Եթե պարծենամ, միայն՝ Տեր Հիսուս Քրիստոսի խաչով
Բայց ես, քավ լիցի, որ պարծենամ, այլ միա՛յն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի: Գաղ. 6․14
Ոմանք ապրում են իրենց անձնական երազներով եւ հույսերով: Սակայն Տերը սկսեց նրանց ուրիշ բաներ սովորեցնել, ուստի նրանք սկսեցին աղոթել վշտերի համար, եւ Տերը նրանց վշտեր ուղարկեց: Նրանք, ովքեր սրբության համար աղոթեցին, նրանց փորձություններ ուղարկեց, հեզություն խնդրեցին, եւ Տերը նրանց սրտերը կոտրեց: Խնդրեցին, որ Նրան նմանվեն, նրանց Նա դրեց տաք կրակով փռի մեջ եւ նրանց մոտ նստեց արծաթ եւ ոսկի զտողի նման, որպեսզի ղեկավարեր տաքության ջերմաստիճանը, մինչեւ որ Իր պատկերը տեսներ նրանց վրա: Ուզեցին Նրա խաչը վերցնելով Նրա հետեւից գնալ, ու երբ Նա խաչեր հանձնեց նրանց, նրանց ոտքերն ու ձեռքերը վիրավորվեցին: Ավա՜ղ, համաձայն էին ծառայել, քան տառապել: Ավելի հեշտ էր իրենց խաչը կրել, քան նրա վրա խաչվել, սակայն արդեն էլ չէին կարող ետ դառնալ: Հիսուսը նրանց վրա էր կատարում Իր խոստումը. «Ես էլ երբ երկրից բարձրանամ, բոլորին դեպի ինձ պիտի քաշեմ»:
Նրանք միայն ականջներով էին լսել, սակայն հիմա իրենց աչքերով էին տեսնում Նրան: Նա իր սիրո հայացքը ուղղել էր նրանց, ինչպես Պետրոսին եւ Մարիամին, եւ էլ չէին կարող չհետեւել Նրան:
Խաչի խորհուրդը սկսել էր իր շողերը կամաց կամաց սփռել նրանց վրա եւ նրանք տեսան Նրան բարձրացած, տեսան այն փառքը, որ Նրա վերքերից էր հոսում եւ նայեցին ու հետեւեցին Նրան, եւ հետեւելով Նրա նմանությունը ստացան, որովհետեւ Նա այլեւս ապրում էր նրանց մեջ եւ դա ինչ որ անբացատրելի մի վայելք էր: Այլեւս հոժար էին զրկվել երկրային վայելքներից եւ հետեւել Նրան այնտեղ, ուր Նա էր գնում: Անտեսվել այստեղ, եւ փառավորվել Նրա թագավորության մեջ: Երբեմն սայթաքեցին, սակայն Նա սիրով բռնեց նրանց: Վերջապես իրենց ամբողջ կյանքի ընթացքում տեսան, թե Նրա կամքը լավագույնն էր՝ խաչ կրել այստեղ, վերեւում թագ կրելու համար: Նրանք ամբողջությամբ տարել էին հաղթանակը:
Աղբյուրը՝ «Վտակներ անապատի մեջ» գիրք