Եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին ներկա օրերի, համաճարակի և աշխարհի վերջի մասին
Ռուսաստանյան Ավետարանական Հավատքի Քրիստոնյաների Միության ներկայիս եպիսկոպոսի դիմումը՝ կապված աշխարհի վերջի մասին վարդապետական ուսուցումների հանդեպ հետաքրքրության և ապոկալիպտիկ տրամադրության բարձրացման հետ.
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հովիվներ և հովիվների օգնականներ,
Արդեն մի քանի ամիս է, ինչ ողջ աշխարհը զգում է այն դժվարություններն ու զրկանքները, որոնք ուղեկցում են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում: Անորոշության և պաշտպանված զգալու բացակայության պատճառով շատ մարդիկ տարբեր ուսմունքներում փորձում են իմաստ և հույս գտնել:
Դժբախտաբար, ոչ հազվադեպ, բայց նման ուսմունքները ոչ միայն հեռացնում են ավետարանի ճշմարտությունից, այլև՝ լիովին զրկում նրանց իրենց կյանքը կառուցելու ունակությունից և ցանկությունից: Որպես հովիվ և պատասխանատու եպիսկոպոս՝ ես կարևորում եմ օգնել բոլոր նրանց, ովքեր այսօր աջակցության կարիք ունեն: Այս կապակցությամբ ցանկանում եմ հայտնել իմ դիրքորոշումն ընթացիկ իրադարձությունների և ապոկալիպտիկ տրամադրությունների բազմապատկման վերաբերյալ:
Ես հասկանում եմ, որ երկար տեքստերը դժվար է կարդալ ամբողջությամբ, ուստի անմիջապես կհիշեցնեմ հայտնի քարոզիչ Բիլի Գրեհեմի խոսքերը. «Ես կարդացել եմ Աստվածաշնչի վերջին էջը: Ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու»: Այս պարզ բառերը միանգամայն ճշգրիտ արտացոլում են քրիստոնեական հայացքների էությունը, այն հաստատ համոզմունք է, որ Տերը ամեն ինչ կկազմակերպի լավագույն կերպով: Այո, շատ դժվարություններ կհամակեն յուրաքանչյուր մարդու և ողջ մարդկությանը, բայց, ի վերջո, ամեն ինչ լավ կլինի:
Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և միշտ կօգնի հաղթահարել խնդիրներն ու խոչընդոտները: Եվ, նույնիսկ, այն ժամանակ, երբ բոլոր նրանք, ում վրա հուսովացել էինք, թողնեն մեզ միայնակ հաղթահարելու մեր խնդիրները, Աստված չի մոռանում մեր մասին և էլ ավելի մեծ ուժով է ցույց տալիս Իր հոգատարությունը յուրաքանչյուր կարիքավորի համար:
Ժամանակակից քրիստոնեական աստվածաբանությունը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստին նախորդող հրաշքների և աղետների մասին: Առաջատար գիտնականների կողմից հրապարակվել են հսկայական քանակությամբ գրքեր, որոնք կարող են կարդալ բոլոր հետաքրքրվողները: Ես կցանկանայի ընդգծել աշխարհի վերջի վերաբերյալ քրիստոնեական ըմբռնման մի քանի կարևոր կողմեր: Հարմարության համար ես դրանք կներկայացնեմ ստուգաբանությունների (թեզիսներ) տեսքով, որոնք չեն ընդգրկում բոլոր հարցերը, բայց հիմքեր են ապահովում առողջ տրամաբանության համար:
1. Աշխարհի վերջի քրիստոնեական ըմբռնման կենտրոնում Աստծո սերն է: Տերը ցույց տվեց իր մեծ սերը մեր հանդեպ՝ ուղարկելով Իր Միածին Որդուն մեր աշխարհ: Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ մենք ձեռք բերեցինք իսկական ազատություն և փրկության հույս: Քրիստոսի Համբարձումից ի վեր մենք սպասում ենք Նրա Երկրորդ Գալստին. մեր Տիրոջ սիրո ևս մեկ հատուկ դրսևորում: Պատահական չէ, որ Աստվածաշնչի «Հայտնություն» գրքի վերջում գրված են հետևյալ բառերը. «Ահա, ես շուտով կգամ: Ամեն, արի՛, մեր Տեր Հիսուս» (Հայտն. 22.20):
2. Աստվածաշնչում աշխարհի վերջի նկարագրության և դրա մասին զանգվածային գաղափարների միջև զգալի տարբերություն կա: Անցած դարերի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ տարբեր կարծիքներ, որոնք մեծամասամբ չեն համապատասխանում Աստվածային Հայտնությանը: Քրիստոնյան չպետք առաջնորդվի այս կամ այն շահարկումներով, այլ պետք է դիմի աստվածաշնչյան տեքստին և ուշադիր ուսումնասիրի գրված հատվածները՝ հիշելով մի կարևոր նախազգուշացման մասին. «Բոլոր նրանք, ովքեր լսում են մարգարեության այս գրքի խոսքերը, ես վկայում եմ՝ եթե որևէ մեկը մի բան ավելացնի սրանց վրա, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որոնք գրված են այս գրքում, և եթե որևէ մեկը մի բան պակասեցնի այս մարգարեության գրքի խոսքերից, Աստված էլ նրա բաժինը կպակասեցնի կյանքի ծառերից ու սուրբ քաղաքից, այն ամենից, որոնց մասին գրված են այս գրքում» (Հայտն. 22.18-19)։
3. Այն հարցին, թե երբ վրա կհասնեն վերջին օրերը, Սուրբ գրքում արդեն հստակ տրված է պատասխանը. «Զավակնե՛ր, արդեն վերջին ժամն է։ Ինչպես լսել եք, նեռը գալու է։ Հիմա արդեն շատ նեռեր են հայտնվել, ինչից էլ իմանում ենք, որ սա վերջին ժամն է» (Ա Հովհ. 2.18): Հովհաննես առաքյալին հետևելով՝ մենք կարող ենք վստահ լինել, որ վերջին ժամանակները արդեն սկսվել է մոտ երկու հազար տարի առաջ և կշարունակվի մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը: Բայց երբ կգա Նա, մենք չգիտենք, քանի որ «ոչ ոք չգիտի օրվա և ժամի մասին՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ Որդին, այլ՝ միայն Հայրը» (Մատթ. 24.36):
4. Քրիստոնյաների համար վերջին ժամանակներում ամենակարևորը համարվում է Հիսուս Քրիստոսը և ոչ թե՝ նեռը: Այդ Հիսուսն էր, Ով մահացավ մեր մեղքերի համար: Քրիստոսն էր, Ով հարություն առավ մեռելներից: Եվ հենց Հիսուս Քրիստոսի գալուստին՝ այդ մեծ իրադարձությանն է, որին մենք սպասում ենք: «Դավադրության տեսությունների» սիրահարները կենտրոնանում են Նեռի վրա՝ մոռանալով Քրիստոսի՝ մեր Փրկչի մասին: Շատերը ժամանակ են վատնում ոչ թե բոլորին Քրիստոսի սերը ցույց տալու համար, այլ սին մտքեր են տարածում այն մասին, թե ով է նեռը: Աստվածաշունչը տալիս է այս հարցի հստակ պատասխանը. «Շատ խաբեբաներ են դուրս եկել աշխարհից, մարդիկ, որ չեն դավանում, որ Հիսուս Քրիստոսն եկել է մարմնով։ Սա է խաբեբան ու նեռը» (2Հովհ. 1.7):
5. Քրիստոնյաները չպետք է տարվեն տարբեր խորհրդանիշների և նշանների սնահավատ վախերով: Շատերը վախենում են «հակաքրիստոսի նշանից», «666 համար»-ից՝ հաստատելով իրենց փորձառությունը հետևյալ բառերով. «Եթե որևէ մեկը երկրպագի գազանին ու նրա պատկերին և նշան ընդունի իր ճակատին կամ ձեռքին, նա նույնպես կխմի Աստծու բարկության գինուց, այն անխառն գինուց, որը լցվում է նրա ցասման բաժակի մեջ, և կտանջվի կրակով ու ծծմբով սուրբ հրեշտակների և Գառան առաջ» (Հայտն. 14. 9-10): Այս հատվածում այդպիսի մարդիկ ուշադրություն են դարձնում «նշանին», բայց նրանք իրականում բաց են թողնում բուն էությունը՝ այն, որ այդ մեկերն երկրպագում են նրան, ով իրական Աստվածը չէ: Տերը նախազգուշացնում է մեզ Հիսուս Քրիստոսին կամովի մերժելու հետ կապված, քանի որ մենք միայն մեր ազատ կամքով է, որ դեմ կկենանք ճշմարիտ Աստծուն, իսկ «նշանները», «կնիքները» և «դաջվածքները» որևէ կախարդական ազդեցություն չունեն մեզ վրա: Կասկածողները թող հիշեն Պողոս առաքյալի խոսքերը. «Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմ. 8.38-39):
6. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին մարգարեություններն ոչ միայն չեն հերքում մեր Աստծո մյուս պատվիրաններն ու հրահանգները, այլև ընդգծում են դրանց կատարման կարևորությունը: Տերը հրահանգեց մեզ աշխատել և հոգ տանել մեր աշխարհի գեղեցկության մասին: Աստված պատվիրեց մեզ սեր և հոգատարություն արտահայտել մերձավորների նկատմամբ: Հիսուսը հանձնարարեց մեզ փառաբանել Աստծուն և ավետարանը քարոզել բոլոր մարդկանց: Պատահական չէ, որ մեր ընթերցած Աստվածաշունչը չի սահմանափակվում միայն Հայտնության գրքով: Ինչպես գրված է Տիմոթեոսին ուղղված նամակներում. «Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմ. 3.16-17):
7. Եթե մենք ուզում ենք վերջին օրերում լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները, ապա պետք է դառնանք նրանք, ովքեր, փորձությունների և դժվարությունների պահերին անգամ, իրենց դրսևորում են որպես հույսի պաշար և իրական օգնություն են ցուցաբերում բոլոր կարիքավորներին: Աստծո հանդեպ մեր հավատն ու վստահությունը դրսևորվում է մեր գործերով: Հակոբոսի թղթերում շատ հստակ խոսվում է այս մասին. «Եթե որևէ եղբայր կամ քույր մերկ է և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի, և ձեզանից մեկն ասում է նրան՝ «գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր», բայց նրան չի տալիս մարմնի համար անհրաժեշտ բաները, ապա ո՞րն է օգուտը։ Այդպես էլ եթե հավատը գործեր չունի, ինքնըստինքյան մեռած է» (Հակ. 2.15-17)։
Տարեցտարի ավելանում են «Աշխարհի վերջի» մասին նոր «տեսություններ»-ը, «մարգարեություններ»-ը և «հայտնություններ»-ը: Այո՛, մի օր վրա կհասնի Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը. այդ մասին կասկած չկա: Ե՞րբ և ինչպե՞ս դա կլինի, միայն Տեր Աստված գիտի ճշգրիտ: Մինչ այդ, մենք՝ քրիստոնյաներս, պետք է ուշադիր լինենք այն ամենի նկատմամբ, ինչին հավատում ենք և, թե դա ինչպե՞ս է ազդում մեր առօրյա կյանքի վրա: Մենք վստահում ենք Հիսուսին, մենք լցված ենք Նրա Սուրբ Հոգով և մենք յուրաքանչյուր օր մեր հավատքն արտահայտում ենք ինչպե՛ս քաջալերանքի խոսքերով, այնպես էլ՝ իրական հոգատարությամբ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն մեր օգնության կարիքը։
Աստված օրհնի մեզ բոլորիս:
Հարգանքներով և աղոթքով ձեզ համար՝
ՌԱՀՔՄ-ի եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկի
Աղբյուրը՝ cef.ru
Թարգմանեց Անուշ Վարդումյանը