Աղոթք

«Ես չեմ խնդրում Քեզ առողջություն, հիվանդություն, կյանք կամ մահ, բայց ես խնդրում եմ՝ տնօրինիր իմ առողջությունը, իմ հիվանդությունները, իմ կյանքը և մահը քո փառքի համար… Միայն դու գիտես, թե ինչն է ինձ համար նպատակային, Դու ես Տերն ու Արարիչը: Վարվիր ինձ հետ քո կամքի համաձայն: Տո՛ւր ինձ, վերցրու՛ ինձանից,  միայն թե ձևավորիր իմ կամքը Քո կամքի համեմատ: Ես հաստատ գիտեմ, Տե՛ր, Քեզ հետևելը լավ է, քեզ ցավեցնելը՝ վատ: Եվ դրանից այն կողմ ես չեմ տարբերում, թե որն է բարին և որը՝ չարը:

Ես չգիտեմ, թե ինչն է ինձ համար ամենալավը՝ առողջությունը, թե հիվանդությունը, հարստությունը, թե աղքատությունը, ես ոչինչ չգիտեմ այս աշխարհի մասին: Այս գիտությունը դուրս է մարդկանց և հրեշտակների հասկացողության սահմաններից։ Այն թաքնված է Քո նախախնամության գաղտնարաններում, որին ես խորապես երկրպագում եմ, բայց որը՝ չեմ էլ փորձում հասկանալ»:

Կյանքը

Մենք բոլորս գիտենք Պասկալին՝ որպես գիտության ներկայացուցիչ: Ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի կյանքի գլխավոր նպատակն էր քրիստոնեական հավատքի պաշտպանությունը: Նա վստահ համոզմունքներով հավատացյալ էր, և նրա կյանքի երազանքն էր գրել մի գիրք, որը կպարունակի աթեիզմի ամբողջական գիտական ​​քննադատությունը: Պասկալը, որպես լուրջ մարդ և գիտնական, լավ հասկանում էր իր անելիքների հետևանքները: Սակայն իր մահվան պատճառով նա չհասցրեց իրագործել իր գերնպատակը, բայց մնացին նրա գրառումները, որոնք հետագայում տպագրվեցին «Մտքեր կրոնի մասին» խորագրով աշխատության մեջ: «Փարի»-ի հայտնի հատվածներից մեկում Պասկալը ապացուցում է Աստծո հանդեպ հավատքի անհրաժեշտությունը՝ օգտագործելով հավանականության տեսությունը: Իր առաջարկած տրամաբանության պարզաբանումն այսպիսին է. «Հավատացյալ մարդը, զոհաբերելով իր երկրային օրհնությունների որոշ մասը, հույս ունի հավերժություն ձեռք բերել, այսինքն՝ ողջ գումարի վրա գրազ գալով՝ նա ձեռք է բերում անսահման շահույթի հնարավորություն: Աթեիստը, թեկուզև ինքն իրեն է պահում այն ամենը, ինչը զոհաբերում է հավատացյալը, սակայն հավիտենություն շահելու անգամ զրոյական հնարավորություն չունի: Խաղի տեսության տեսանկյունից աթեիստական ​​մարտավարությունն ուղղակի անիմաստ է:

Իմաստուն մեջբերումներ

«Մենք Աստծուն այնքան պարտական ​​ենք, որ հավերժությունն անգամ չի բավարարի՝ վճարելու մեր պարտքերը: Փոխարենը մենք կարող ենք շնորհակալ գտնվել»:

«Եթե Աստված չկա, բայց ես հավատում եմ Նրան, ես ոչինչ չեմ կորցնում: Բայց եթե Աստված կա ու ես չեմ հավատում Նրան, ես կորցնում եմ ամեն ինչ»:

«Կշռեք շահույթը և կորուստը՝ գրազ գալով՝ կա արդյոք Աստված: Դիտարկենք երկու դեպք. եթե հաղթում եք, դուք ամեն ինչ շահում եք, եթե՝ պարտվում, ոչինչ չեք կորցնում: Հետևաբար, մի հապաղեք գրազ գալ այն բանի վրա, որ Նա կա»:

«Միայն Աստված կարող է լցնել մարդու սրտի դատարկությունը: Մարդու կողմից ստեղծված որևէ բան չի կարող լցնել այդ դատարկությունը: Միայն Աստված, ում մենք ճանաչեցինք Հիսուս Քրիստոսի միջոցով, կարողացավ լրացնել այդ դատարկությունը»։

«Բնությունը մարմնավորում է կատարելությունը՝ ցույց տալու համար, որ նա Աստծո արտացոլումն է: Բայց նա թերություններ էլ ունի, որպեսզի  ցույց տա, որ նա միայն Նրա արտացոլանքն է»:

«Ես բոլոր մարդկանց բաժանում եմ երեք խմբի. նրանք, ովքեր հանդիպել են Աստծուն և ծառայում են Նրան, ովքեր՝ չեն հանդիպել, բայց փնտրում են, և ովքեր՝ չեն հանդիպել և չեն ցանկանում փնտրել: Վերջիններս ամենադժբախտներն են»:

«Եթե ուզում եք, որ ձեր մասին լավը խոսեն, ձեր մասին լավը մի ասեք: Ցանկանում եք, որ մարդիկ հավատան ձեր առաքինություններին: Մի պարծեցեք դրանցով»:

«Մարդուն տրված ամենամեծ արտոնությունը վերից՝ դա ինչ-որ մեկի կյանքում լավ փոփոխությունների պատճառ լինելն է»:

«Որքան ավելի խելացի ու բարի է մարդը, այնքան ավելի լավ է նկատում մարդկանց մեջ դրականը: Ապրեք բարություն գործելով՝ ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար»:

«Լավ գործերի լավությունը՝ դրանք ծածուկ պահելու կարողությունն է»:

«Մարդիկ հակված են հավատալ ոչ թե նրան, ինչը կարելի է ապացուցել, այլ՝ նրան, ինչն իրենց ճաշակով է»:

«Եթե Աստված ժամանակ առ ժամանակ «մեզ չդներ իր ուսերին», մենք ժամանակ չէինք ունենա նայել երկնքին»:

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Աղբյուրը՝ bible-facts.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.