Շուրջս լռություն է. երկիրը դեռ քնած է, իսկ երկինքը՝ մթության մեջ։ Ձեռքումս մի բաժակ տաք սուրճ կա։ Մի փոքր էլ ու նոր օրը կսկսվի արևածագի հետ. այն փոթորիկ կբերի իմ կյանք։ Վաղորդյան լռությունը կփոխարինվի օրվա աղմուկով և առօրյա կարիքների բավարարմամբ։ Վաղ առավոտվա հանգիստն իր տեղը կզիջի որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը, իսկ հաջորդ տասներկու ժամերն իրենց պահանջները կներկայացնեն։ Բայց հենց հիմա է, որ ես պետք ընտրություն կատարեմ։ Գողգոթայի շնորհիվ ես ընտրության իրավունք ունեմ և ընտրում եմ…

Ես ընտրում եմ սերը…

Ոչինչ չի կարող արդարացնել ատելությունը։ Որևէ անարդարություն չպետք է դառնություն առաջացնի։

Այսօր ես սիրելու եմ Աստծուն և այն ամենն, ինչ սիրում է Նա։

Ես ընտրում եմ ուրախությունը…

Ես թույլ կտամ Աստծուն լինել բոլոր հանգամանքների Տերը։ Ես հրաժարվում եմ մարդկանց ցածր տեսնելուց և տեսնում եմ նրանց՝ որպես Աստծո ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր իրավիճակ ես դիտարկում եմ՝ որպես Աստծուն տեսնելու հնարավորություն։

Ես ընտրում եմ խաղաղությունը…

Ես կապրեմ ներողամտությամբ, ես կներեմ, որպեսզի կյանք ունենամ։

Ես ընտրում եմ համբերությունը…

Ես ուշադրություն չեմ դարձնի աշխարհային անհարմարություններին։

Իմ տեղը գրավողին, հայհոյելու փոխարեն, ես ինքս նրան կզիջեմ այն։ Երբ ստիպված լինեմ երկար սպասել, դժգոհելու փախարեն, կգոհանամ Աստծուց, որ ևս մեկ հնարավորություն ունեմ աղոթելու համար։ Առաջադրանք կատարելիս՝ ոչ թե բռունցքներս կսեղմեմ, այլ կհաղթահարեմ այն՝ փոխելով զայրույթն ուրախությամբ։

Ես ընտրում եմ բարությունը…

Ես բարի կլինեմ աղքատների հանդեպ, քանի որ նրանք միայնակ են։ Բարի կլինեմ հարուստների նկատմամբ, որովհետև նրանք վախով են լցված։ Եվ՝ անբարեխիղճների նկատմամբ, որովհետև Աստված էլ բարի գտնվեց իմ նկատմամբ։

Ես ընտրում եմ բարեպաշտությունը...

Անգամ առանց գումարի կապրեմ, բայց երբեք անազնիվ ճանապարհով գումար չեմ վաստակի։ Ես կգերադասեմ ապրել առանց փառքի, բայց չեմ հպարտանա։ Ես կխոստովանեմ մեղքերս, բայց ոչ մի դեպքում չեմ դատի։

Ես ընտրում եմ հավատարմությունը…

Նրանք, ովքեր ինձ վարկ են տվել, չեն փոշմանի։ Իմ աշխատակիցները կվստահեն իմ խոսքերին։ Կինս իմ սերը հարցականի տակ չի դնի։

Ես ընտրում եմ խոնարհությունը…

Եթե ես բարձրացնեմ ձայնս, ապա միայն՝ երկրպագության ժամանակ։ Եթե սեղմեմ բռունցքներս, ապա միայն աղոթքի մեջ։ Եթե ինչ որ բան պահանջեմ, ապա միայն՝ ինքս ինձանից։

Ես ընտրում եմ ինքնատիրապետումը…

Ես հոգևոր էակ եմ։ Այս մարմնի մահից հետո իմ հոգին վեր կբարձրանա։ Ես թույլ չեմ տա, որ մարմնավորը կառավարի հավիտենականին։ Եթե արբեմ՝ միայն ուրախությունով։ Միայն Աստված ինձ վրա իշխանություն կունենա։ Միայն Քրիստոսը կլինի իմ ուսուցիչը։

Սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, բարեպաշտություն, հավատարմություն, ինքնատիրապետում՝ սրանց է, որ ես նվիրում իմ օրը։

Եթե ես հաղթեմ, կգոհանամ։ Եթե ձախողվեմ, կփնտրեմ շնորհք և ողորմություն։ Իսկ երբ վերջանա այս օրը, ես գլուխս կդնեմ բարձին և կհանգստանամ...

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.