Եկեղեցին Հիսուս Քրիստոսի կողմից փրկագնված մարդկանց հավաքույթն է։ Որոշակի իմաստով, փակ հասարակություն է, որի անդամները հատուկ կարգավիճակ ունեն Աստծո առջև։ Նրանք Սուրբ Հոգով կնքված են փրկության օրվա համար (Եփ. 4.30)։

Ինչպես կնքում են ինչ-որ մեկի սեփականությունը, այնպես Աստված Սուրբ Հոգու կնիքը դրեց նրանց վրա, ովքեր պատկանում են իրեն։

«Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրանը չէ» (Հռոմ. 8.9)։ Սուրբ Հոգու մկրտությունը  Աստծո բարության նշանն է մարդու համար, քանի որ միայն Տերն է տալիս Հոգու պարգևները Իր կամքի համաձայն (Եբր. 2.4)։

Որպես ապացույց ի օգուտ հեթանոս Կոռնելիոսի փրկության՝ Պետրոսն ասաց. «…Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես սկզբում՝ մեզ վրա» (Գործք 11.15)։

Եկեղեցին մարդիկ են, ում համար վերադառնալու է Քրիստոսը։ Նա խոստացել է. «Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ այնտեղ լինեք» ( Հով. 14.3)։

Որպես Իր երկրորդ գալստյան և մեր՝ նրա մոտ հավաքվելու երաշխիք, Տերը Սուրբ Հոգին ուղարկեց եկեղեցուն։ Ինչպես գիտեք, գումար վերցնելու համար մարդը պետք է ինչ-որ արժեքավոր բան թողնի որպես գրավ, որպեսզի ետ վերադառնա դրա հետևից։ Աստված «թողեց» Սուրբ Հոգին մեր սրտերում՝ որպես երաշխիք, մինչև որ վերադառնա Իր եկեղեցու ետևից։ Սուրբ Գիրքը հաստատում է, որ «Քրիստոսը ամբողջ աշխարհի մեղքերի քավությունն է» (1 Հով. 2.2)։

Քրիստոսը դարձավ եկեղեցու գլուխը և փրկիչը։

«…Քրիստոսը եկեղեցու գլուխն է, և Ինքն է մարմնի Փրկիչը» (Եփ. 5.23)։

Դատաստանի օրը, երբ բոլոր ազգերը կհավաքվեն Տիրոջ առջև, այլևս ոչ մի ազգային բնութագիր կամ դավանանքի պատկանելիություն նշանակություն չի ունենա։ Աստված ամբողջ բնակչությունը բաժանելու է երկու մասի, ինչպես բաժանում են գառները այծերից։ Արդյունքում, բոլոր ժողովուրդներից ձևավորվելու է մարդկանց երկու խումբ՝ փրկվածների և դատապարտվածների։ Երկինքը բնակեցված կլինի մարդկանցով՝ «ամեն ցեղից ու լեզվից, ժողովրդից ու ազգից» (Հայտ. 5.9)։ Ոչ մի ազգ կամ Իսրայելի առանձին ցեղ ամբողջությամբ չի փրկվելու, բայց եկեղեցին ներառելու է մարդկանց՝ յուրաքանչյուր էթնիկ խմբերից։ Սրանից հետևում է, որ եկեղեցին Աստծո առանձին ժողովուրդ է, որը գտնվում է երկրի մյուս ազգերի մեջ։

Աստվածաշունչը հաստատում է, որ կա միայն մեկ մարմին՝ եկեղեցին, միայն մեկ Հոգի՝ Աստծո Հոգին։ Մարդիկ մկրտվում են մարմնում՝ եկեղեցում, Սուրբ Հոգու միջոցով։

«Մենք բոլորս մե՛կ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին լինելու համար» (1 Կոր. 12.13)։

Այս մկրտությամբ միաժամանակ մի քանի կարևոր իրադարձություններ են  տեղի ունենում. Սուրբ Հոգու միջոցով մարդը ծնվում է Աստծուց, տեղափոխվում է մահից դեպի կյանք։ Դա նման է նրան, որ երեխան, թողնելով մոր արգանդը, լույս աշխարհ է գալիս։ Աստծուց ծնունդ առնելով՝ մարդը համարվում է Աստծո զավակ և ստանում է Վերստին ծնվելու վկայական։

«Նա, ով հավատում է Աստծո Որդուն, իր մեջ վկայություն ունի...։ Եվ վկայությունն այս է, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, ու այս կյանքը Նրա Որդու մեջ է» (1 Հով. 5.10-11)։

«Որովհետև դուք կապանքի հոգի չստացաք, որ նորից վախի մեջ լինեք, այլ որդեգրության Հոգին ստացաք, որով մենք աղաղակում ենք՝ Աբբա՛, Հա՛յր։ Հոգին՝ Ինքը, վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք» (Հռոմ. 8.15-16)։

Վերստին ծնված մարդը, հասկանալով իր հետ կատարվածը, ամրացնում է իր հարաբերությունն Աստծո հետ ուխտով։ Ուխտը երկու կողմերի միջև սահման է։ Օրինակ՝ աղջիկը և տղան կարող են դուր գալ միմյանց, բայց եթե տղան ամուսնության առաջարկություն չի անում աղջկան և չի ստանում նրա համաձայնությունը, ապա այդ աղջիկը չի կարող լինել նրա հարսնացուն և հետագայում՝ կինը։ Նշանադրությունը հնարավորություն է տալիս սիրահարներին դառնալ հարսնացու և փեսացու, իսկ ամուսնության ուխտը՝ դառնալու ամուսիններ։ Պողոս առաքյալը եկեղեցուն անվանում է «նշանված մեկ ամուսնու հետ» (2 Կոր. 11.2)։

Կարևոր ճշմարտությունն այն է, որ Քրիստոսը գալու է իր եկեղեցու և միայն ուխտի մարդկանց ետևից, ովքեր սպասում են Իրեն։ Նրանք, ովքեր հարսնացուի կարգավիճակում չեն՝ եկեղեցու անդամ չեն, չեն կարող հույսով ուրախանալ Քրիատոսի երկրորդ գալուստի  օրը։

Փեսային սպասող տասը կույսերի առակն ակնհայտորեն ցույց է տալիս տարբերությունը նրանց, ովքեր հասցրեցին մտնել հարսանեկան խնջույքի մեջ և նրանց, ովքեր մնացին դռան ետևում (Մատ. 25.10)։

Նրանցից հինգը ներս մտան, մյուս հինգը ուշացան, և դուռը փակվեց նրանց առջև։ Այն ժամանակ նրանք միասին էին, բայց դուռը նրանց բաժանեց երկու մասի։

Արդար Նոյին իր ընտանիքով և առաջին աշխարհի մնացած մարդկանց բաժանեց տապանի դուռը։ Արդյունքում՝ ութ հոգի փրկվեցին (1 Պետ. 3.20), մյուսները մահացան ջրհեղեղից։

Փրկությունը, ինչպես նաև մահը, փիլիսոփայություն չէ, այլ իրական փորձ, դրա համար օգտագործվում են թվեր։ Մաթեմատիկան, ի տարբերություն փիլիսոփայության, պատկանում է ճշգրիտ գիտությունների շարքին։ «Ութ հոգի փրկվեցին» (1 Պետ. 3.20)։

«Եվ նրանք, որ ուրախությամբ ընդունեցին նրա խոսքերը, մկրտվեցին, և այն օրը նրանց երեք հազար հոգի ավելացավ» (Գործք 2.41)։

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.