Գալիս են․․․ վիրավոր, գլխիկոր, վշտացած․․․
Գալիս են... Վիրավոր, գլխիկոր, վշտացած, փշրված ու սրտաբեկ գալիս են...
Արցունքներն աչքերին դեռ չչորացած, տուն ու տեղ կորցրած, ամուսնուն ու որդուն հողին հանձնած գալիս են...
Թողնենք գզվռտոցները, իրար հանդեպ թշնամանքը, թույնը, մաղձը։ Ախր գալիս են...
Տեղ պատրաստենք, մեր սրտերը պատրաստենք, մերոնք են, ձերոնք են, գալիս են...
Մեր հացը կիսենք, նրանց ցավը կիսենք, նրանց հետ լացենք, նրանց մխիթարենք... Գալիս են...
Եվ կապ չունի, թե որտեղ ես ապրում՝ Գլենդելո՞ւմ ես, թե՞ Բրյանսկում, Մոսկվայո՞ւմ ես, թե՞ Փարիզում։ Թե հայ ես, չես կարող խիղճդ դնել հացիդ մեջ ու կուլ տալ, գլուխդ հանգիստ դնել բարձին ու քուն մտնել, երբ քույրերդ ու եղբայրներդ տուն չունեն, հաց չունեն, քուն չունեն։
Խունացած, խաբված, խոցված, վշտից պապանձված, լացելուց ուժը կորցրած, հույսը կորցրած գալիս են...
Իրենց խոխեքի, ձեդոյի ու բաբոյի հետ գալիս են...
Հյուր չեն, մերն են, ուրիշին էլ չունեն, քեզանից բացի հարազատ չունեն, գալիս են...
Ձեզ վշտակից՝ Վազգեն Զոհրաբյան