Ես օծյալի վրա ձեռք չեմ բարձրացնի
Դավթի կյանքը վտանգված էր. նա փախչում էր կատաղած Սավուղից՝ փրկելու իր կյանքը: Թեև Սավուղն էր թագավորը, սակայն Դավթի կյանքում մի նշանակալի իրադարձություն էր տեղի ունեցել. նա արդեն օծվել էր՝ որպես Իսրայելի թագավոր: Չգիտեմ՝ Սավուղը տեղյա՞կ էր այդ մասին, թե՝ ոչ, բայց Դավիթը լավ գիտեր, որ օծությունն այլևս իրեն էր պատկանում: Ու սա քաջ գիտենալով՝ իր կյանքի համար պայքարող Դավիթը, երբ հնարավորություն ուներ սպանելու Սավուղին ու վերջ դնելու այս հակամարտությանը, ասում է.
«Տերը չանի, որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծյալի դեմ…» (Ա Թագավորաց 26.11):
Դավի՛թ, ախր լավ առիթ է՝ վերականգնելու արդարությունը, հաստատելու այն օծությունը, որ արդեն կա քեզ վրա, լավ առիթ է՝ ասելու ով ով է… Բայց չէ՜, Դավթի մոտեցումն այլ էր: Եթե անգամ Սավուղը սխալ էր, եթե անգամ նրա վերաբերմունքն արժանի էր միայն պարսավանքի, միևնույնն է, նա դեռևս թագավորն էր և ժողովրդի առաջ՝ Տիրոջ օծյալը, ու Դավիթը որոշեց, որ ձեռք չի բարձրացնի Տիրոջ օծյալի վրա:
Ցավալիորեն նկատում եմ, որ երբեմն մենք՝ հավատացյալներս, առիթը բաց չենք թողնում քննադատելու այս կամ այն ծառայողին, այս կամ այն հովվին, անգամ՝ եկեղեցուն, անում ենք դա ոչ միայն գաղտնի, այլ երբեմն անգամ տարբեր սոցիալական ցանցերում ու հարթակներում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մենք՝ քրիստոնյաներս, պատրաստ սպասում ենք՝ երբ պիտի մեկը սայթաքի, մեկը ընկնի, որ անմիջապես սկսենք քննադատել ու մեղադրել… Իսկ եթե չեն ընկնում, չեն սայթաքում, ապա ծառայողի ու հովվի ունեցածն է սկսում աչք ծակել, հարցեր առաջացնել, ենթադրությունների տեղիք տալ…
Վերջերս հանդիպեցի մի գրառման, որտեղ օգտատերը կոչ էր անում ուշադիր լինել միմյանց նկատմամբ, սիրել ու հոգ տանել, և սլաքներն ուղղում էր դեպի հովիվներն ու ծառայողները: Մեկնաբանություններում մեղադրանքների շղթան շարունակվում էր ու նոր թափ ստանում, սկսեցին հիշատակվել ծառայողների հագուստները, մեքենաները… Կարդում էի ու մտածում՝ ինչպիսի՞ն կլիներ իմ վերաբերմունքը, եթե ես լինեի անապաշխար. նմանատիպ գրառումներ կարդալուց հետո հաստատ չէի ցանկանա ապաշխարել:
Որևէ մեկին սրբացնելու միտում չունեմ, սակայն ես ինքս միշտ զգուշացել եմ՝ «ձեռք բարձրացնել» Տիրոջ օծյալի վրա, զերծ եմ մնացել անգամ իմ մտքում հաշվել դիմացինի փողերն ու ստացվածքը, կասկածի տակ դնել ծառայողի արդարությունն ու սրբությունը, իսկ երբ ինչ-որ բան էլ նկատել եմ, փորձել եմ պարզապես աղոթել այդ մարդու համար, կանգնել նրա կողքին՝ առանց աղմուկ-աղաղակ բարձրացնելու:
Մեղադրել ծառայողին անուշադրության ու անարդարության մեջ՝ այնքա՜ն հեշտ է, կողքից նայել նրա կյանքին ու ենթադրել, թե ամեն բան շատ հեշտությամբ է տրվում նրան՝ այնքա՜ն դյուրին է…
Աստվածաշնչում մի հրաշալի խոսք կա՝ նախ քո աչքի գերանը… Մինչև այլոց քննադատելը (հատկապես ծառայողներին, ովքեր միշտ մեր առաջ են ու իրենց ամեն գործողությունը՝ տեսանելի, ի տարբերություն մյուսների), ամեն մեկս եկեք մեզ նայենք ու մեր շուրջը գտնվող մարդկանց, ովքեր կարիք ունեն օգնության, կարիք ունեն լույսի: Ու տեսնենք՝ մենք ի՞նչ կարող ենք անել: Հեշտ է մեղադրել հովիվներին, ծառայողներին, դիմացինին, բայց որքանո՞վ է շինաբեր, որքանո՞վ է օգտակար, այս ամենի մեջ որքանո՞վ է Աստված փառավորվում:
Մեր յուրաքանչյուր գործի, խոսքի ու կյանքի մեջ պիտի երևա Քրիստոսի սերը, իսկ այդ սերը ծածուկում աղոթում է, գաղտնաբար լալիս, ընկածին բարձրացնում, հոգնածին ձեռք մեկնում ու կարիքավորին օգնում…
Դավիթը վախեցավ և զգուշացավ ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի դեմ, մենք էլ զգուշանանք, ոչ թե մարդուց, այլ Աստծուց, որովհետև խոսում ենք Նրա՛ եկեղեցու, Նրա՛ զավակի ու Նրա՛ ծառայողի մասին: Մովսեսը, երբ հոգնեց, ու թևերը թուլացան, գտնվեցին մարդիկ, ովքեր ոչ թե բարձրաձայնեցին այդ մասին, այլ լուռ գնացին ու նեցուկ եղան նրան, բարձրացրին թևերը… Ու Աստծո բանակը սկսեց հաղթել…