Ես պատասխանում եմ քո աղոթքներին
«Խնդրեք և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ» (Մատթևոս 7.7):
Տարիներ շարունակ ես թակում, թակում էի այդ դուռը՝ կրկնելով.
«Տե՛ր, նորից ես եմ: Ես այստեղ եմ՝ կանգնած դռան առջև: Տե՛ր, արդեն 15 տարի է՝ նույն աղոթքն եմ անում, անվերջ խնդրում, աղաչում Քեզ, բայց թվում է, թե երբևէ ինձ չես լսել ու չես լսում: Այն ամենը, ինչ տեսնում եմ ես իմ կյանքում, անվերջ թակոցից կարմրած ձեռքերս են և այս փակ դուռը: Տե՛ր, արդյոք չե՞ս հոգնել իմ այս աղոթքից և դռան թակոցից»:
Աղոթում էի այսպես և մի օր ներսումս մի ձայն լսեցի. «Լռի՛ր և լսի՛ր»:
Երբ տրտունջս, լացս ու հարցերս մի կողմ դրեցի և սկսեցի համակ ուշադրությամբ լսել, դռնից այն կողմ ականջիս աղմուկ հասավ: Ասես այնտեղ կահույք կամ այլ ծանր իրեր էին տեղափոխում:
Հետո լսեցի այդ նույն ձայնը. «Ամենը, ինչ տեսնում ես՝ փակ դուռն է: Սակայն ես դռան մյուս կողմում գործում եմ՝ փոխելով իրավիճակներն այնպես, որ դրանք համապատասխանեն քո աղոթքներին: Ես պատասխանում եմ քո աղոթքներին: Պարզապես դու կտեսնես այդ ամենը, երբ դուռը վերջնականապես կբացվի: Գրեթե ամեն բան արդեն իր տեղում է, ես աշխատանք եմ տարել տարբեր մակարդակների վրա, մնում են վերջին «վրձնահարվածները»:
Երբեք չեմ մոռանա այս խոսքերի պատկերը, որ Աստված մեկ օր տվեց ինձ, երբ աղոթում էի տարիներ շարունակ աղոթածս աղոթքը: Նա խոսեց սրտիս հետ, և աչքերիս առաջ տեսա այս պատկերը:
Ես կարող եմ վկայել, որ Աստված իսկապես պատասխանեց այդ աղոթքին, և ամեն բան հենց այնպես էր, ինչպես Ինքն էր ասել: Երբ «դռները բացվեցին», ամեն բան ճիշտ իր տեղում էր:
Արդյո՞ք քո ձեռքերը նույնպես կարմրել են երկնքի դուռը թակելուց:
Մի պահ կա՛նգ առ և լսի՛ր: Խաղաղվի՜ր Աստծո ներկայության մեջ և թո՛ւյլ տուր Նրան ցույց տալ քեզ, որ կուլիսների հետևում Նա անում է ավելի՛ն, քան դու խնդրում և պատկերացնում ես:
Անջելա Մունիզի