Դու գիտե՞ս գաղտնիքը
«Եվ սա է գաղտնիքը, որ Քրիստոսն ապրում է ձեր մեջ: Սա ձեզ տալիս է վստահություն, որ տարածեք Նրա փառքը»: Կողոսացիս 1.26-27:
Հովիվ, գրող և քրիստոնյա առաջնորդ Լլոսյդ Օգիվլին պատմում է, որ եղել է մի ժամանակ, երբ նա տքնաջան աշխատում էր Տիրոջ համար: Նա քարոզում էր, ուսուցանում, ծառայում, գրում և անում էր դա Հիսուսի անունով: Բայց այդ ընթացքում մի մեծ խնդիր կար:
Թեև նա ամենն անում էր Տիրոջ գործի համար, բայց կորցրել էր իր ուրախությունը, խաղաղությունը, հանգստությունը և զորությունը: Ծառայությունը դարձել էր զուտ պարտականություն: Եվ այդ ամենը ծանրացել էր նրա վրա, քանի դեռ նա ուշադրություն չէր դարձնում իր հոգևոր աճին: Նա բաց էր թողել գաղտնիքը: Նա ապրում և ծառայում էր առանց այդ գաղտնիքի:
Ո՞րն է գաղտնիքը:
Քրիստոնեական կյանքը քո մեջ չի ապրում, որ ծառայես Աստծուն քո սեփական ուժով՝ ըստ Կողոսացիների 1.27-ի, այլ քրիստոնեական կյանքը «Քրիստոսը քո մեջ, փառքի հույսն» է: «Նոր կենդանի թարգմանությամբ» Կողոսացիս1.26,27-ը բառացի այսպես է ասում. «Այս պատգամը գաղտնի է պահվել հավիտենական դարերից և սերունդներից, բայց հիմա այն հայտնվել է Աստծո ժողովրդին: Քանի որ Աստված ուզում էր, որ նրանք իմանան, որ Քրիստոսի ճոխությունը և փառքը նաև հեթանոսների համար է: Եվ սա է գաղտնիքը. Քրիստոսն ապրում է ձեր մեջ: Սա ձեզ տալիս է վստահություն, որ տարածեք Նրա փառքը»:
Հինկտակարանյան ժամանակահատվածում Աստված իր ժողովրդի համար տաճար ուներ: Բայց երբ Հիսուսը եկավ, մահացավ ու հարություն առավ, Աստված արդեն իր տաճարի համար տաճար ունեցավ: Մեծ, հավիտենական և ամենակարող Աստված հիմա ապրում է իր ժողովրդի մեջ: Եթե դու, իրոք, ճանաչում ես Հիսուսին որպես քո Փրկիչ և Տեր և Նրան ես հանձնել քո կյանքը, հենց քո սիրտն է հիմա սրբության սրբոցը:
Որո՞նք են գաղտնիքի հետևանքները
1. Դու ունես զորություն: Քո մեջ բնակվում է փառքերի Թագավորը: Նա, ով ապրում է քո մեջ, ուզում է ապրել քո միջոցով: Նա ուզում է լցնել քո կյանքն Իր խաղաղությամբ, ուրախությամբ, սիրով ու զորությամբ: Նա և նրա կարողությունն ամբողջովին հասանելի են քեզ, քանի որ հիմա Նա քո ներսում է:
2. Դու ունես վստահություն: Տերը խոստացել է, որ մեզ երբեք չի թողնի ու չի լքի (Եբրայեցիս 13.5): Երբ Հիսուսը մտնում է մեկի կյանք, Նա մնում է հավիտյան: Երբ դու մեղանչում ես, Նա չի հեռանում քո կյանքից և ասում, որ արդեն քեզ հետ գործ չունի: Աստվածաշունչն ասում է. «Նա, որ բարի գործը սկսեց ձեր մեջ, այն կհասցնի իր ավարտին մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպպեցիս 1.6): Սա մեծ վստահություն է, որ գիտես՝ դու նրանն ես հավիտյան, քանի որ Նա երբեք չի լքի իր արյամբ գնած զավակներին:
3. Դու կտարածես Նրա փառքը: Քրիստոնյաներն անկասկած կունենան դժվարություններ և հալածանքներ: Աշխարհը Հիսուսի հետ չէ: Աշխարհը դեմ է Հիսուսին և Նրան խաչին գամեց: Եթե դու, իրոք, հետևում ես Հիսուսին և կանգնում ես Նրա խոսքի մեջ, ապաաշխատավայրում, դպրոցում կամ հասարակության մեջ, դու կհանդիպես ծաղրի, հալածանքի, տառապանքի և գուցե նաև ֆիզիկական վնասվածքների: Բայց դա նորմալ է, որովհետև Պողոսն ասում է. «Որովհետև ես կարծում եմ, որ նորկա ժամանակի չարչարանքներն արժանի չեն գալիք փառքի հետ համեմատվելու, որ մեր մեջ պիտի հայտնվի» Հռոմեացիս 8.18:
Մեծ փառք է սպասվում նրանց, ովքեր հավատարիմ են Տիրոջն՝անկախ ծաղրից ու հալածանքից: Երկինքը անչափ ավելի հրաշալի է ու փառավոր, քան մենք երբևէ կարող ենք պատկերացնել (1 Կորնթացիս 2.9):
Ուրեմն՝ հաստատ կանգնի՛ր և հիշի՛ր գաղտնիքը՝ Քրիստոսը քո մեջ է, և դրա համար լիովին արժե, որ ապրես քո կյանքը՝ հանձնելով այն Հիսուս Թագավորին, որ կարողանաս զգալ Նրա սերը, ուրախությունն ու զորությունը այսօր և այն բոլոր օրերում, որ կապրես:
Աղբյուրը՝ crosswalk.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը