտրված էր, և ես չէի կարողանում գտնել այն, ինչ փնտրում էի։ Երբ հանդիպեցի Աստծուն, Նա կարծես բանալի եղավ, որը բացեց իմ սիրտը, և ես հասկացա, թե ինչ է կյանքը. կյանքը՝ Նրան ճանաչելն է։ Ես որոշեցի հետևել նրան, որովհետև ցանկացա իմանալ՝ ով է Նա, ում մոտ գտնվում է իմ կյանքի բանալին։ Եվ ես պետք է հեռանայի խմբից, որպեսզի ժամանակ ունենայի ճանաչելու Նրան։ Երաժշտական աշխարհն ինձ այդպիսի հնարավորություն չէր տալիս ճանաչել Աստծուն, դրա համար ես թողեցի այն։ Նա փրկեց ինձ։ Ես կարող էի մեռած լինել։ Դրա համար ես դուրս եմ գալիս իմ հարմարավետության գոտուց։ Ես կարող էի արձակուրդս անցկացնել դստերս հետ, կարող էի քնել, հանգստանալ, բայց գնում եմ յուրաքանչյուր նրա կողմից բացված դռնով։ Կարևոր չէ, թե որքան անհարմար է այդ ամենը, ես շատ եմ սիրում Նրան և Ես Նրան պարտական եմ»։

Աղբյուրը՝ invictory.org

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.