Երկրաշարժից ավերված Լենինականում ես դարձա հավատացյալ
Երկրաշարժից ավերված Լենինականում ես դարձա հավատացյալ:
Ես չդարձա քրիստոնյա, չդարձա կռապաշտ, չդարձա մահմեդական, բուդդիստ կամ կրիշնաիտ: Ես ընդամենը հասկացա, որ Աստված գոյություն ունի:
Բազմաթիվ ավերված շենքերը, անհամար քանակությամբ դիակները, մարդկային անսահման վիշտը, ողբն ու անդարման կսկիծը տեսնելով ես խորությամբ զգացի, որ Աստված կա:
Երկրային ոչ մի տրամաբանություն, ոչ մի գիտություն, ոչ մի հոգեբանություն չի կարող բացատրել, թե ինչ զգացի ես: Հավանաբար պատճառը վախն էր: Ոչ թե վախը Աստծուց (ինքս վախի զգացում բացարձակապես չունեցա), այլ վախն այն ամենից, ինչ կարող է կատարվել մարդու հետ, եթե նա զրկված է Աստծո պաշտպանությունից:
Թվում էր, թե պետք է հակառակը լիներ՝ հավատացյալը, տեսնելով այդ ամենը, պետք է աղաղակեր՝ «Ո՞ւր էիր, Աստված…»:
Բայց ինձ հետ կատարվեց հակառակը: Ես դարձա հավատացյալ: Դրանից հետո դեռ շատ ճամփա պիտի անցնեի, շատ փորձություններ, մոլորություններ ու մեղքեր պիտի հաղթահարեի, որպեսզի վերջապես հասկանայի, որ միակ հավատը քրիստոնեությունն է, միակ Ուղին՝ Քրիստոսը:
Ես ցավում եմ բոլոր զոհվածների համար, ցավում եմ նրանց հարազատների համար, սգում եմ նրանց հետ, կիսում եմ նրանց վիշտը: Ու աղոթում եմ Աստծուն, որ մենք ազգովի դառնանք դեպի Հիսուսը, որպեսզի կատարվի Աստծո Խոսքը. «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա կանչված է Իմ անունը, խոնարհվի և աղոթք անի և Իմ երեսը փնտրի և իր չար ճանապարհներից հետ դառնա, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիը» (Բ Մնաց.7:14):
Հեղինակ՝ Աշոտ Հովսեփյան
Աղբյուրը՝ CrossNews.am