Երբ կառավարությունները հայտարարում են «աղոթքի օր»
Կորոնավիրուս՝ վերջին ժամանակներում աշխարհը ծնկի բերած, աշխարհը համախմբած, վախի մթնոլորտ ձևավորած, մարդկային հասարակ շփման արժեքը մեծացրած երևույթ: Այս թվարկությունը կարելի է անդադար շարունակել և, թերևս, իրար հակասող մտքերով:
Մեզ` քրիստոնյաներիս համար, ծանր է հեռու գտնվել եկեղեցուց, բայց պատասխանատու ժամանակաշրջան է, քանզի մեր աղոթքներով պետք է պատերազմենք այս երևույթի դեմ: Եվ կարծես թե այս օրերին կորոնավիրուս բառին համընթաց տարածում ստացավ աղոթք բառը, քանզի աշխարհը հասկացավ, որ միայն աղոթքը կարող է հաղթություն բերել ու փոխել իրավիճակը:
Գերհագեցած տեխնիկայի, զարգացած բժշկության դարաշրջանում մարդը հասկացավ, որ ինքն անզոր է, ամեն բան Աստծո ձեռքերում է, և աղոթքը կարող է հրաշքներ գործել:
Վերջերս բոլորս ականատես եղանք, թե ինչպես են շատ ու շատ երկրի առաջնորդներ հանդես գալիս կոչերով և հայտարարում «Աղոթքի օր» իրենց երկրներում: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ պաշտոնական հաղորդագրություններով:
Կաթողիկոս Գարեգին Բ՝ Հայաստան
18.03.2020 «Այսօր՝ ժամը 19:00-ին, յուրաքանչյուրին հրավիրում ենք իր գտնվելու վայրում, իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին. հայցելով Տիրոջ օգնականությամբ՝ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը»։
* Բացի աղոթքի այս համապետական կոչից, Հայաստանի Ավետարանական ընտանիքի բոլոր եկեղեցիներն էլ պարբերաբար հայտարարում են աղոթքի օրեր, կազմակերպում առցանց աղոթքաժողովներ, փառաբանության ու երկրպագության երեկոներ:
Դոնալդ Թրամփ` ԱՄՆ նախագահ
14.03.2020 «Նշանակություն չունի, թե որտեղ ես դու գտնվում, քաջալերում եմ քեզ մտնել աղոթքի մեջ և գործի դնել հավատքդ, միասին մենք կհաղթենք»։
15.03.2020 «Այսօր աղոթքի ազգային օր է. թող Աստված օրհնի բոլորիդ»։
Աղոթքի օր Կանադայի հոգևոր համայնքներում.
21.03.2020 Կանադայի քրիստոնեական համայնքներում նույնպես հայտարարվեց աղոթքի օր և "ZOOM" հավելվածի միջոցով մոտ 200.000 քրիստոնյաներ միասնական աղոթք բարձրացրեցին։
Ուհուրու Կենյաթա` Քենիայի նախագահ
21.03.2020 «Մենք չենք կարող անտեսել Աստծուն դիմելու անհրաժեշտությունը, մարտի 21-ը հայտարավում է աղոթքի ազգային օր, որպեսզի խնդրենք Աստծո պաշտպանությունը այս վարակի դեմ»։
Ջաել Բոլսոնառու` Բրազիլիայի նախագահ
04.04.2020 «Բոլորիդ կոչ եմ անում աղոթքի և ծոմապահության, որպեսզի ազատվենք կորոնավիրուս կոչված չարիքից»։
Ջոն Մագուֆուլի` Տանզանիայի նախագահ.
17.04.2020 «Հայտարարվում է եռօրյա համապետական աղոթքի օր, հորդորում եմ բոլորիդ աղոթել Աստծո պաշտպանության և հիվանդների ապաքինման համար»։
Ֆրանցիսկոս` Հռոմի Պապ
14.05.2020 «Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք դիմել Աստծուն` աղոթելով և ներում հայցելով, ծոմ պահելով և բարի գործեր կատարելով` համապատասխան մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին, որպեսզի Նա վերջ դնի այս համավարակին, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»։
24.05.2020 Աղոթքի օր Սալվադորում.
Այս շարքը կարելի է շարունակել, և դեռ տարբեր լրատվական դաշտերով կտեսնենք այս ամենի շարունակությունը: Իհարկե, երբեք չպետք է սահմանափակվել այդ մեկ օրով, չպետք է աղոթել միայն համաճարակի կամ նեղության ժամանակ, այլ պետք է աղոթել ամեն իրավիճակի մեջ:
«Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ` ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։ Փիլիպեցիս 4.6
Կառավարությունները սահմանեցին աղոթքի որոշ օրեր, սակայն Եկեղեցին շարունակում է աղոթել, աղոթել ու աղոթել…
Հասմիկ Ղազարյան