Երանի սգավորներին...
«Երանի» բառը նշանակում է «երջանիկ»։ Այսպիսով` Հիսուսն ասում է. «Երջանիկ են սգավորները»։ Հիսուսի ուսմունքը տարբեր է աշխարհի ուսմունքից։ Աշխարհն ասում է. «Մի՛ սգա, փախի՛ր վշտից։ Երջանկություն փնտրի'ր»։ Իսկ Հիսուսն ասում է. «Ճշմարտապես երջանիկ լինելու համար նախ պետք է սգալ»։
Ի՞նչ է ուզում ասել Հիսուսը, որ մենք պետք է սգա՞նք մեր մեղքերի համար։ Նա խոսում է հոգևոր և ոչ թե աշխարհիկ վշտի մասին։ Փրկության ուրախությունը վայելելուց առաջ նախ պետք է սգանք մեր մեղքերի համար։ Այսպիսով՝ սուգն ապաշխարհության է տանում։
«Որովհետեւ Աստուծո ուզած կերպով տրտմությունն ապաշխարության է տանում, որը ափսոսանք չի առաջացնում, բայց աշխարհի տրտմությունը մահ է պատճառում» (Բ Կորն․ 7.10 ):
Հաճա՞խ ենք սգում մեր մեղքերի համար։ Սովորաբար չենք սգում, այլ մեր մեղքերը «սխալներ» ենք կոչում։ Բայց Աստված դրանք մեղքեր է անվանում։ Եթե մեր մեղքերին չնայենք այնպես, ինչպես Աստված է նայում, ճշմարիտ ապաշխարհություն չենք ունենա։
Սգավորները ԿՄԽԻԹԱՐՎԵՆ։ Եթե ապաշխարհենք մեր մեղքերից, Քրիստոսը կմխիթարի մեզ։ Մեզ նայելիս սգում ենք, սակայն Քրիստոսին նայելիս հույս, խաղաղություն և ուրախություն ենք գտնում։ Առանց տառապանքի ուրախություն չկա։ Առանց ճշմարիտ ապաշխարության փրկություն չկա: