Եռօրյա աղոթքն ավարտվեց, բայց մենք կշարունակենք աղոթել
Ինչպես գիտեք, Christians.am-ը հոկտեմբերի 14-16-ը հայտարարել էր 24ժամյա շղթայական եռօրյա աղոթք մեր երկրի համար:
Աղոթքի կոչին արձագանքեցին հարյուրավոր անհատներ, ովքեր օնլայն գրանցումով ընտրեցին իրենց համար որևէ ժամային միջակայք և պարտավորություն վերցրին աղոթել այդ 30 րոպեն մեր երկրի ու ներկա իրավիճակի համար:
Նմանատիպ լրացված 30 րոպեների քանակը 841 էր, ինչը հավասարազոր է 420 ժամի, այսինքն՝ յուրաքանչյուր 1 ժամում իրենց աղոթքի աղաղակն են առ Աստված ուղղել 6-7 մարդ:
«Դարձյալ ասում եմ ձեզ՝ եթե ձեզնից երկուսը երկրի վրա միաբանվեն՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորիցն՝ որ երկնքումն է։ Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով ժողովված լինեն՝ ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթ. 18.19-20):
Իհարկե, այստեղ էականը ոչ թե թվերն ու հաշվարկներն են, այլ այն, որ մենք միաբանվեցինք և երեք օր շարունակ առանց դադարի գիշեր ու ցերեկ աղոթք բարձրացավ, իսկ վերջին օրը՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարված էր ծոմապահություն:
Թող Աստված օրհնի յուրաքանչյուրիս, սիրելիներ, որ միացանք աղոթքի այս նախաձեռնությանը, շնորհակալ ենք այն հովիվներին, ովքեր միացան մեզ իրենց քաջալերական և հորդորական խոսքերով:
Եռօրյա աղոթքն ավարտվեց, բայց մենք կշարունակենք աղոթել ու աղաղակել առ Աստված՝ որպես բարեխոներ ու պատերազմող մարտիկներ կանգնելով աղոթքի մեր խրամատներում:
Հիշեք՝ Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ զորություն ունի. Հակոբոս 5.16: