Եթե մեկն Ինձ սիրի, Իմ խոսքերը պիտի պահի
Եթե մեկն Ինձ սիրի, Իմ խոսքերը պիտի պահի, եւ Իմ Հայրը պիտի սիրի նրան, եւ մենք Նրա մոտ պիտի գանք եւ պիտի բնակվենք նրա հետ: Հովհ. 14:23
Ամեն անգամ, երբ վստահում եմ Աստծուն, Նրա համար իմ մեջ բնակվելու տեղն եմ ընդարձակում, որպեսզի Նա Իր ամբողջ կատարելությամբ հաստատվի իմ մեջ, գրավելով էությանս բոլոր տեղերը: Սա մի փառավոր ապահովություն եւ անսահման մխիթարություն է: Թույլ տվեք, որ նորից կրկնեմ այս ճշմարտությունը, որովհետեւ սա՛ է հոգու քաղցրագույն երգը:
Կյանքի դժվարությունների մեջ Աստծուն վստահելու ամենափոքր արարքս մեծ եւ ընդարձակ տեղ է տալիս Նրան՝ իմ ներսում:
Այսպիսով իմ փոքրիկ փորձառությունները ինձ պատրաստում են մեծ անակընկալների: Հասարակ, պարզ ճանապարհները ինձ պատրաստում են լեռների վերելքին: Խոտավետ արոտների եւ հանդարտ ջրերի մոտ ինքս ինձ պատրաստում եմ մահվան շուքի ձորին: Քանի որ մինչեւ ես հասնեմ մահվան շուքի ձորը, լեռներին եւ անակընկալ փորձություններին, արդեն ամբողջությամբ գրավված եւ լցված պիտի լինեմ Նրանով:
Որտեղ Նա է բնակվում, այնտեղ Նա է կառավարում: Երբ Նա բնակվի իմ մեջ, դա կնշանակի, թե Նա պիտի կառավարի բոլոր ուժերս: Խոսողը ես պիտի չլինեմ, այլ իմ երկնավոր Հայրս, որ ապրում է իմ մեջ: Նա պիտի լինի իմ կամքը կառավարողը եւ զորացնողը, միտքս լուսավորողը եւ իմ ամբողջ կյանքս զորությամբ եւ կենսունակությամբ լցնողը:
Ուստի հոգ տար, որ Նա տեղ գտնի եւ տարածվի քո մեջ: Ճ.Հ. Ճիուէթ
«Վտակներ անապատի մեջ» գրքից