Եռօրյա միաբան աղոթք. հոկտեմբերի 14-16
Սիրելի հայրենակիցներ, սիրելի քրիստոնյաներ, սիրելի հովիվներ, սիրելի քույրեր ու եղբայրներ, այսօր մեր երկիրն անցնում է ծանր փորձության միջով: Լինելով պատերազմական ակտիվ գործողությունների ու Արցախյան ժողովրդի գոյապայքարի կիզակետում, այսօր մեզնից յուրաքանչյուրի պարտավորությունն է ամեն կերպ աջակցել մեր ազգին ու մեր հայրենիքին:
Այս պահին մենք ունենք եղբայրներ, ովքեր առաջնագծում են, ունենք կամավորական շատ խմբեր, ովքեր գործում են թիկունքում՝ փորձելով օգտակար լինել զինվորներին և արցախից ժամանած ընտանիքներին:
Մենք գիտենք, որ այս օրերին եկեղեցիները պատերազմում են նաև աղոթքով ու ծոմապահությամբ: Մեր հորդորն է՝ մեկ անգամ ևս միաբանվենք բոլորով միասին և անդադար աղոթք ու աղաղակ բարձրացնենք առ Աստված՝ որպես բարեխոսներ կանգնելով մեր զինվորների կողքին:
Մենք հրապարակել ենք աղոթքի օնլայն ցուցակ, որտեղ կարող եք գրանցվել, ընտրել կես ժամանոց միջակայք և երեք օր 24 ժամյա շղթայական միաբան աղոթք բարձրացնենք առ Աստված:
Մենք հորդորում ենք նաև եռօրյա աղոթքի վերջին օրը՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել ծոմապահության օր, և ովքեր կցանկանան կազմակերպել, իրենց համայնքներում լինի աղոթքի ծառայություն 19:00-24:00: Հավաքվենք և միաբան հզոր աղոթքի աղաղակ բարձրացնենք առ Աստված՝ խնդրելով Տիրոջից խաղաղություն մեր երկրի ու սահմանների համար:
Եվ այսպես, հոկտեմբերի 14-ին՝ ուղիղ կեսգիշերից սկսում ենք աղոթել մինչ ուրբաթ կեսգիշեր՝ հռչակելով, որ մեր երկրի Տերը Աստված է, մեր բանակի ու զինվորի պահապանը Աստված է, արդարության և խաղաղության մեր երաշխավորը Աստված է, :
Աղոթքի գրանցման հղումը ներկայացնում ենք ստորև՝
Ինչպես գրանցվել
Բացում եք օնլայն աղյուսակը, որն ունի 3 էջ (sheet) ՝ հոկտեմբերի 14, հոկտեմբերի 15, հեկտեմբերի 16:
Յուրաքանչյուր էջի ձախ հատվածում գրված են ժամերը, որի դիմաց ազատ վանդակներ են, ընտրեք ձեր ժամային միջակայքը և դրա դիմացի տողում՝ որևէ ազատ վանդակում գրեք ձեր անունը:
Այդպես դուք պարտավորված կլինեք տվյալ ժամային միջակայքում աղոթք բարձրացնել առ Աստված ձեր գտնված վայրից:
Աղոթում ենք՝
- Մեր երկրի ու սահմանների պահպանության համար
- Զինվորների ու բանակի համար
- Խաղաղության հաստատման համար
- Վիրավորներին շուտափույթ ապաքինում, զոհվածների ընտանիքներին՝ մխիթարություն
- Մեր ազգի ապաշխարության և արթնության համար
- Մեր իշխանավորների՝ աստվածային իմաստության և առաջնորդության համար
- Արցախյան հարցի աստվածային լուծման համար...
Christians.am խմբագրություն