Եվ Նա սկսեց դանդաղ, վեհորեն վեր բարձրանալ…
Սարի վրա մեծ բազմություն էր հավաքվել: Կարծես ինչ-որ կարևոր հանդիպում էր լինելու, ինչ-որ կարևոր ժողով:
Բոլորը խոսում էին միմյանց հետ, հարցեր տալիս, որոշներն անգամ թերահավատորեն հարցնում էին կողքիններին՝ «Բայց նա իրո՞ք հարություն է առել, մի տեսակ չեմ հավատում», մյուսներն էլ վստահ պատասխանում էին՝ «Չէ՛, հաստա՛տ հարություն է առել, ասում են՝ քանի անգամ էլ իր աշակերտներին է երևացել»:
Ու հանկարծ բոլորի ուշադրությունը սևեռվեց Նրա վրա… Այո՛, Նա՛ էր, այն նույն Հիսուսը, ում տարիներ շարունակ տեսել ու ճանաչել էին, ում պատգամները լսելու համար տասնապատիկ շատ մարդիկ էին հավաքվել լեռան վրա… Նա էր՝ նույն հայացքով, նույն սիրով ու խաղաղությամբ:
Նա նայում էր հավաքվածներին ու ժպտում: Նայում էր անհանգիստ Պետրոսին, թերահավատ Թովմասին, սիրելի Հովհաննեսին, Մարիամին, ում աչքերը շողում էին ուրախությունից… Որքա՜ն ասելիք ուներ նրանց, դեռ որքա՜ն բաներ պիտի սովորեցներ… Բայց չէ՜, արդեն Իր գնալու ժամանակն էր…
«Գնացեք բոլոր աշխարհը և Ավետարանը քարոզեք ամեն արարածի: Ով որ հավատաց և մկրտվեց, կփրկվի, և ով որ չհավատաց, կդատապարտվի»: Նրա ձայնը շատ վստահ էր, հրամայող, կարծես մի կարևորագույն հանձնարարություն էր տալիս հավաքվածներին: «Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր կբռնեն ու եթե մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»:
Աշակերտներն ուշադիր լսում էին ամեն մի բառը, թեև շատ բաներ չէին հասկանում: Ի՞նչ լեզուների մասին էր խոսում, ի՞նչ օձեր պիտի բռնեին, ինչո՞ւ պիտի մահադեղ խմեն ու ինչո՞ւ պիտի իրենք դևեր հանեն ու աղոթեն հիվանդների համար, երբ կա Ինքը: Իսկ գուցե Ինքն այլևս չի՞ ուզում մնալ իրենց հետ… Բայց չէ՜, Հիսուսի վերջին խոսքերը փարատեցին ամեն կասկածները՝ «Ահա ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը»:
Այս ասելուց հետո կատարվեց անհավատալին: Հանկարծ Նա սկսեց դանդաղ, վեհորեն վեր բարձրանալ՝ ինչպես կվայելեր իսկական Թագավորին…
Մարիամի աչքերում արտասուք երևացին… Մի՞թե այլևս չի տեսնելու Նրան, մի՞թե այլևս առիթ չի ունենալու նստել նրա ոտքերի մոտ ու ժամեր շարունակ լսել Նրան…
Թովմասը գլուխը կախել էր ու լուռ արտասվում էր… Ախր ինչպե՞ս կարող էր կասկածել Նրա խոսքերին, ինչպե՞ս կարող էր չհավատալ… Իսկ Նա՞: Նա չհանդիմանեց, այլ սիրով ձեռքերն իրեն պարզեց ու ասաց՝ «Արի՜, Թովմա՛ս, արի ու շոշափիր վերքերս, դու տեսար ու հավատացիր, բայց երանի՜ նրանց, որ չեն տեսել ու կհավատան»:
Իսկ Պետրոսը նայում էր հեռացող Քրիստոսին ու ժպտում. Ուսուցիչն արեց այն ամենը, ինչ խոստացել էր, նա ուժեղ էր, քան մեղքն ու գայթակղությունը, քան մահն ու գերեզմանը, քան տիեզերքն ու անգամ ձգողականության ուժը… Նրա համար անհնարին ոչինչ չկար…
Սիրելի՛ քրիստոնյա, մեծ հանձնարարականն արդիական է նաև այսօր. Քրիստոսի խոսքերն ուղղված էին իրեն հավատացողներին, այդ թվում՝ նաև ինձ և քեզ, ուստի մի՛ հապաղիր կատարելու այն. գնա՛ և քարոզի՛ր, գնա՛ և աղոթի՛ր, գնա՛ և գործի՛ր Նրա անունով և Նրա անունից ու միշտ հիշիր Նրա խոսքերը՝ «Ահա ես քեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը…»:
Նրա գալուստը շատ մոտ է…
Արմեն Նիազյան