Հռոմ. 12.2-ն ասում է՝ Նորոգե՛ք ձեր միտքը...

Եթե ձեր կայացրած որոշումը իսկապես ընդունելի է և Աստծո կամքն է, ապա այն չի հակասի Աստվածաշնչում գրվածին, քանզի անհրաժեշտ չէ խախտել Աստծո կամքը՝ Նրա կամքը կատարելու համար:

Հռոմեացիների 12․2-րդ խոսքը մեզ ասում է, որ նորոգվենք մեր մտքի նորոգությամբ, որպեսզի իմանանք, թե որն է Աստծո կամքը: Հիմնականում մարդիկ ամեն օր չէ, որ մտածում են Աստծո կամքի մասին և միայն երբ հայտնվում են դժվարին կացության մեջ, նրանք կարիք են ունենում պատասխանի և սկսում են Աստվածաշնչին վերաբերվել այնպես, կարծես թե այն կախարդական է: Իհարկե վատ բան չկա, երբ դուք խորհուրդ եք փնտրում Աստվածաշնչում: Հիմա ինչ եմ ցանկանում ձեզ ասել․ երբ դուք շարունակաբար նորոգում եք ձեր միտքը Աստծո Խոսքով, եթե դուք կարդում եք Խոսքը ամենայն խորությամբ՝ սկսած Ծննդոցից մինչև Հայտնություն, ապա ի՞նչ է պատահում:

Այսպիսի մտքի նորոգությամբ դու զարգացնում ես քո միտքը Քրիստոսում, դու զարգացնում ես Աստծո միտքը քո մեջ:

Դու սկսում ես հասկանալ ավելի ու ավելի, ընդհանուր և հիմնովին և հետո ավելի ու ավելի կոնկրետ, թե ով է Աստված, ինչ է Նա ցանկանում։ Այսպիսով՝ եթե դու մի անձնավորություն ես, որը շարունակաբար նորոգում է իր միտքը Աստծո Խոսքով, ապա դու սկսում ես հասկանալ Աստծո կամքը տարբեր ասպարեզներում, որը այդ պահին աղոտ էր քեզ համար:

Ես մի օրինակ կբերեմ: Երբ ես առաջին անգամ դասավանդում էի աստվածաշնչյան դպրոցում, մի երիտասարդ կանգնեց և հարց ուղղեց ինձ.

–Ես մի հարց ունեմ, եղբա՛յր Պոլ, ես շփոթված եմ, քանզի չգիտեմ, թե որն է Աստծո կամքը:

Ես ասացի.

–Լա՛վ, ասա՛ ինձ, ի՞նչ է պատահել:

Նա շարունակեց.

–Եկեղեցին կանչում է ինձ հովվական ծառայության։

–Իսկապե՞ս, հրաշալի է, դե ինձ ասա՝ որքան ժամանակ է, որ քրիստոնյա ես:

–Օ՛, մոտ տասնչորս ամիս:

–Եվ ի՞նչ են քեզ ասել այդ պրոֆեսորները, որոնց մասին դու խոսում ես:

–Նրանք ասացին, որ ես կարող եմ վերցնել եկեղեցին:

Եվ  ես ասացի, որ գնա այդ դասախոսներից յուրաքանչյուրի մոտ, տա իմ անունը, իմ հեռախոսահամարը և ասի նրանց, որ նրանք պետք է լքեն դպրոցը, դադարեն խորհուրդներ տալ մարդկանց, նախքան կկարդան ամբողջ Աստվածաշունչը: Նա ասաց.

–Ինչպե՞ս կարող ես այդպիսի բան ասել, ինչպե՞ս կարող ես ասել, որ այդ եկեղեցում իմ հովիվ դառնալը Աստծո կամքը չէ:

Ես պատասխանեցի.

–Ա Տիմ. 3.6-րդ խոսքը ասում է, որ նորահավատ չլինի: Դու նորահավատ ես։ Արի նայենք մյուս բնութագրող հատկություններին, թե որոնք դու ունես, դու ունես միայն մեկը․ դու ձգտում ես լինել կառավարիչ: Դա լավ է, բայց քեզ պակասում են մյուս բոլոր որակավորումները: Այսպիսով՝ Աստծո խոսքի հեղինակությամբ ես ձեզ կարող եմ ասել, որ այս պահին Դուք չեք կարող լինել հովիվ, և այն մարդիկ, որոնք ասել են ձեզ այդ, սխալ են:

Տեսնու՞մ եք՝ ինձ հարկավոր չէր երկնքից իջնող ինչ-որ բան, ես արդեն ունեմ երկնքից իջած Խոսք՝ Աստվածաշունչը:

Որքան ավելի շատ նորոգեք ձեր միտքը Աստծո Խոսքով, այնքան ավելի պարզ կհասկանաք Աստծո կամքը:

Հիմա ուզում եմ, որ Աստծո կամքի մեջ տեսնենք մեկ այլ բան․ Խոսքը ասում է, որ Աստծո կամքը բարի է, ընդունելի և կատարյալ: Լա՛վ, ի՞նչ է  «բարին»: Այն մի բան է, որը բուժիչ է, արգասաբեր է, մի բան է, որ օգուտ ունի, սերմանում է առողջություն, ուժ և կենսունակություն: Այսպիսով՝ եթե դու տարակուսում ես, թե արդյո՞ք դա Աստծո կամքն է, հա՛րց ուղղիր ինքդ քեզ․ արդյո՞ք սա բարի է, կնպաստի՞ այն իմ հոգևոր առողջությանը, կնպաստի՞ իմ հոգևոր կենսունակությանը, կդարձնի՞ ինձ ավելի նման Քրիստոսին, կդարձնի՞ ինձ ավելի զորավոր: Եթե՝ ո՛չ, ապա դու կարիք չունես այդ անելու: Հաջորդ բանը՝ Աստծո կամքը ընդունելի է: Դուք հաստատ գիտեք, որ մենք չպետք է նայենք այն ընդունելի՞ է մեր մշակույթին, թե՝ ո՛չ, քանզի մեր մշակույթի մեջ ընդունելի է նաև երեխաների սպանությունը՝ աբորտը, համենայն դեպս ես այդպես եմ կարծում: Ձեր հարցը պետք է լինի հետևյալը, ընդունելի՞ է դա Աստծո համար: Քանզի եթե այն ընդունելի չէ Աստծո համար, դու կարիք չունես այդ անելու:

Եվ վերջում՝ այն կատարյալ է: Հիմա դուք կասեք՝ բայց այս աշխարհում կատարյալ բան չկա: Գաղափարը սա է՝ ամբողջական:

Նրա կամքը կատարյալ է:

Մի օրինակ կբերեմ․ մի անգամ ես առիթ ունեցա մի քանի ծառայողների ցույց տալ այս, որոնք կարծում էին, որ պետք է ծառայեն՝ զոհաբերելով կնոջը և երեխաներին, քանզի դա է Աստծո ծառայի նշանը։ Անտեսել կնոջը և երեխաներին, միշտ դուրսը լինել՝ կատարելու ավետարանչի և հովվապետի գործը: Ես նրանց ցույց տվեցի Աստծո Խոսքը, Աստված իրոք շարժեց և կոտրեց նրանց սրտերը, բայց ամենից շատ նրանց սրտերին մի բան կպավ՝ Աստծո կամքը կատարյալ է: Ես ասացի, որ Աստծո կամքն է, որ մենք ծառայենք և մենք դա տեսանք Ա և Բ Տիմոթեոսի, Տիտոսի թղթերում: Ավելին՝  Եփեսացիների, Կողոսացիների գրքերում և Բ Օրինաց 6-րդ գլխում մենք տեսանք, որ պետք է հոգ տանել կնոջ և երեխաների մասին, սովորեցնել նրանց Աստծո Խոսքը և լինել նրանց կողքին: Հիմա Հռոմեացիների      12․2-րդ Խոսքը մեզ ասում է, որ Աստծո կամքը կատարյալ է: Դա նշանակում է, որ եթե ես սա անելու համար ստիպված եմ չհնազանդվել Աստծո կամքին, ուրեմն դա Աստծո կամքը չէ: Ուրեմն եթե դու ասում ես, որ ծառայության համար ժամանակ չունես կնոջդ կամ երեխաներիդ համար, ստացվում է, որ դու մեղադրում ես Աստծուն՝ ոչ կատարյալ կամք ունենալու մեջ: Հակասական է, այդպես չէ՞:

Մի այդպիսի օրինակ ևս․ դա նման է, երբ մի երիտասարդ տղա տեսնում է մի աղջկա, որը քրիստոնյա չէ, կամ մի երիտասարդ աղջիկ տեսնում է մի տղայի, որը քրիստոնյա չէ, և շատ է հետաքրքրվում նրանով:  Եվ ի՞նչ է նա ասում: Աստծո կամքն է, որ ես ավետարանեմ նրան: Այո՛, Աստծո կամքն է, որ դու ավետարանես նրան։ Հետևաբար՝ ես կժամադրեմ նրան: Ո՛չ, Աստծո կամքը չէ, որ դու ժամադրես նրան: Այսպիսով՝ դու ցանկանում ես կատարել Աստծո կամքը՝ խախտելով Աստծո կամքը։ Եթե դա Աստծո կամքն է, ապա դա չի լինի հակասական:

«Եվ մի՛ կերպավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե որն է Աստծո կամքը՝ բարին, ընդունելին և կատարյալը» (Հռոմ. 122) ։

Հեղինակ՝ Պոլ Վոշեր
Աղբյուրը՝ illbehonest.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.