Չարին հաղթելու Աստվածաշնչյան մեթոդաբանությունը՝ ըստ Հռոմեացիս 12-ի
Հիսուսը գիտեր, թե որտեղից էր եկել և ուր էր գնում: Դա օգնում էր Նրան պատրաստակամությամբ խոնարհվելու, ծառայելու և անգամ Իր կյանքը դնելու մարդկանց համար: Նա հիասքանչ ձևով գիտեր, որ շուտով նստելու է Հոր աջ կողմը երկնքում: Հովհաննեսը, Վերջին ընթրիքը նկարագրելիս, բացատրում է դա՝ վստահեցնելով մեզ, որ չնայած Հիսուսը սաստիկ ձևով տրտմած էր, միևնույնն է, գիտեր այն փառքի մասին, որ սպասվում էր Իրեն:
Արդյոք մե՞նք էլ կարող ենք նույնը ասել:
Մենք չենք կարող պարտվել
Աստծո հետ մեզ համար երաշխավորված ապագայի մասին ճշմարտությունը պետք է օգնի մեզ կատարելապես անվախ լինել, անգամ եթե խոսքը մեր թշնամիներին սիրելու մասին է, սիրելու՝ մեր հաշվին:
Որոշ կրոններ մարդկանց պարտադրում են սպանել՝ հանուն իրենց հավատքի: Բայց մեզ առաջնորդողը Մեսիան է՝ մեր Փրկիչը, Ով ապրեց առանց մեղքի, ոչ մի հոգու չվիրավորեց և անգամ պատրաստ էր մահանալ Իր թշնամիների համար: Արդյոք մենք էլ, հետևելով Հիսուսին, կարո՞ղ ենք գնալ Նրա անձնազոհ սիրո հետքերով:
Ջիմ Էլիոթը խիզախ ու հստակ է խոսում այս մասին.
«Հիմար չէ նա, ով տալիս է այն, ինչ ի զորու չէ պահել, որպեսզի ձեռք բերի այն, ինչ չի կարող կորցնել»:
Մենք՝ ճշմարտապես Աստծուն հետևողներս, մեկ օր կժառանգենք փառահեղ հավիտենությունը մեր սիրող Հոր հետ: Մեր թշնամիները, սակայն, կորստյան են գնում, և մենք պատվեր ունենք՝ սիրելու և աղոթելու նրանց համար:
Մենք չպետք է թերագնահատենք աղոթքի զորությունը: Աստծո գահի առջև գալը բխում է Աստծո կամքից, և Աստված զորավոր է՝ գործելու և փրկելու այնպես, ինչպես մենք պատկերացնել անգամ չենք կարող: Մենք պատկերացնել անգամ չենք կարող, թե ինչ Աստված կանի՝ ի պատասխան մեր աղոթքների:
Ահա թե ինչ են ասում Հռոմեացիս 12.9-21 խոսքերը: Հիշեք՝ այս խրատները տրվել են աշակերտների առաջին սերնդին, ում մշտապես հալածում էին, ովքեր զրկված էին ազատությունից և սպանվում էին իրենց հավատքի համար:
Անցեք այս ցուցակով և ստուգեք ձեզ՝ թե ինչպես են ձեր գործերը:
Ինչպես հաղթել չարին՝ ըստ Հռոմեացիս 12 գլխի.
- Թող ձեր սերը անկեղծ լինի:
- Ատեք չարը:
- Բարուն հետևեք:
- Եղբայրասիրության մեջ իրար վրա գթած եղեք:
- Պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք:
- Թող ձեր խանդավառությունը և ջանքը չթուլանա, հոգով ջերմեռանդ եղեք՝ Աստծուն ձեր ծառայության մեջ:
- Հույսով ուրախացեք:
- Նեղության մեջ համբերատար եղեք:
- Աղոթքի մեջ հարատևեցեք:
- Սրբերի պիտույքներին հաղորդ եղեք, հյուրասիրության հետևեցեք:
- Օրհնեք ձեզ հալածողներին, օրհնեցեք և մի անիծեք:
- Ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լացեք:
- Ապրեք միմյանց հետ համաձայնության մեջ:
- Բարձր բաները մի խորհեք, այլ խոնարհների հետ խոնարհվեցեք:
- Ձեր անձերումը իմաստուն մի լինեք:
- Չարի տեղ չար մի հատուցանեք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք:
- Եթե կարելի է՝ որքան ձեզնից է կախված՝ ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք:
- Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի արեք, սիրելիներ, այլ բարկության տեղի տվեք, որովհետև գրված է. «Վրեժխնդրությունն իմն է. ես հատուցումը կտամ»,- ասում է Տերը:
- Մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին:
Աղբյուր՝ oneforisrael.org