Եթե իմ ժողովուրդը խոնարհվի... Յուրաքանչյուր ուրբաթ աղոթքի և ծոմապահության օր Հայաստանում
«Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մն. 7.14)
Արժևորելով միաբան աղոթքն ու ծոմապահությունը` Christians.am կայքի խմբագրությունն առաջարկել էր յուրաքանչյուր ուրբաթ սահմանել աղոթքի և ծոմապահության օր մեր երկրի ու մեր ժողովրդի համար, որին միացան շատ առաջնորդներ, եկեղեցիներ, անհատներ:
«Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի...» (Հակոբոս 5.16):
Մենք հավատում ենք, որ հատկապես այս օրերին կարիք ունենք ավելի միաբան, որպես մեկ մարմին՝ կանգնելու Տիրոջ առաջ և բարեխոսելու մեր երկրի, տնտեսության, համաճարակի և ծառացած այլ խնդիրների համար, որպես հոգևոր սպասավորներ՝ ցավ քաշելու և աղաղակ բարձրացնելու առ Աստված մեր այն հայորդիների համար, ովքեր դեռևս չունեն վերստին ծնունդ, հետևաբար՝ նաև փրկության վստահություն:
Մենք կոչ ենք անում բոլոր եկեղեցիներին, հոգևոր առաջնորդներին՝ միանալ և միաբան ամեն ուրբաթ հռչակել ծոմապահության և աղոթքի օր:
Աղոթքի և ծոմապահության մեր առաջարկած հիմնական ուղղություններն են՝
- Անհատը, նրա փոխհարաբերությունն Աստծո հետ, վերստին ծնունդն ու հոգևոր աճը
- Եկեղեցին, Քրիստոսի մարմնի միաբանությունը, սերը, զորացումը
- Մեր երկիրը, երկրի հոգևոր արթնությունը, տնտեսությունը, առողջապահությունը...
Եթե կլինեն հոգևոր առաջնորդներ, հովիվներ, ովքեր կցանկանան միաբանվել, կցանկանան այդ օրը ուղերձով հանդես գալ և քաջալերել մեր հավատակից քույր-եղբայրներին (գրավոր խոսքով կամ տեսանյութով), կարող եք գրել մեզ, ուղարկել Ձեր հորդորը info@christians.am-ին կամ մեր ֆեյսբուքյան էջին, և մենք սիրով կհրապարակենք:
Christians.am խմբագրություն