- Քանի՞ տուն ունես։

- Ինչքա՞ն գումար ունես բանկում։ Իսկ ինչքա՞ն պարտք։

- Քանի՞ հիվանդություն ունես։

- Շա՞տ է ցավում։

Գուցե սպասում էիր ուրի՞շ հարցի, որը քո սրտի հետ կխոսեր։ Դու այս կյանքում ձեռք ես բերել ինչ-որ բաժին՝ լավ կամ վատ։ Հնարավոր է, որ դու բոլորովին այլ երազանքներ ունեիր։ Երբևէ մտածե՞լ ես, որ քեզ բաժին ընկած դժվարությունները խիստ շատ են, իսկ օրհնությունները՝ քիչ։ Գուցե կարծում ես, որ քո բաժինն ուրի՞շն է վերցրել, ու կյանքը շատ անարդար է, մարդիկ անհավասար վաստակում են, անհավասար տառապում, անհավասար ուրախանում, հուսահատվում, նախանձում, հոգնում․․․

Երբ որ Աբրահամը իր եղբայր Ղովտին ազատելու համար կռվեց թշնամիների դեմ ու հաղթեց, նա նաև թշնամիների հափշտակած ամբողջ ավարը հետ բերեց (տե՛ս Ծննդ․ 14․14-16)։ Սովորաբար պատերազմի ժամանակ ձեռք բերած ավարը պատկանում էր հաղթողին, բայց ի՞նչ արեց Աբրահամը։ Նա վերադարձրեց ավարը նրանց, ումից թշնամին հափշտակել էր, որովհետև Աբրահամը գիտեր, որ երկնքի ու երկրի տերը Բարձրյալ Աստվածն է, ու ինքը նրան էր ապավինել (տե՛ս Ծննդ․ 14․22-23)։ Ի՞նչ ստացավ Աբրահամը իր հաղթանակի դիմաց։ Նա իսկապես ստացավ լավագույն վարձատրությունը․ «Այս ամենից հետո տեսիլքով Տիրոջ խոսքն Աբրամին եկավ՝ ասելով․ «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, Ես քո վահանն եմ և քո մեծագույն վարձատրությունը»(Ծննդ․ 15․1)։

Նոր Կտակարանում կա մի հետաքրքիր պատմություն երկու քույրերի՝ Մարիամի և Մարթայի մասին։ Երբ առաջին անգամ լսեցի այս պատմությունը, մտածեցի, որ ես նման եմ Մարթային, իսկ փոքր քույրս՝ Մարիամին, չնայած իմ մեջ փափագ կար, որ ես էլ Մարիամին նմանվեմ։ Տարիներ հետո, երբ ես և քույրս խոսում էինք այս պատմության մասին, հանկարծ իրար խոստովանեցինք մեր մտքերը, և պարզվեց, որ քույրս էլ ինձ էր նմանեցնում Մարիամին, իսկ իրեն՝ Մարթային, թեև ինքն էլ էր ուզում  նմանվել Մարիամին։

Ո՞վ էր Մարիամը։ Պարզապես մի կին, որը շատ ու քիչ, լավ ու վատ, արդար ու անարդար բաժինների միջից վերցրեց ամենալավը՝ բարի բաժինը։ Մի անգամ, երբ Հիսուսը հյուընկալվել էր Մարթայի տանը, Մարիամը գալիս նստում է Հիսուսի ոտքերի մոտ ու լսում  նրա խոսքերը։ Իսկ Մարթան, որ խիստ զբաղված էր ծառայությամբ,  նեղսրտում է, որ քույրն իրեն չի օգնում։ Հիսուսը նրան պատասխանում է․ «Մարթա՛, Մարթա՛, դու շատ բաների  մասին ես հոգ տանում ու տագնապում, բայց մեկ բան է պետք․ Մարիամը այն բարի բաժինն ընտրեց, որը չպիտի վերցվի նրանից» (Ղուկ․ 10․41-42)։

Ո՞րն է այսօր քո մեծագույն վարձատրությունը։ Գուցե դու էլ ես ինձ նման իզուր տագնապում դատարկ հոգսերի համար։ Արի Աբրահամի նման, որպես մեծագույն վարձատրություն, Աստծուն ունենանք և  Մարիամի նման բարի բաժինն ընտրենք։

Հեղինակ՝ Աշխեն Պետրոսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.