Բանտը՝ որպես առաջնորդող ճանապարհ դեպի գահը
Կանչելուս պահին ինձ լսիր, ո՛վ իմ արդարության Աստված: Նեղությանս մեջ ինձ ընդարձակեցիր. ողորմի՛ր ինձ ու լսի՛ր իմ աղոթքը: Սաղմոս 4.1
Սա մարդկային էակի կողմից տրված ամենամեծ վկայությունն է աստվածային կառավարման մասին: Եվ սա իր տառապանքներից ազատվող մարդու երախտագիտական զգացմունքների արտահայտությունը չէ, քանի որ սաղմոսերգուն շնորհակալություն է հայտնում Տիրոջը, որ տառապանքների մեջ եւ նրանց միջոցով իրեն թե՛ ազատել, եւ թե՛ ընդարձակել է: Նա որոշապես հայտարարում է, որ կյանքում մեր վշտերը մեր զորանալու եւ ավելի օրհնություն ստանալու աղբյուրներն ու պատճառներն են:
Ես եւ դու հազարավոր անգամներ փորձելով չե՞նք հաստատել, թե սա իրոք մեծ ճշմարտություն է: Հովսեփի համար գրված է, թե «Աղեղնավորները նետաձիգ եղան նրան» Ծննդ. 49.23:
Երկաթե նետը մխրճեցին մինչեւ նրա հոգու խորքը: Նա իր կյանքում միայն արեւոտ օրեր էր վայելած եւ ուրախացել էր իր պատանեկության երազներով: Երազը օրօրում է մարդու սիրտը, եւ երազների քայքայումը տրտմեցնում է մարդուն, սակայն դա պատրաստում է նրան կյանքի իրական տառապանքներին: Ոսկին միայն երազ է, երկաթը՝ փորձառություն: Այն շղթան, որ ինձ միացնում է մարդկությանը, պետք է երկաթից շինված լինի: Վի՛շտն է, որ ինձ նրան է մոտեցնում եւ ոչ թե ուրախությունը: Ոսկին մասնակի է, երկաթը՝ համաշխարհային:
Ո՛վ իմ հոգի, եթե ուզում ես տիրանալ համամարդկային կարեկցությանը, պետք է մարդկային նեղ եւ դառ պարագաներով անցնես: Հովսեփի բանտը դարձավ առաջնորդող ճանապարհ դեպի նրա գահը:
Մի՛ ասա, թե քո բանտի դռները արգելափակում են քեզ, այդ արգելքները մարդկության ցավերի մեջ մտնելու քո ճանապարհներն են: Բանտիդ դուռը կբացվի դեպի տիեզերական վշտերի սիրտը: Աստված քեզ ընդարձակում է ցավերի եւ վշտերի շղթաներով: Եթե Հովսեփը Եգիպտոսի բանտարկյալը չլիներ, նա երբեք այդ երկրի կառավարիչը պիտի չլիներ: Նրա ոտքերի երկաթե շղթաները ապահովեցին իր վզից կախված ոսկե շղթաները: Ջ. Մեթիսըն
«Վտակներ անապատի մեջ» գրքից