Երբեմն այսպիսի կարծիք է հնչում, որ եթե մարդն ունի Աստծուն իր կյանքում, ապա նրա կյանքում խնդիրներ կամ դժվարություններ չպետք է լինեն: Գիտե՞ս՝ քրիստոնյաների կյանքում նույնպես լինում են դժվարություններ ու խնդիրներ, միայն այն տարբերությամբ, որ այդ դժվարությունները նպատակ ունեն: Խոսքս այն մասին չէ, երբ մենք փորձվում ենք մեր չար ցանկություններից ելնելով, երբ մեր ցանկությունների պատճառով ընկնում ենք մեղքի, ապա դժվարությունների մեջ, ինչպես ասում է Հակոբոս առաքյալը.«Բայց ամեն  մեկը փորձվում է բուն իր ցանկությունիցը հրապուրված և խաբված: Եվ այնուհետև, որ ցանկությունը հղացած է՝ ծնվում է մեղքը...» (Հակոբոս 14.15):

Մեր Աստված, Ով կատարյալ Հայր է և լցված է անսահման սիրով Իր զավակների հանդեպ, մեզ խրատում է, փորձում է սովորեցնել, ավելի իմաստուն դարձնել, երբեմն ետ պահել մեզ սխալ ուղուց կամ ավելի հասունացնել ու հոգևոր աճ տալ: Տերն Ինքն ասում է. «Ես որոնց, որ սիրում եմ հանդիմանում եմ, և խրատում եմ...» (Հայտնություն 3.19):

Եթե մեր երկրային ծնողները խրատում, կրթում, դաստիարակում են մեզ, որովհետև մեզ սիրում են, որքան ավելի մեր երկնային Հայրը, Ով Ինքն անձամբ սեր է, կխրատի՝ մեզ հասուն և իրեն հաճելի զավակ դարձնելու համար:

Քո կյանքը պատահականություններով լցված չէ: Նայի՛ր քեզ որպես Տիրոջ զավակ ու միշտ հիշի՛ր, որ Նա հսկում է քո ամեն վայրկյանը, մի՛ նայիր քո դժվարություններին ու խնդիրներին որպես ծանր բեռ քեզ համար, որի տակ դու շուտով կխորտակվես, նայի՛ր դրանց, որպես մի դպրոց, մի շրջան, որից հետո դու բազում բաներ կսովորես քո կյանքի համար: Փորձի՛ր մի պահ ետ նայել, նայի՛ր հիմա քո կյանքին, հիշի՛ր քո դժվարությունները, արդյոք դրանցից հետո ինչ-որ բաներ չեն փոխվե՞լ քո կյանքում, արդյոք քեզ ավելի չեն մոտեցրե՞լ Աստծուն, ավելի իմաստություն չեն տվել, արդյոք չես դարձե՞լ ավելի ուժեղ:

Եթե սկսես այսպես մտածել, ուրեմն՝ անգամ դժվարությունների մեջ տխրելու կամ հուսահատվելու առիթ չես ունենա. չէ՞ որ դա մի ուսուցման շրջան է, դու ավելի շուտ կհաղթահարես դրանք, քան՝ նախկինում, որովհետև դու վստահ կլինես, որ քո կյանքն անգամ դժվարությունների մեջ ունի նպատակ և գտնվում է քո ամենակարող Հոր ձեռքերում...դու կսկսես ցնծալ, և Տիրոջ այս խոսքերը կենդանի կդառնան քեզ համար ամեն ժամանակ.«Ուրախ եղե՛ք Տերումն ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ուրախ եղե՛ք» (Փիլիպպեցիս 4.4):

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.