Ե՞րբ դարձրեցիր երեսդ դեպի Նրան...
Որքա՜ն հիանալի է թվում, երբ մարդու կյանքում ամեն բան լավ է. չունի ո՛չ առողջական, ո՛չ ֆինասական և ո՛չ էլ ընտանեկան խնդիրներ: Ամեն բան լավ է, և կարծես մարդը ոչնչի և ոչ ոքի կարիք չունի, առավել ևս՝ Աստծո:
Նա վայելում է իր կյանքը, վատնում օրերը՝ չհիշելով իրեն արարող Տիրոջը, ով նրան տալիս է ամեն բացվող առավոտը, ով թեկուզ այն փաստի, որ մարդն իր մեջքն է դարձրել իրեն, միևնույն է սպասում է, սպասում է այն օրվան, երբ մարդը կզգա, թե որքան կարիքն ունի իրեն սիրող և ողորմող Աստծո...
Գիտե՞ք, Աստված երբեք մեր կամքին հակառակ չի ներխուժի մեր կյանք: Նա միշտ ընտրելու հնարավորությունը մեզ է թողնում, քանի որ նա մարդուն ստեղծել է ազատ կամքով: Սակայն ցավալին այն է, որ շատ մարդիկ, ում համար Աստված անգամ իր որդուն չխնայեց, իրենց երեսը դարձնում են դեպի Տերը, այն էլ՝ միայն դժվարության ժամանակ:
«...որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ և ոչ թէ երեսը, բայց իրանց ձախորդության ժամանակին՝ Վեր կաց և ազատիր մեզ»: Երեմիա 2.27
Այո՛, շատերը կան, ովքեր Աստծուն հիշում են միայն դժվարության ժամանակ: Եվ գիտե՞ք՝ ցավալին որն է, որ շատ խիստ զարմանում և վրդովվում են, թե ինչո՞ւ Աստված իրենց չլսեց, ինչո՞ւ չպատասխանեց:
Սիրելի՛ս, Աստված կախարդական փայտիկ չէ, որ երբ խնդիր ունենանք, միայն այդ ժամանակ հիշենք նրա անունը, ոչ էլ ձմեռ պապ, որ անընդհատ մեզ նվերներ ուղարկի՝ կատարելով մեր քմահաճույքները:
Նա Տեր է՝ Արարիչը երկնքի ու երկրի: Նա սիրում է քեզ և ցանկանում է, որ դու Իրեն ճանաչես որպես Հայր՝ սիրող Հայր, ով քո կողքին է ամեն ժամանակ: Նա ուզում է, որ քո սիրտը ցնծա իր առջև, երբ ամեն բան լավ է, և քո ծնկները խոնարհվեն, երբ նրա կարիքն ունես:
«...որ դուք գնաք՝ ինչպես այն Աստծուն կվայելի, որ ձեզ իր արքայության և փառքի մեջ կանչեց»: Ա Թես. 2.12
Քրիստինե Աթոյան