«Եվ Եղիան մոտեցավ բոլոր ժողովրդին և ասաց. Մինչև ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վրա. Եթե Եհովան է Աստվածը, նրա ետևից գնացեք, և եթե Բահաղն է, նրա ետևից գնացևք. Եվ ժողովուրդը նրան մի բան պատասխան չտուավ» (Գ Թագավորաց 18.21):

Այսօր այս նույն կերպ յուրաքանչուրիս առջև դրված է՝ աշխա՞րհն ես ընտրում, թե՞ Տիրոջը:

Եղիայի խոսքին պատասխանող չեղավ, և նա կայացրեց որոշումը, որ զոհ բերեն, ու տեսնեն, թե ով կպատասխանի, ասելով՝  «…այն Աստվածը, որ կրակով կպատասխանի, նա է Աստվածը» (Գ Թագավորաց 18.23-24):

Ո՞վ ենք մենք այսօր Աստծո առջև: Արդյոք մենք մեր անձով, մեր էությամբ, մեր ծառայությամբ բարձրացե՞լ ենք զոհասեղանին… «Այն ժամանակ Եղիան ասաց բոլոր ժողովրդին. Ինձ մոտ եկեք. Եվ բոլոր ժողովուրդն եկաւ նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդված էր» (Գ Թագավորաց 18.30):

Եղիան ուզում էր հիշեցնել, որ պետք էր զոհասեղանը նորոգել, որովհետև մինչև այդ երաշտ էր, և բոլորը մոռացել էին Աստծուն ու սկսել էին պաշտել կուռքերի: Այդ իրավիճակում Աստված ուզում էր Եղիայի միջոցով կանգնեցնել կռապաշտությունն ու ցույց տալ, որ Բահաղի մարգարեները ստություն են տարածում:

Աստված չի ուզում, որ մեր զոհասեղանը քանդված լինի, մենք պետք է կարողանանք կառուցել այդ զոհասեղանը:

«Պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանա, որ դու ես Տեր Աստված. Եվ դու ետ կդարձնես նրանց սիրտերը։ Եվ Եհովայի կրակը վայր իջավ և կերավ ողջակեզը և փայտերը և քարերը և հողը, և փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եվ բոլոր ժողովուրդը տեսավ և վայր ընկան իրանց երեսների վրա և ասացին. Տերն է Աստված, Տերն է Աստված» (Գ Թագավորաց 18.37-39)։

Երկու ճանապարհ չկա, գաղջ վիճակ, միջին ճանապարհ չկա, դա զզվելի է Տիրոջ առաջ: Քանի դեռ երկնքից կրակ չկար, մարդիկ չէին արձագանքում Եղիայի հարցին, բայց երբ տեսան Տիրոջ կրակը, խոստովանեցին, որ Տերն է Աստված: Մեր կյանքի համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու կրակը: Քննիր քեզ ու քո կյանքը, արդյոք քո կյանքում կա՞ Տիրոջ կրակը:

«Եվ Ահարոնն իր ձեռքերը ժողովրդի վրա բարձրացրեց, և օրհնեց նրանց. Եվ մեղքի պատարագն ու ողջակեզը և խաղաղության զոհերը մատուցանելուց հետո իջավ։ Եվ Մովսեսն ու Ահարոնը ժողովքի խորանը մտան, և դուրս գալիս օրհնեցին ժողովուրդը. Եվ Եհովայի փառքը բոլոր ժողովրդին երևաց։ Եվ Տիրոջ առաջիցը կրակ դուրս եկավ, և այրեց սեղանի վերայի ողջակեզը և ճարպերը. Եվ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին, և իրանց երեսների վրա ընկան» (Ղևտացիներին 9.22-24)։

Մեր Աստված գործի ու զորության Աստված է, մեր Աստված սուրբերի աղոթք լսող Աստված է, մեր Աստված իր կամքը կատարողների Աստված է: Նրա հատկության մեջ չկա կեղծիք ու երեսպաշտություն, Աստծո պաշտամունքն ու նրա առջև ծառայություն մատուցելը ևս պիտի լինի ուղիղ ու առանց կեղծավորության, որովհետև մեր Աստված ճշմարտության Աստված է:

Զոհն այրվում էր երկու դեպքում՝ կամ մարդն էր այրում, կամ Աստված: Երբ Աստված էր այրում կրակը, դա շատ ավելի զորավոր էր: Այսօր մենք կարող ենք քարոզել, բղավել, բայց դա լինի մեր անձը: Մինչդեռ Աստված ուզում է յուրաքանչյուրիս կյանքում տեսնել զոհասեղանին բարձրացած զոհ, որ ուզում է այրվել երկնքից իջած կրակով:

Եղի՛ր արթուն և մի՛ լքիր Տիրոջ խորանը: Կլինեն շատ պատճառներ, բայց մնա Տիրոջ տան մեջ, և թող Աստծո կրակը միշտ լինի քո կյանքի ու քո ծառայությունների մեջ: Լինենք միշտ Տիրոջ զոհասեղանին: Ամեն:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.